ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ԽՈՒՃԱՊԻ ԱՂԲՅՈՒՐ
Սոֆի ԲԱԲԱՅԱՆ,
հոգեբան
Սոցցանցերում մեր ժամանակների համար տիպիկ իլյուստրացիա է տարածվել՝ ՙԵթե հայտարարեն, որ վաղն աշխարհի վերջն է, մարդիկ այն այսօր կիրականացնեն՚ վերտառությամբ:
Այսօր, երբ ամբողջ աշխարհը միավորվել է նոր կորոնավիրուս կոչվող չարիքի դեմ, մարդիկ հանկարծ հասկացել են, որ բարձրագոչ քաղաքակրթությունն անզօր է անգամ տարրական վիրուսի տարածումը կանխելու: Ճիշտ է, վտանգն ակնհայտ է, բայց, ինչպես ասում են, խուճապն ավելի վտանգավոր է, քան վիրուսներն ու պատերազմները:
Մարդկային ուղեղն այնպիսի կառուցվածք ունի, որ վտանգի մասին տեղեկատվությունն ընկալում է հուզականությամբ: Առողջության կամ կյանքի համար վտանգ պարունակող տեղեկատվությունն անմիջապես արթնացնում է ինքնապաշտպանական բնազդը: Սովորաբար տագնապ և խուճապ է առաջանում այն դեպքում, երբ իրավիճակն անկառավարելի է դառնում:
Խուճապը զանգվածային վախ է՝ պայմանավորված իրական կամ երևակայական վտանգով: Այն անմիջականորեն կախված է արտաքին գործոններով (օրինակ՝ ներշնչմամբ), խմբի մեկ անդամից մյուսին է անցնում և սաստկանում` ընդօրինակման հոգեկան մեխանիզմի օգնությամբ։ Խուճապը հանգեցնում է իմպուլսային անկազմակերպ գործողությունների (օրինակ՝ փախուստի կամ ագրեսիվության դրսևորումների)։ Այս վիճակն ուղեկցվում է կամային հսկողության թուլացմամբ:
Խուճապի տարածման աղբյուր է նաև ապատեղեկատվությունը, երբ օգտվում ենք ոչ թե ստույգ, այլ սուբյեկտիվ պատճառներով իրավիճակը սրել ցանկացողների կամ վախի ազդեցության տակ աղավաղված ընկալում ունեցող անձանց կողմից տարածած աղբյուրներից: Ցավոք, խուճապի մեջ գտնվող մարդու համար ավելի հավաստի է համարվում այն լրատվությունը, որն իր մեջ բացասական տարրեր է պարունակում: Վախի մեջ գտնվողը համոզված է, որ ՙառանց կրակ ծուխ չի լինում՚, ուստի հրամցված ամեն մի տհաճ լուր ընդունում և տարածում է հոգու խռովքով: Իսկ խուճապի պայմաններում ցանկացած ապատեղեկատվություն սթրեսածին է հանրության համար:
Իսկ ինչպե՞ս հասկանանք, խուճապի մե՞ջ ենք, թե՝ ոչ: Իհարկե, յուրաքանչյուրի մոտ խուճապային վիճակները տարբեր կերպ են դրսևորվում, բայց կան նաև ընդհանուր նշաններ. արագ սրտխփոց, առատ քրտնարտադրություն, շնչառության անբավարարվածություն, գլխապտույտ, սրտխառնուք, սարսուռ, դող կամ ջերմություն, կրծքավանդակի ձախ մասում ցավի զգացում: Խուճապի մեջ մարդու մոտ նկատվում են նաև հոգեբանական փոփոխություններ, որոնցից ամենացայտունը ուժեղ վախն է: Քիչ չեն դեպքերը, երբ խուճապի մեջ գտնվող մարդիկ հաճախակի շտապօգնություն են կանչում, ձգտում հետազոտվել, կարդում տարբեր հիվանդությունների ժամանակ առկա ախտանշանների մասին՝ դրանք ՙհարմարեցնելով՚ իրենց:
Խուճապի հակառակ երեսը պաշտպանական ռեակցիան է՝ երևույթի, մեր դեպքում` նոր վիրուսի ժխտումը: Մարդն այնպես է իրեն պահում, կարծես ոչ մի բան էլ տեղի չի ունենում: Մինչդեռ սա էլ նորմալ չէ, որովհետև չեն հետևում մասնագետների ցուցումներին, չեն պահում տարրական հիգիենայի կանոնները` անարգել տարածելով այս կամ այլ վիրուսները:
Եթե մեր մեջ նկատում ենք վերոնշյալ հոգեսոմատիկ դրսևորումները, ապա պետք է անմիջապես գործի դնենք առողջ բանականությունը: Եվ այսպես` պետք է վերլուծենք ցանկացած տեղեկատվություն: Երբ լսում ենք, թե իբր նոր կորոնավիրուսը այս կամ այն սարսափելի հետևանքներն է թողնում մարդու առողջության վրա, ապա պետք է տրամաբանենք, վերլուծենք, ճի՞շտ է, արդյոք, տեղեկատվությունը: Այն, որ նոր կորոնավիրուսը անուշադրության մատնելու պատճառով կարող է լուրջ վնաս հասցվել թոքերին, ակնհայտ է, տեսանելի, հետազոտելի, բայց, եթե ասում են, թե իբր այն երեխաների մոտ անպտղություն է առաջացնում, պետք է, տագնապելու փոխարեն, առնվազն ծիծաղել այս տիպի սուտ ՙկանխատեսումների՚ վրա: Ի վերջո, եթե սա նոր վիրուս է մարդու համար, ապա այդ ո՞ր ՙիմաստունն՚ է հետազոտել հետևանքներն ու տարածել… Ամեն մի ինֆորմացիա չպետք է ընդունենք որպես ճշմարտություն, այլ վերաբերվենք կասկածանքով:
Խուճապի չտրվելու համար պետք է նաև հետևել մասնագետների ցուցումներին, օգտվել միայն հավաստի տեղեկատվական աղբյուրներից, զերծ մնալ ֆեյք օգտատերերի էջեր մտնելուց, ավելին` հնարավորինս արգելափակել դրանք, ինչով կօգնենք նաև մյուսներին:
Ի վերջո, եկեք ինքներս մեզ հարցնենք. ի՞նչ կարող է պատահել վատագույն դեպքում: Հաճախ դա այնքան վախեցնող չէ, ինպես մեզ ներկայացնում է մեր վառ երևակայությունը: