ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ԳՈՒՆԱԳԵՂ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Լուսինե ՇԱԴՅԱՆ
Ժամանակի շնչով և արդի չափանիշներին համահունչ մանկապարտեզ ունենալու հնարավորություն ունեն ոչ միայն մայրաքաղաքի, այլև հանրապետության շրջանների երեխաները: Պետական հիմունքներով գործող նախադպրոցական հիմնարկներից մեկն էլ Հադրութի շրջանի Ազոխ գյուղի մանկապարտեզն է: Խորհրդային տարիներին գյուղում գործում էր երկու խմբից բաղկացած մսուր-մանկապարտեզ:
Արցախյան պատերազմի պատճառով 1992-ին այն դադարեցրեց իր գործունեությունը: Մանկապարտեզը վերաբացվեց 2007-ին: Տնօրեն Մարինա Ասրյանի վկայությամբ` նախադպրոցական կրթօջախում ի սկզբանե գործում էր երկու խումբ: Սակայն, երեխաների քիչ թվով պայմանավորված, 2012 թվականին խմբերից մեկը կրճատվեց: Ներկայում գործում է խառը խումբ՝ 21 երեխայի ընդգրկմամբ: Կրթադաստիարակչական աշխատանքներն իրականացվում են համալիր ծրագրով՝ շեշտը դնելով երեխաների տարիքային առանձնահատկությունների վրա: Այն հարցին, թե ինչ դեր է կատարում մանկապարտեզը երեխայի կյանքում, տնօրենը պատասխանեց. ՙՄանկապարտեզում է երեխան ձեռք բերում հմտություններ, այստեղ է երեխան ինքնադրսևորվում, զարգանում որպես անհատ:Պարտավոր ենք ջանք ու եռանդ չխնայել նրանց ինքնուրույնության ձևավորման առաջին քայլերի ուղղորդման գործում՚: Տաք, հարմարավետ ու գունեղ կահավորված մանկապարտեզում երեխաներն ունենում են հետաքրքիր ու հագեցած առօրյա՝ նկարչություն, ապլիկացիա, խոսքի ուսուցում: Կազմակերպվում են ավանդական հանդեսներ, տարաբնույթ միջոցառումներ: Դաստիարակ տիկին Լիդան, ով արդեն 15 տարի է աշխատում է երեխաների հետ, ասում է, որ յուրաքանչյուր երեխայի հանդեպ պետք է ցուցաբերել անհատական մոտեցում: Ըստ նրա՝ չկա միատարր մեթոդ կամ մոտեցում, որ կիրառվի բոլոր երեխաների դեպքում: Խոստովանում է, որ դժվար է աշխատանքը, պատասխանատու, բայց և անկեղծանում, որ չի պատկերացնում իրեն մանկապարտեզից դուրս: Իսկ մանկապարտեզի խոհարարը՝ Ալինան, հոգին է ներդնում աշխատանքում. ՙԱռանց սիրո հնարավոր չէ համով, ախորժալի կերակուր պատրաստել,- ասում է նա և ավելացնում, որ երեխաներն առավել շատ նախընտրում են թարմ ու տաք ապուրները՚: Երեխաների հետ չհասցրինք ծանոթանալ, որովհետև նրանց մոտ քնի ժամ էր, բայց ծանոթացանք մակապարտեզի պատերը զարդարող նրանց ձեռքի աշխատանքներին… Ամեն մեկը մի հրաշք, ինքնատիպ մի մոլորակ...Հնոցապանը՝ Գենադի Մարտիրոսյանը, ում առօրյան անցնում է փոքրիկների շրջապատում, և ով դարձել է մանկապարտեզի բոլոր մանչուկների ՙպապիկը՚, ասում է, որ Աստծուց միայն երկրի համար խաղաղություն է խնդրում, որպեսզի հրաշք փոքրիկները մեծանան խաղաղ ու կապույտ երկնքի տակ: Պատմական Դիզակի հրաշագեղ անկյունում գտնվող գյուղի նորակառույցները թվում է մաքրել են գյուղը պատերազմի հետքերից, սակայն մարդկանց ապրումներն ու հուշերը դեռ չեն մարել: Իսկ տեղացի բարեգործների ու դրսի բարերարների կողքին ապրում են արժանապատիվ մարդիկ, որոնց համար բարերար լինելը ոչ թե կոչում է, այլ կենսակերպ: Տնօրենն ակնածանքով է խոսում հատկապես Արմեն Պետրոսյանի, Ռոմա Բաղդասարյանի մասին, մարդիկ, ովքեր բարին գործում են բացառիկ համեստությամբ, առանց բարձրահունչ կոչերի: Հոգատար վերաբերմունք, ջերմ ու տաքուկ մթնոլորտ...Այս ամենին մենք ականատես եղանք գյուղի մանկապարտեզում: Ճիշտ է, մանկապարտեզի շենքը երկհարկանի չէ, բայց Ազոխի երեխաների համար այն մի ողջ աշխարհ է, ընկերներին հանդիպելու, խաղալու ու կրթվելու գունագեղ մի աշխարհ: