ԼՌԻ՜Ր, ԿԻ՜Ն, ՔՈ ՕՐԸ ՄԱՐՏԻ 8-Ն Է
Էվիկա ԲԱԲԱՅԱՆ
Համաձայնենք, մեզանից յուրաքանչյուրին ծանոթ այս արտահայտությունը լիովին արտացոլում է Կանանց միջազգային օրվա էությունը: Շատ կանանց համար Մարտի 8-ը երկար սպասված ու սիրված տոն է, չէ՞ որ հենց այդ օրն են նրանք իրենց ցանկալի, անչափ գրավիչ ու հմայիչ զգում: Արցախում Մարտի 8-ը պաշտոնապես տոն չի համարվում: Կարծիք կա, որ անցյալ հարյուրամյակում, երբ ՙՄարտի 8-ի՚ շարժումը նոր էր թափ առնում, տոնը տեղին էր. գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն այդ ժամանակ պայքարում էին հավասար իրավունքներ ունենալու համար:
Այսօր, սակայն, մեր կանայք տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ունեն (ինչը չի կարելի ասել աշխատավարձի մասին), և Մարտի 8-ն արդեն չի կարելի Կանանց համերաշխության օր անվանել: Այդ դեպքում ի՞նչ է այն` գարնան, կանացի գեղեցկության, քնքշության, հոգեկան իմաստնության և կնոջ նկատմամբ հատուկ ուշադրության տոն` անկախ նրա կարգավիճակից ու տարիքից: Իսկ թե այդպես է, արցախուհիներին ինչո՞ւ զրկեցին այդ տոնից, չէ՞ որ նրանք, միգուցե մյուսներից առավել, ուշադրության են արժանի: Մեր ընդդիմախոսների փաստարկները հետևյալն են` շատ երկրներում ընդամենը մեկ օր են տոնում, իսկ Հայաստանում և Արցախում մի ամբողջ միամսյակ է նվիրվում կանանց: Կանանց տոնն սկսում է մարտի 8-ին և ավարտվում ապրիլի 7-ին, երբ նշվում է Մայրության և գեղեցկության տոնը: Փաստարկն այս հասկանալ կարելի է, բայց ընդունել` ոչ: Իրականում Արցախում, նմանապես և Հայաստանում, Մարտի 8-ը տոնում են մեծ հաճույքով ու պատասխանատվությամբ: Բոլոր կանայք, աղջիկները սպասում են այդ օրվան, հույսեր փայփայում և հավատում: Այս հրաշալի օրվա մոտալուտ գալուստն անգամ օդում կարելի է զգալ: Բոլորը տրամադրված են գարնան առաջին տոնին: Հատկապես դա տեսանելի է լարված ու շփոթված տղամարդկանց վարքից:
Հայաստանի անկախության հռչակումից հետո տոնը հանվեց օրացույցից, իսկ Ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության և գեղեցկության օր: Բայց, չնայած դրան, ժողովուրդը նախկինի պես տոնում է Մարտի 8-ը: Սա էր պատճառը, որ մի քանի տարի առաջ Կանաց միջազգային օրը դարձյալ հաստատվեց տոնացույցում, և մարտի 8-ից ապրիլի 7-ը Հայաստանում նշվում է ՙկանանց միամսյակ՚:
Կանաց միջազգային օրը նշվում է աշխարհի շատ երկրներում և ԱՊՀ բոլոր երկրներում, իսկ 1975թ. մարտից այն ընդունվեց նաև ՄԱԿ-ի կողմից: Ուրեմն ի՞նչն է պատճառը, որ արցախուհիներից խլեցին այդ տոնը: Շատերը դա կապում են տոնի ծագման աղմկահարույց և ոչ այնքան հաճելի պատմության հետ: Բայց մարտի 8-ի հետ կապված առասպելներն աշխարհի պես հին են և հայտնի բոլորին: Հիշեցնենք` 1857թ. Նյու Յորքում կանայք բողոքի հանրահավաք կազմակերպեցին, բայց դրանք ջուլհակուհիները չէին, ինչպես պաշտոնապես ընդունված է համարել, այլ անբարո վարք ունեցող կանայք: Հնագույն այս մասնագիտության տեր կանայք պահանջում էին վճարել նավաստիների աշխատավարձը, ովքեր օգտվում էին իրենց ծառայություններից, բայց վճարելու հնարավորություն չունեին: 1894թ. մարտի 8-ին Փարիզում մարմնավաճառները դարձյալ ցույցի դուրս եկան:
Այս անգամ նրանք պահանջում էին ճանաչել իրենց իրավունքներն այն կանանց հետ հավասար, ովքեր հագուստ էին կարում կամ հաց թխում, և հատուկ արհմիություններ հիմնել: Դա կրկնվեց նաև 1895թ.` Չիկագոյում և 1896թ.` Նյու Յորքում:
1910թ. Կոպենհագենում տեղի ունեցած կանանց համաժողովին գերմանացի կոմունիստուհի Կլարա Ցետկինն աշխարհին կոչ արեց մարտի 8-ը ճանաչել Կանանց միջազգային օր` նկատի ունենալով, որ այդ օրը կանայք հանրահավաքներ ու երթեր կկազմակերպեն` դրանով իսկ հանության ուշադրությունը սևեռելով իրենց իրավունքների վրա: ԽՍՀՄ-ում Մարտի 8-ը պաշտոնապես սկսեցին տոնել 1921 թվականից, իսկ ահա տոնի խորհրդային տարբերակով անբարո կանանց փոխարինեցին ՙաշխատավոր կանայք՚: Այլ խոսքով` պատմականորեն մարտի 8-ն ի հայտ է եկել որպես հավասար իրավունքների և էմանսիպացիայի համար պայքարում աշխարհի կանանց համերաշխության օր: Դա ամենևին էլ տոն չէր: Այդ դեպքում ի՞նչ ենք մենք տոնում: Տղամարդկանց հետ իրավահավասարության համար պայքարի՞ օր: Յուրաքանչյուրն ունի իր կոչումը. տղամարդը կյանքի ճարտարապետն է, կինը` նրա դիզայները: Տղամարդը կառուցում է, կինը` զարդարում: Ինչի՞ դեմ պայքարել: Ինչո՞ւ: ՙԷմանսիպացված՚ օրիորդ լինելո՞ւ համար: Որ կանայք ավելի ուժեղ ու առնակա՞ն դառնան, իսկ տղամարդիկ` թո՞ւյլ: Մի՞թե դա չէ պատճառը, որ տղամարդիկ հոգեպես արժեզրկվում են, և քայքայվում է ընտանիք հասկացությունը: Չպետք է պայքարել տղամարդկանց դեմ, մրցակցել, այլապես ընտանեկան օջախն առանց վերահսկողության կարող է մարել: Թող տղամարդիկ գլուխ լինեն, տան գլուխը, չէ՞ որ կինը պետք է լինի իմաստուն, նրբանկատ, քնքուշ և թույլ: Բայց այս ամենի դիմաց թույլ սեռն ուզում է, չէ՜, պահանջում է ուշադրություն, ցանկանում է ունենալ իր օրը, երբ սիրելի տղամարդն առավոտյան սուրճ մատուցի անկողնում, այնուհետև ծաղիկներ նվիրի, ու էլի ինչ-որ նվեր, իսկ երեկոյան գուցե և ամանները լվանա: Եվ մեզ ամենևին էլ չի հետաքրքրում այդ տոնի պատմությունը, կարևորը, որ այն շարունակում են նշել, սիրել: Քանի որ գաղտնիք չէ, որ վերը նշված ՙկանանց միամսյակը՚ չի աշխատում և Ապրիլի 7-ին, այսօր այն դեռևս համընդհանուր ընդունելություն չի գտել, այդ պատճառով էլ, վաղ թե ուշ, Կանաց միջազգային օրը` Մարտի 8-ը, իր իրավունքները կվերականգնի նաև մեզ մոտ: Թե՞ մենք կանայք չենք:
Latest from
- Արցախում պետությունը գործատուներին կփոխհատուցի վարձու աշխատողների եկամտահարկը
- Ջաբրայիլում հայտնաբերվել է 1 զինծառայողի աճյուն.այսօր որոնումներ չեն իրականացվի
- Արայիկ Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի վերաբերյալ
- 2021թ. ԱՀ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
- 2021թ. ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ