ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Դիանա ՎԱՆՅԱՆ
Բավականին երկար ժամանակ մտածում էի՝ անդրադառնա՞մ նման թեմայի, թե ոչ։ Ուղղակի զգուշանում էի ավելորդ քննադատող անձնավորության տպավորություն թողնելուց։ Ի վերջո, որոշեցի գրել, քննարկել…այդպես են հարցերն իրենց լուծումները գտնում…
Մարդու պատասխանատու լինելը ոչ միայն բնավորության ու դաստիարակության հարց է։ Շրջապատը ևս իր հետքն է թողնում հոգեբանության վրա։ Մարդը պատասխանատու կարող է կոչվել ոչ միայն իր տան կամ կոնկրետ իր անձնական իրերը գնահատելով ու պահպանելով, այլև հարգելով պետական գույքը, խնայելով ու գնահատելով ուրիշի աշխատանքը։ Միտքս կպարզաբանեմ հիմնովին:
Երեխաների և անչափահասների վարքագիծը հասարակական վայրերում` ընդհանրապես, տրանսպորտում` մասնավորապես…
Կանգառում սպասում եմ երթուղայինի իմ համարին։ Մոտենում են 11-12 տարեկան տղաներ: Նրանցից մեկը տրանսպորտ չէր նստելու, այլ ճանապարհելու էր ընկերներին։ Դպրոցական պայուսակները մեջքներին, սկզբում լուռ նստում են նստարանին։ Հավանաբար, դժվար էր հանգիստ նստելը, նախ սկսում են իրար հրմշտել, հետո բարձր ծիծաղել ու գոռալ իրար վրա. առաջին հրմշտողը պիտի իր ՙպատիժը՚ ստանար։ Դե, երեխաներ են, ուստի ներողամտորեն ժպտում եմ այդ ոչ այդքան հաճելի տեսարանի վրա, ոչ միայն ես, այլև բոլոր ներկաները։ Հետո նրանցից մեկը մոտեցավ կանգառում դրված սուրճի ավտոմատին, սկսեց բզբզել անիմաստ։ Ասում եմ` անիմաստ, որովհետև դրամ չէր գցել, որ սուրճ ստանար։ Ուղղակի տղան ձանձրանում էր և հեչ պետքը չէր, որ վնասում է գույքը։ Սկզբում աշխատում էի չնկատելուն տալ, մտածելով` երկար չի տևի, կգա կնստի տեղը։ Բայց` ոչ, եռանդով ու մեծ հավեսով բոլոր կոճակներն էր հերթով սեղմում, մեկ¬մեկ էլ` ոտքով հարվածում։ Հանգիստ, զգաստացնող, բայց ոչ կոպիտ տոնով նրան փոքր¬ինչ կարգի հրավիրեցի. տանն է՞լ է այդպես վարվում։ Խոժոռ դեմքով ասաց` տանը երբեք որևէ ապրանք չի փչացրել։ Հարցրեցի` իսկ ինչո՞ւ ես հանրայինը փչացնում, ձերը չէ` դրա համա՞ր։ Թվաց՝ մտածում է ոչ թե իր արարքի մասին, այլ հարմար պատասխան է փնտրում։ Ինչ եք անհանգստանում, ասաց, կբերեմ, նորը կդնեմ, հո մի մեծ բան չի՞։ Հետաքրքրվեցի, թե ում հաշվին էր վնասը փոխհատուցելու. մայրիկի՞, հայրիկի՞, թե՞ իր աշխատավարձի։ Ապրանքն ավելի թանկ է, քան նրանց ընտանիքի մի տարվա բյուջեն, ինչպե՞ս պիտի նորը դնի… Ինչ որ է, հարցը փակվեց նրանով, որ տղան, բան չգտնելով պատասխանել, լռեց քիչ, հետո ընկերներին ճանապարհելով, գնաց։
Նման դեպքերը շատ¬շատ են։ Մի քանի տարի է, ինչ գործում են նոր, որակյալ, գեղեցիկ երթուղայիններ, սակայն, նստարանները շատ արագ սկսեցին պատռոտվել, հետևի մասում գրոտած, ծակած¬խեղած տեսքը տխրեցնում ու վրդովեցնում է։ Համոզված եմ, դրանք միայն երեխաների թողած ՙհիշատակները՚ չեն…
Միայն գույքը փչացնելով չի սահմանափակվում հասարակության որոշ անդամների անտարբեր ու վնասակար վարքագիծը։ Մեծ մասամբ` երեխաները, հաճախ նաև մեծերն էլ, հեռախոսով անհարկի բարձր խոսելով, հարցեր քննարկելով, որոնք, ի դեպ, ուղևորներին հետաքրքիր չեն, բարձր ծիծաղելով, իրար հրմշտելով ներս են խուժում տրանսպորտ։ Դա դեռ քիչ է, վարորդի զգուշացումներն էլ, որ գլուխները լուսամուտներից չհանեն, բանի տեղ չեն դնում։ Կանգնում են այնտեղ, որտեղ վտանգավոր է, մեքենան կանգնեցնելիս կարող են ընկնել, և ընկնում էլ են, իսկ պատասխանատուն ու մեղավորը, ինչպես միշտ, վարորդն է։ Նա քանի՞ կես դառնա՝ երթուղուն նայի, հետևի հետիոտնին, ուղեվարձը գանձի, երեխաներին հետևի, հիշի, թե ով և ում փոխարեն է մուծել… Չի՞ թվում, որ գերլարումը չափազանց է։ Ի դեպ, երթուղայինի ուղեվարձի մասին։ Մի առիթով անդրադարձել եմ այս խնդրին՝ վարորդների լացելու չափ համոզիչ հորդորներին, որ ամեն մարդ միայն իր տեղ մուծի։ Ու գիտեք, արցախցու ՙկողահաստ քաղաքավարությունը՚ միայն նյարդայնացնում է։ Խնայենք մեր վարորդներին, նրանց գործն, իրոք, ծանր է՝ ֆիզիկապես և հոգեպես։ Դա վտանգավոր է և՜ վարորդի, և՜ ուղևորի համար։
Շատ չերկարացնեմ… Պետական գույքի, ուրիշի աշխատանքի, ինչպես նաև՝ ազգային սրբությունների, կյանքում իրական արժեքների նկատմամբ ոչ հարգալից, ոչ պատասխանատու վերաբերմունքը, ըստ էության, անդաստիարակ մարդու վարքագիծ է։ Գիտեմ, դեռևս դժվար ժամանակներ են, բայց, կարծում եմ, ոչ ավելի, քան Հայրենականի և Արցախյան պատերազմի տարիներին։ Սակայն ժամանակները, պատկերացրեք, արգելք չեն, որպեսզի մարդիկ աշխատանքի գնան ու վարձատրվեն։ Այսինքն՝ սովորական ժամանակներ են։ Իսկ հայրենասիրությունն արտահայտվում է նաև սովորական և տոն օրերին։ Այո¬այո՝ տոն օրերին։ Մենք կգնահատենք ուրիշի աշխատանքը, պետական գույքը, հրմշտոց չենք սարքի օրհնված ծառի ճյուղերի, ջրի և խաղողի համար։ Հակառակ դեպքում՝ ձևական են մեր ազգի բնավորության լավագույն գծերը, խոսքերը և երազանքները երբևէ օրինական երկիր ունելու մասին…
Latest from
- ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ
- Նախագահ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին
- Արցախի Հանրապետության Ազգային ժողովը 2021թ մարտի 1-ին կգումարի արտահերթ նիստ
- Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների հայտարարությունը
- Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների հետ