[ARM]     [RUS]     [ENG]

Շոկոլադը`պսպղուն թերթիկների մեջ

Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

 Դա՞ռը, քա՞ղցր, թե՞ կաթնային ... երևանյան փողոցներում այն տարիներին հաճախ էի լսում, այն տարիներին, երբ ընդամենը 5-6 տարեկան  էի, և Արցախում պատերազմ էր։ Մեր գյուղն ավերված, իմ  տունը փլված, մանկությունս՝ խեղված։

-Ի՜նչ համով է, հայրս է գնել ...

-Իմ հայրը թուրքի  հետ է կռվում, գիտե՞ս, մեծ մեքենա ունի, զինվորներին զենք ու ուտելիք է հասցնում։ Մերոնք հաղթելու են ու նորից  գյուղ ենք վերադառնալու։

Մեծ-մեծ աչուկներիս մեծ-մեծ արցունքները գլորելով  ինձ նորից տարան Վաղուհաս, մեր հավաբունը, որը հորս համոզելով  ես ու քույրս մաքրել էինք, պատերը՝ գունազարդել, մեր տնակ-խաղատեղին  դարձրել։ Տիկնիկներս  բարուրած էի թողել ... /ախր քույրս նոր շորիկ էր կարել, պետք է հագցնեի/ ... Խաղալիքներովս լի տոպրակը  մոռացել էինք  հեռանալիս։ Մոռացել էինք իմ պայուսակը, որի մեջ  թաքուն պահում էի ջեմով կոնֆետներ, պսպղուն թղթերով  շոկոլադներ, որ ամեն օր մայրս ու հայրս գործի գնալուց ինձ էին տալիս։ Այնքան էի սպասում, որ այդ քսակը լցվեր  ու հետո միայն համտեսեի...

-Մանկապարտեզում շատ կոնֆետներ կան։ Ուզո՞ւմ ես վաղը միասին գնանք։

Մեր գյուղի <<կլուբի>> նման  շինություն  էր այդ  մանկապարտեզը` ցուրտ, անշուք և կիսաշեն։ Երկհարկանի մահճակալներ էին շարված` ո՛չ բարձ կար, ո՛չ  տաք  վերմակ, էլ չեմ ասում սավանների մասին։ Մինչդեռ մեր տան սավաններն ենթակա չէին օգտագործման, մինչև  մայրս խնամքով  չլեղակեր։

Քնելու ժամն է։ Սոված եմ։ Պարտադրում էին  քնել։ Ա՜խր ոնց պառկեի, վերևում  վտանգավոր է ՝ կընկնեի, ներքևում էլ ... բա որ վերևի մահճակալը գլխիս ընկներ։ Դայակին   համոզեցի, որ ցերեկը չքնեմ և ինձ թուղթ ու մատիտ տան։ Ճմրթված  թղթի  կենտրոնում իմ  շոկոլադներն ու կոնֆետներն էի նկարում, որոնց  համի ու հոտի զգացողությամբ  էլ մոլորեցնում էի սովածությանս։ Մեկ-մեկ էլ նկատում էի, թե ինչպես են  պառկած ընկերներս  երանությամբ  ինձ նայում։ Թաքուն էին նայում, որ ամենատես ու խիստ դայակը չպատժի չքնելու համար։  Օրն այնքան երկար էր թվում... Երկրորդ, երրորդ օրն էլ գնացի, բայց մանկապարտեզում այդպես էլ բախտ չվիճակվեց զգալ շոկոլադի իրական  համը։

Հայրս վաղը գալու է ճակատից ...

Սպասում էի մոռացված  կոնֆետներով պայուսակիս։ Հայրս միայն մեր հագուստն ու փափուկ տեղաշորը բերեց։ Մենք՝ տատիկիս տանիքի տակ ապաստանած 4 ընտանիքներս,   հանրակացարանային 2 սենյակում հազիվ էինք տեղավորվում, ուր մնաց թե արցախյան մեր տնից հրաշքով փրկած իրերը։  Չգիտեմ էլ, բարեբախտաբար, թե... պատահական անցորդը մեր  բեռնատարի թափքում նկատել ու գնել էր հայկական հին զարդանախշերով կարպետը, որը նախատատիցս  էր մեզ հասել։ Այդ գումարով  հայրս հանրակացարանի մոտ վագոն-տնակ գնեց և մեր տան իրերը  տեղավորեց ...

Փողոցի մայթերին փոքրիկ սեղանների վրա քաղցրավենիք էին վաճառում. դառը, քաղցր, կաթնային գույնզգույն թղթերով շոկոլադ։  Մորս ձեռքից բռնած գնում էինք հացի հերթ կանգնելու։

-Դժվար օրեր են, թուրքի գյուլից  տուն ու տեղ թողեցինք, ամբողջ գումարը բանկերում մնաց, գիշերները գինու շիշ ենք մաքրում, օրվա հացը վաստակում, հայրդ թուրքի  արկերի տակ օր ու գիշեր <<պոստերում ա>>, -բացատրում էր մայրս: 

Մեր գյուղում չէին ասում դառը, քաղցր կամ կաթնային շոկոլադ։ Անունը՝  շոկոլադ էր։                  <<Տեսնե՞ս ինչ համ ունեն այս փայլփլող շորիկներով  շոկոլադները>>։ Նայում էի մորս և համարձակվում  միայն մատով ցույց տալ, իսկ նա ձեռքս էր սեղմում և փախցնում հայացքը։ Չդիմացա։ Այո, չդիմացա գայթակղությանը։ Հերթական սեղանիկին մոտենալիս, աննկատ մի շոկոլադ վերցրի  ու թաքցրի թևքիս տակ։ Ցույց տվեցի մորս։

Մայրս մոտեցավ վաճառողին, վճարեց, և ես հասկացա, որ այդ օրը երեքի փոխարեն երկու հաց ենք տանելու տուն։

Հիմա  ինքս ինձ հարցնում եմ՝ ես ինչպե՞ս կվարվեի...

Բայց ամենատխուրը պիտի տեղի ունենար տանը. մայրս սովորականի  պես շոկոլադը պիտի  բաժաներ չորս  քույրերիս միջև։ Հրաժարվեցի  իմ բաժին շոկոլադից՝ իմ <<արգելված պտղից>>։  Չէի կարող գուշակել, որ վաղն այն տալու էի մեր բակի շոկոլադասեր աղջնակին...

Մինչև հիմա ամեն օր փնտրում էի պսպղուն թղթերով շոկոլադը և ահա քեզ հրաշք՝ Ստեփանակերտի խանութներից մեկում, մոտ 30 տարի անց,  հանդիպեցինք։ Ցնծում էի նույն 3 տարեկան աղջնակի նման։  Գտել էի։ Արտաքինից ոչինչ չէր  փոխվել, մնում էր միայն  վայելել համը, հատկապես որ աշնանային վերհուշը  տրամադրում էր...

Մնացածը լիրիկայից դուրս ...

Հարգելի Անի Մանգասարյան, Ձեր բոլոր մտահոգությունները լիովին արդարացված են: Մենք օպերատիվ խումբը ուղարկել ենք Ձեր նշած խանութ և արդեն արձագանքել են: Խնդրում ենք մոտենալ համապատասխան խանութին։Մեր հանձնարարականով խանութի տնօրինությունն անպայման կփոխհատուցի Ձեզ: Ինչպես նաև նշենք, որ Ձեր կողմից  նշված ապրանքատեսակը հանվե և ոչնչացվել է:

                              ԱՀ ԳՆ Սննդամթեքի անվտանգության պետական ծառայություն

 

... Իսկ ես դեռ քանի տարի կփնտրեմ իմ մանկության պսպղուն թերթիկներով շոկոլադը...