[ARM]     [RUS]     [ENG]

Հարսանիք լեռներում - 2

Վան Նովիկով

Անի Մանգասարյան

 Այսօր` հոկտեմբերի 24-ին, կրկին ղողանջել են թշնամու կողմից հրթիռակոծված Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու զանգերն ու հարսանեկան արարողություն է տեղի ունեցել: Շուշիի Մայր տաճարի հոգևոր հովիվ տեր Անդրեաս քահանա Թավադյանի ձեռամբ այսօր պսակադրվել են Հովհաննես Հովսեփյանն ու Մարիամ Սարգսյանը: Փեսան զինվորական համազգեստով էր: Նոր է վերադարձել մարտական առաջնագծից և կրկին պատրաստվում է վերադառնալ մարտադաշտ: Հարսանիքին բոլոր հարազատներն ու բարեկամները չէ, որ կարողացել էին ներկայանալ: Շատերը դիքերում են շատերն էլ... ներկաների մոտ և ոչ միայն գերիշխում էր համոզմունքը, որ այս հարսանիքն արցախյան ուղերձն է քաղաքակիրթ աշխարհին և ոչ միայն. -Այս պատերազմում յուրաքանչյուրն իր ասելիքը պիտի ունենա,- ասում է նորահարս Մարիամը.

 
-Ես հասկացա, որ պետք չէ հետաձգել… Պատերազմում յուրաքանչյուրը պետք է իր ասելիքն ունենա: Այս օրերին շատ հարզատ ու մտերիմ մարդկանց հրաժեշտ տվեցի: Խոնարհումս՝ հայ զինվորին և հայոց մայրերին: Մեր հարսանեական արարողությունն այսպիսին չէինք պատկերացնում. ներկա չեն մեր ծնողներն ու բարեկեմները, մեր բոլոր ընկերները: Իմ և Հովհաննեսի ծնողներն էլ 1992-ի պատերազմի ժամանակ են ամուսնացել: Ուզում եմ մենք լինենք վերջին սերունդը, որն ամուսնանում է պատերազմական օրերում: Իմ կոչը երիտասարդներին . մի՛ հետաձգեք Ձեր ամուսնությունները:
 
Մարիամի խոսքով՝ պատերազմը սրբագրել է առանց այն էլ մի քանի անգամ խմբագրված հարսանեկան արարողության իրենց տեսլականը: Շուշիի մայր տաճարի հոգևոր հովիվ տեր Անդրեաս քահանան նորապսակներին ավելի վաղ հորդորել էր ուրիշ եկեղեցում պսակադրվել, սակայն զույգը որոշումը չէր փոխել.
 
-Ամուսնական զույգին առաջարկեցի մայրաքաղաքի ուրիշ եկեղեցում պսակադրվել,բայց որոշումն անբեկանելի էր: Սա ևս հաղթանակի խորհուրդ է: Մեզ մնում է Աստծո օրհնությունը տալ զույգին , հայոց երկրին խաղաղություն մաղթել: Զինվորը միշտ առողջ լինի և իր ընտանիքի ապավեն:Պսակադրվող զինվորին օրհնելիս, օրհնում ենք նաև հայոց բանակի մեր խիզախ զինվորներին:Աստված պահապան բոլորին:
 
Այսօրվա ակամա Հարսանքավորները Շուշիի բնակիչներն ու աշխարհի տարբեր ծագերից ժամանած լրագրողներն էին: Արգենտինահայ լրագրող Լեո Մոմջանը, ինչպեսև բոլորը, համոզված են՝ Շուշիի հրետակոծված Մայր տաճարում հարսանիքը յուրօրինակ ուղերձ է աշխարհին ու հայությանը: Անգամ օտարազգի լրագրողները չեն թաքցնում հուզմունքը, ոգևորությունն ու բարձր տրամադրությունը: Ղազանչեցոց եկեղեցում կայանալիք հարսանեկան արարողության մասին լսել ու ներկայացել էին նաև Շուշիի բնակիչներ: Նրանք Արցախի և հայաշունչ Շուշիի հարատևման խորհրդի ականատեսներից են դեռևս արցախյան առաջին գոյապայքարի տարիներից: Շուշիի վիրավոր Երկինքն ի վեր թռչող աղավնիները, Զինվորական համազգեստով փեսան, ազգային տարազով հարսն ու Հայոց բերդաքաղաքի երկու անգամ հրետակոծված եկեղեցում պսակադրությունը` անշուշտ արցախահայության անկոտրում հավատի, ապրելու կամքի, հարատևման, պայքարելու և հաղթելու վճռականության ուրույն ուղերձն է:
 

 

 

 

More in this category: « ՎԵՐԱԴԱՐՁ