ՇՈՒՇԻՆ` ՀԻՆ ԲԱՑԻԿՆԵՐԻ ՎՐԱ
Շուշին Հայոց աշխարհի գանձն է: Առանձնահատուկ մի վայր, որտեղ յուրաքանչյուր քարի վրա անցյալի հետքերն են դրոշմված:
Մոսկվայի հայկական թանգարանի պատրաստած նյութը պատմում է Շուշիի ամենավառ հուշարձանների, քաղաքի տեսարաններով հին բացիկների մասին:
Պատմաբան Մ. Սարգսյանը 1428թ. ձեռագրում հիշատակված ՙԱմարասի մարզի հինավուրց Շուշին՚ նույնացնում է ժամանակակից Շոշ գյուղի հետ: Հայ հետազոտողներից ոմանք առաջ են քաշում այն վարկածը, որ բնակավայրն իր անվանումը ստացել է Շուշիի բերդի անունից:
Շուշիի հետ են կապված IX դարում ապրած և արաբների դեմ հաղթանակ տարած Խաչենի իշխան Սահլ Սմբատյանի և Հասան Ջալալյանի (XIIIդ.) անունները:
Հայաստանի միջնադարյան պատմության մեջ որպես մշակութային հազվագյուտ արժեք և ճարտարապետական գոհար հիշատակվում է միջնադարյան Շուշի բերդաքաղաքը: Երկար ժամանակ այն Արցախի իշխանների բնակավայրն էր հանդիսանում: Տարեգրության մեջ բերդը հիշատակվում է որպես ազնվական տոհմերի ՙարծվաբույն՚: Այսպես, պատմությանը հայտնի է XVIIIդ. այստեղ բնակություն հաստատած հայ իշխան Շահնազարյանի անունը:
Շուշին այլ անուններ նույնպես ունի: Որոշ աղբյուրներում բարձրադիր քաղաքն անվանվում է Քերծ, Շոշ, Քարեն գլուխ, Շոշի Սխնախ: Իսկ որքաoն պատմական հուշարձաններ կան կենտրոնացված այս տեղանքում: Դրանք և՜ քարանձավային բնակատեղիներն են, և՜ բերդապարսպի մնացորդները, և՜ Վարանդայի պալատը, նրբակերտ խաչքարերը, և՜ հայկական եկեղեցիները: Բոլոր այս հուշարձանները թվագրվում են տարբեր դարերով` IX- XVIIդդ. միջակայքով:
Շուշիի տարածքում մինչև վերջերս պահպանվում էր Քամու Խաչ հնագույն սրբատեղին, որը մերձակա գյուղերի բնակիչների համար ուխտատեղի էր հանդիսանում: Եվս մի հուշարձան գտնվում է Շուշիի բարձունքի ստորոտում` Զարիստ կոչվող ընդարձակ բնակատեղիի հետքերը: Այս տեղանքի մասին հիշատակումներ կան Հայաստանի IVդ. հին քարտեզների վրա: Բացի այդ, տեղանքի մասին տեղեկություններ են պահպանվել նաև XIIIդ. Գտչավանք եկեղեցու շինարարության ժամանակ պատերի վրա թողնված արձանագրություններում:
Շուշիի բնապատկերներն ու միջավայրը շատ ճանապարհորդների սրտեր են գերել: Այս հեղինակների նկարագրություններից էլ տեղանքի մասին առաջին տեղեկություններն ենք ստանում: Շուշի է այցելել ֆրանսիացի բնագետ և հնէաբան Ֆրեդերիկ Դյուբուա դե Մոնպերեն, ով XIXդ. կազմել է մինչ օրս իր արդիականությունը չկորցրած` ՙՃանապարհորդություն դեպի Անդրկովկաս՚ արժեքավոր աշխատությունը: Այստեղ եղել են նաև Կովկասի գերմանացի ուսումնասիրող բարոն Ավգուստ ֆոն Հակսթհաուզենն ու անգլիացի Գ. Կեպելլը: Նրանք բոլորն էլ իրենց շրջագայությունների տպավորությունների շուրջ հանգամանալից գրառումներ են թողել:
Որոշ ժամանակ Շուշիում ապրել և ստեղծագործել է մարտանկարիչ Վասիլի Վերեշչագինը: Նկարիչը հիանում էր այս վայրերով և Արցախում մի շարք հետաքրքիր գործեր է ստեղծել: Ճանապարհորդության արդյունքում Վերեշչագինի ստեղծած առավել հայտնի գործերից մեկը ՙՇուշիում Մոհարեմ տոնի ժամանակ կրոնական ծիսակարգը՚ մեծադիր կտավն է: Նկարչի` բնօրինակից արված պատկերները, ինչպիսիք են ՙՃամփորդների համար տուն Շուշիում՚, ՙՇուշիի մզկիթը՚ և այլ նկարներ երբեմնի զարմանալի քաղաքի մասին պատմող գրեթե միակ վկաներն են, քաղաք, որը XXդ. սկսած հայտնվեց ազգամիջյան թշնամանքի կիզակետում: Շուշիում Վասիլի Վերեշչագինը մի քանի ամիսներ անցկացրեց:
Ահա թե ինչ է նկարիչն իր օրագրում գրել Շուշիի մասին` ՙՇուշին Անդրկովկասի մյուս քաղաքների բացարձակ հակապատկերն է: Տները կանոնավոր են, գեղեցիկ, բարձր, լուսավորված բազմաթիվ հրաշագեղ պատուհաններով: Քաղաքի կառուցման համար օգտագործվել են ժայռերի քարերը, որոնց վրա գտնվում է այն: Փողոցներն ամենուր պատված են լայն սալիկներով, տանիքները եվրոպականի նման են՚:
XX և XXIդդ. քաղաքը ողբերգությունների միջով է անցել: Նորագույն պատմության էջերը տարբեր երանգներով են պատված: Լավատեսություն և ապագայի հանդեպ հավատ ներշնչող վերջին իրադարձություններից է Շուշիում 2013թ. մայիսի 9-ին Կերպարվեստի պետական թանգարանի բացումը: Թանգարանը կառուցված է հայկական մշակութային ավանդույթների ոգով` հին քաղաքի ճարտարապետական դիմագծին համահունչ: Թանգարանին կից գործում է նաև պատկերասրահ, որի համար մոսկվացի բարերարները նվիրաբերել են տարբեր նկարիչների ու տարբեր ոճերի ավելի քան 300 ստեղծագործություններ:
Նյութի համար օգտագործվել է Արմեն Մկրտչյանի ՙՀայաստան՚, 2011թ. տեղեկատուն
www.armmuseum.ru
Latest from
- Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի նախագահը քննարկեցին արցախահայության առջև ծառացած մարտահրավերները
- Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը
- ԱՌԱՋԻՆ ՀԱՄԵՐԳԸ` ԶՈՀՎԱԾ ՏՂԱՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
- ՀՀ-ՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է COVID-19 ՎԱՐԱԿԻ ՆՈՐ` 961, ԻՍԿ ԱՀ-ՈՒՄ՝ 11 ԴԵՊՔ
- ԱՌԳՐԱՎՎԱԾ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՊՂԾՎԵՆ