ՀԱՑԹՈՒԽՆԵՐԸ
Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ
Ազատամարտի հրամանատարներից մեկի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ նա ինձ մի հետաքրքիր բան ասաց. պատերազմի տարիներին Արցախում ապրող յուրաքանչյուր մարդ՝ ծեր, երեխա, կին, թե տղամարդ մարտիկ էր։ Այս միտքը նստվածք տվեց իմ մեջ։ Ու այդ օրվանից Ազատամարտ ապրած յուրաքանչյուրի մեջ ես մարտիկ եմ տեսնում։
Անժելա տատիկին 2000թվականից գիտեմ, երբ մանկապարտեզում էր աշխատում։ Ու չզարմացա, երբ պատերազմի տարիների հացթուխ կանանց մասին հետաքրքրվելով՝ շրջկենտրոնի վեց հացթուխների շարքում նրա անունն էլ կարդացի։ Պարզվեց` նրանցից երկուսն են այսօր ողջ՝ Անժելա Ջամալյանը և Անյա Խանազարյանը։ Հանդիպեցի նրանց: Զրուցակիցներս շատերին անծանոթ իրենց պատմությունները պատմեցին՝ հեռավոր, բայց այսօրվա պես թարմ ու հիշվող օրերի մասին։
- ՙՌեստորանի՚ տակ կարկանդակներ էինք թխում և բաժանում ցուցարարներին։ Փորձում էինք մեր մասնակցությունն ու օգնությունն այդ կերպ արտահայտել։ Հետո էլ, երբ պետք էր, օգնում էինք՝ ինչով կարող էինք,- պատմում է Անժելա Ջամալյանը։- Ամեն ինչ սկսվեց մի միջադեպից. ասում են՝ Ավոյի համար թոնրի հաց են տարել, նա կերել է ու շատ հավանել։ Ավոն կատակով ասել էր, որ մեր դիրքապահներն էդ հացից որ ուտեն՝ էլ տուն չեն գնա։ Աշխեն մորաքույրի հետ մի թաղում էինք ապրում։ Մի օր եկավ, թե՝ ՙԴուրս արի, բան ունեմ ասելու՚։ Ու հայտնում է, որ որդին՝ Սլավիկը (այն ժամանակ նա շրջանի միլպետն էր) հանձնարարել է մի հինգ կին հավաքագրել ու սկսել հաց թխել. Ավոյի կարգադրությունն էր, տղաներին հաց էր պետք։ Դժվար չէր հավաքվելը, մեր թաղի բոլոր կանայք էլ հաց էինք թխում։ Վեց հոգով համախմբվեցինք, կազմեցինք մեր հացթուխների խումբը՝ Աշխեն Հայրապետյանը, Հայկանուշ Աղաբեկյանը, ժենյա Իսախանյանը, Անյա Խանազարյանը, Անժելա Սողոմոնյանն ու ես։ 1992թ. մարտի 3-ին թխեցինք առաջին հացը: Սկզբում Խանազարյան Անյայենց թոնրում էինք թխում, հետո արդեն շարունակել ենք Ժենյաենց թոնրում։ Գիշերվա ժամը 3-ին գնացել ենք խմորը հունցել, ջուրն էլ մանկապարտեզի բակից ենք ձեռքով կրել-տարել։ Խանազարյանենց բակում ջրհոր կար, բայց 3-4 դույլ ջուր հանելուց հետո պղտորվում էր։ Այդ պատճառով հարակից մանկապարտեզի բակից էինք ջուրը տանում։ Ամեն օր 600-650 հաց էինք թխում։ Մութն ընկած գնում էինք, կեսգիշերին գալիս տուն։ Չնայած` տունս ո՞րն է, ուղիղ գնում էինք նկուղներ։ Երկու հոգի խմորը հունցում էինք, մյուս չորսը` օրվա մեջ թխում։ Ապրում էինք նկուղներում, քանի որ քաղաքը շուրջօրյա ռմբակոծության ու հրետակոծության էր ենթարկվում։ Ժամը 6-7-ին թոնիրն արդեն վառում էիք։ Լրիվ ձեռքի աշխատանք էր։ Հացը թխում էինք թթխմորով ու պատկերացրեք՝ շատ գեղեցիկ ու համով հացեր էին ստացվում։ Մենք էլ էինք զարմանում։ Ախր այդ նույնն ալյուրով որ տանը խմոր հունցեինք՝ սաղ թոնրի մեջ կմնար։ Երևի մեր կռվող տղաների համար էինք թխում, դրանից էր, անշուշտ, Աստծո մատը խառն էր։ Մեծ սիրով էինք աշխատում։ Մեր որդիները դիրքերում էին։ Տան գործ-մործի մասին չենք մտածել, մեր ուշքն ու միտքը տղաների հետ էր ու մեր գործի մեջ։ Մեկը խմորն էր հունցում, մյուսը գնդերը պատրաստում, կրում թոնիր, հացթուխը թխում էր։ Այդ ամիսների ընթացքում երբեք չենք դադարեցրել հաց թխել և այն համարում էինք մեր ամենակարևոր գործը։ Դիրքապահները դիրքն են պահել, թիկունքայիններն էլ` թիկունքը։ Տանն ինչ եղել է՝ հավաքել ու դիրքերն ենք ուղարկել։
-Այն ժամանակ ջուր չկար, բոլորի բակում թոնիր չկար։ Այդ առումով մեր տունը շատ հարմար էր։ Երբ Աշխենի հետ հացթուխ կանանց խումբը ստեղծեցինք՝ որոշեցինք հենց մեր տանն էլ կազմակերպել հացաթխման գործը,- շարունակում է Անյա Խանազարյանը։- Ազատ տեղ էր, խանգարող չունեինք։ Խմորի տաշտերը դրեցինք ու սկսեցինք մեր աշխատանքը։ Որոշ ժամանակ անց Ժենյայենց թոնրում էինք թխում։ Հիմա մեր վեց կանանցից ես ու Անժելան ենք մնացել... Երբ հրետանու համազարկերը սկսում էին՝ անհնար է նկարագրել` ինչ էր կատարվում։ Ես շատ էի վախենում: Բոլորս էինք վախենում… Մեր հարևան Լենուրենք կհոլ ունեին, մեր տան կողքով ճանապարհ կար դեպի կհոլը։ Մի օր էլ, երբ սկսեցին հրետակոծել, վազեցի, որ գնամ-թաքնվեմ։ Հայկանուշը առաջկտրուկ արեց ու բարկացավ վրաս. ՙՈւ՞ր ես գնում, սա էլ մեր կռիվն է։ Մեր երեխաները կռվում են, արյուն են թափում մարտի դաշտում, սոված փորո՞վ պիտի կռվեն՚։ Կես ճանապարհից, վախվխելով ու արածիցս ամաչելով, հետ եմ եկել ու շարունակել գործս։ Մտքումս ինձ նախատելով ասում էի՝ ճիշտ է, սա էլ մեր կռիվն է։ Ու ասեմ, որ մեզ Աստված է եղունգի տակ պահել, քանի որ շուրջբոլոր տները հրետակոծության էին ենթարկվել, անգամ՝ մեր տունը, արկերը թափվում էին մեր կողքին, ու մեզ բան չէր պատահում։ Հա, Էդ էլ ասեմ, գալիս էին արտասահմանից՝ մեզ նկարում, բայց այդպես էլ ոչ մի տեղ մեր նկարները չտեսանք։
-Հիշու՞մ ես, ես, դու, Հայկանուշը պարել ենք ձեր թթենու տակ. Շուշին էին վերցրել։ Ուրախությունից չգիտեինք ինչ անել,- ծիծաղելով հիշեցնում է Անժելա տատն ու շարունակում. – Հիշու՞մ ես, խմոր էինք հունցում, մեկ էլ թշնամու համազարկերից ձեր շուշաբանդի ապակիները փշրվեցին ու թափվեցին մեր գլխին ու մաղած ալյուրի մեջ։ Խմորի կեսը հունցել էինք… Լացելով ալյուրը նորից մաղեցինք, որ ապակու կտորները հացի մեջ չընկնեն…
Անժելա Ջամալյանի կանոնավոր բանակի կազմավորման հետ տեղափոխվեց բանակ ու ծառայությունը շարունակվեց մինչև 2014թ.-ը։ Հատուկ նշանակության ջոկատ, հետո՝ զորամաս… 14 տարի ծառայել է։ Խաղաղ տարիներին մանկապարտեզում դայակ էր աշխատում։ Ասում է. ՙԵս մանկապարտեզում իմ պահած երեխաների հետ եմ ծառայել, հոգացել նրանց սնունդը՚։
Ժենյա Իսախանյանն էլ շարունակեց ծառայել Ավոյի մոտ, որպես մեքենագրուհի։
Իսկ բազմաշնորհ Անյա տատիկը շարունակեց մնալ իր երկրի ու օջախի հենարանը, հայրենասիրությամբ ու հայ կնոջ գեղեցիկ կերպարով այսօր արդեն դաստիարակում է ծոռներին՝ անհամբերությամբ սպասելով իր դիրքապահ թոռների հերթական տունդարձին։
Ես զրուցում էի այդ պայծառ կանանց հետ ու ինքս էլ էի պայծառանում, փառք տալիս Աստծուն, որ մեզ հայ է ստեղծել ու մենք հայ մայրերից ենք ծնվել։
;