[ARM]     [RUS]     [ENG]

ՎԵՐԱԱՐԺԵՎՈՐՎԱԾ ԴՊՐՈՑ

Գա­յա­նե ԳԵ­ՎՈՐ­ԳՅԱՆ

 Տա­րին այս արժևոր­ման, վե­րաարժևոր­ման տա­րի էր` իր բո­լոր ատ­րի­բուտ­նե­րով: Պե­տու­թյուն­նե­րի, իշ­խա­նու­թյուն­նե­րի, ազ­գե­րի, քա­ղա­քա­կա­նու­թյան, տն­տե­սու­թյան… ի վեր­ջո, ան­հա­տի պրիզ­մա­յով ա­մեն ինչ փոխ­վեց, չեմ վա­րա­նի ա­սել` շր­ջա­դար­ձա­յին: Բո­լոր թե­մա­ներն սկս­վում են ՙհա­մա­վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված՚ բա­ռա­կա­պակ­ցու­թյու­նով: Խո­հա­նո­ցա­յին, կո­լեկ­տի­վա­յին, փոք­րա­թիվ հա­վա­քույթ­նե­րի թե­մա­նե­րը ևս, ինչ­պես մեր սփյուռ­քա­հայ բա­րե­կամ­ներն են ան­վա­նում, պսա­կաձև ժահրն է: 

Թա­գա­վա­րակն իր ուղ­ղում­ներն է շա­րու­նա­կում մտց­նել նաև կր­թա­կան ո­լոր­տում: Դեռևս մարտ ամ­սից խա­թար­ված է կր­թա­կան ո­լոր­տի ան­շեղ ըն­թաց­քը: Ե­րե­խա­նե­րը տանն են: Սկզ­բից նույ­նիսկ բակ չէր թույ­լատր­վում նրանց իջ­նել: Կա­մաց-կա­մաց թե­ման չարչ­րկ­վեց, մեղմ­վեց, ա­հը թու­լա­ցավ, ու ե­րե­խա­ներն սկ­սե­ցին վա­յե­լել ի­րենց ա­ռօ­րյան.. ար­դեն շուրջ վեց ա­միս: Բայց այդ վա­յե­լումն էլ երբ եր­կա­րաձգ­վում է, ան­համ է դառ­նում: Ի վեր­ջո, ե­րե­խա­նե­րը հոգ­նե­ցին, ձանձ­րա­ցան…
Մենք` ծնող­ներս, ու­սու­ցիչ­ներս ան­նա­խա­դեպ երևույ­թի ա­կա­նա­տես ե­ղանք. ե­րե­խա­ներն ու­զում են դպ­րոց գնալ, ոչ միայն ու­զում են, այլև փա­փա­գում, օ­րու­գի­շեր դրա մա­սին խո­սում, ա­միս ա­ռաջ պատ­րաստ­վում: Ո՞վ էր տե­սել նման բան: Մի տա­րի ա­ռաջ ե­րե­խա­նե­րին, ինչ­պես տատս կա­սեր, թակ-մա­հա­կով էինք դպ­րոց ճամ­փում, իսկ այ­սօր` դպ­րոց գնա­լու ա­ռա­ջին օ­րը, ժամ ա­ռաջ պատ­րաստ էին ու զգաստ կանգ­նած մուտ­քի դռան մոտ: Նկա­րում ձա­խից աջ տես­նում եք Մար­կին, Դա­նիե­լին, Լու­սիա­յին ու փոք­րիկ Դա­նիե­լին, ով­քեր շու­տա­փույթ նետ­վել են մի­ջանցք` դպ­րոց ու ման­կա­պար­տեզ գնա­լու հա­մար: Կա­րո­տը դպ­րո­ցի, ու­սու­ցիչ­նե­րի, դա­սըն­կեր­նե­րի հան­դեպ օ­րե­ցօր ա­հագ­նա­նում էր, և հնա­րա­վո­րինս շուտ պետք է առ­նել այդ կա­րո­տը:
Ա­ռա­ջին­դա­սա­րան­ցի­նե­րը սեպ­տեմ­բե­րի 1-ին վա­յե­լե­ցին դպ­րոց գնա­լու բերկ­րան­քը. նույն դպ­րո­ցը, նույն ժպ­տե­րես ու­սու­ցիչ­նե­րը, ծաղ­կա­յին բազ­մե­րանգ հրա­վա­ռու­թյունն ու նույն հուզ­մուն­քը: Իսկ տար­րա­կան և բար­ձր­դա­սա­րան­ցի­նե­րը ստիպ­ված էին մի քիչ սպա­սել` մինչև սեպ­տեմ­բե­րի 14-ը` պա­հը վա­յե­լե­լու հա­մար:
Ստաց­վում է այն­պես, որ դպ­րո­ցի կարևո­րու­թյան մա­սին ոչ թե հե­ռուս­տա­ցույց­նե­րից, ռա­դիո­նե­րից ու թեր­թե­րից ենք լսում, այլ նրա կեն­սա­կան պա­հան­ջը ա­ռօ­րեա­յում տես­նում ենք մեր աչ­քե­րով: Պարզ­վեց նաև, որ վիր­տուալ կար­դա­լը, լսե­լը, սո­վո­րելն ինչ­քան էլ դյու­րին ու հա­սա­նե­լի է, այ­նուա­մե­նայ­նիվ, հնա­րա­վոր չէ ընդ­միշտ այդ կար­գա­վի­ճա­կում մնալ: Ճշ­մար­տու­թյան դեմ չմե­ղան­չենք ու փաս­տենք, որ վիր­տուալ դա­սը մի ո­րոշ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հա­մար փր­կօ­ղա­կի նման ե­ղավ, բայց միայն մի ո­րոշ ժա­մա­նակ: Նո­րից ե­կանք այն եզ­րա­հանգ­ման, որ չկա ա­վե­լի կեն­սա­կան անհ­րա­ժեշ­տու­թյուն, քան ա­շա­կերտ-ու­սու­ցիչ ան­մի­ջա­կան շփումն է, ա­մեն օր դպ­րո­ցի դռ­նով ներս մտ­նե­լը, նս­տա­րա­նին նս­տե­լը, գրա­տախ­տա­կին գրե­լը և կավ­ճոտ դեմ­քով ու շո­րե­րով տուն վե­րա­դառ­նա­լը:
Չնա­յած տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի ան­նա­խա­դեպ զար­գա­ցա­ծու­թյա­նը, չնա­յած, որ դա­րի թե­լադ­րան­քով ա­մեն շո­շա­փե­լին ու տե­սա­նե­լին փո­խա­րին­վում է վիր­տուա­լով, այ­նուա­մե­նայ­նիվ, ան­մի­ջա­կան շփու­մը, հա­յաց­քը, խոս­քը, տես­քը, մա­տե­րիան օ­դուջ­րի նման անհ­րա­ժեշտ են մար­դուն, մա­նա­վանդ դպ­րո­ցա­կա­նին: Տա­րօ­րի­նակ չհն­չի, բայց սա տես­նե­լու, գնա­հա­տե­լու հա­մար պետք է շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նենք հենց թա­գա­վա­րա­կին:
;