[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՔՈՒՐ ՔԱՂԱՔ

Անի Մանգասարյան

 Դեկտեմբերի 3-ն է այսօր: Մայրաքաղաքում դեռ աշնանային եղանակ է: Երեկ երկնքում ժպտացող արևը մի բուռ ջերմություն սփռեց Ստեփանակերտ քաղաքիս վրա: Այսօր մառախլապատ է ու մշուշոտ: Փողոցներում ծառերից պոկված վերջին տերևներն են և Ալլա տատիկի քաղցր ծիծաղը.

-Երբ լույսը բացվում է դուրս ենք գալիս, փողոցները սրբում ենք, որ առաջվա պես մաքուր լինի մեր քաղաքը:

Թևոսյան փողոցում ենք: ժամը 8-ն անց է 46 րոպե: Այն ժամանակ, ասենք՝ ընդամենը երկու ամիս առաջ, երբ հանգիստ ու խաղաղ մեր բան ու գործին էինք, երբ, կարծես, վերացել էր պատերազմի շունչը, առավոտյան՝ ժամը 9-ին, քաղաքի մաքրությունն ամբողջովին ավարտված էր: Մեր մաքրուհիներին հանդիպելու համար պետք էր վաղ առավոտյան արթնանալ: Այսօր արդեն ուրիշ է կարգը. երեխաներին դպրոց ճանապարհելիս, նրանք դեռ նոր են սկսում իրենց աշխատանքը.

-Առաջ ժամը 4-5-ից էինք սկսում աշխատել, հիմա փոխվել է կարգը, ժամը 8-9-ից ենք աշխատանքի:Մեր քաղաքը սուպեր լյուքս էր, գետնին ասեղ գցեիր կնկատվեր, լուցկու հատիկ էլ չես գտնի մեր փողոցում: Մենք այնքան մաքուր ու դաստիարակված ժողովուրդ ենք: Պատերազմը շատ բան փոխեց …Մեր քաղաքը դեռ այսքան կեղտոտ չի եղել:

Տիկին Լաուրան, ով պատերազմի 40-րդ օրը միայն լքեց Արցախը, չկարողացավ թաքցնել հուզմունքը: Շուրջ 30 տարի է քաղաքի մաքրության գործին է: Պատերազմի օրերին էլ, երբ լռում էին թշնամու արկերը, ապաստարանից դուրս էր գալիս և միանում քաղաքը մաքրողներին: Ասում է ՝ղարաբաղցին կողքը հաստա, երբեք չի լքելու Արցախը.

-Մի ծիլ էլ լինենք մենք աճելու և ծաղկելու ենք: Մնալու ենք այս հողում և միշտ պայքարելու ենք: Ոչ ոք մեզ չի կարող կոտրել ու փոխել … Մինչև 5-6 օրը մեր քաղաքը առաջվա սուպեր լյուքսնա լինելու:

Իսկ ահա տիկին Ռոզան 92-ի պատերազմից հետո է անցել քաղաքի մաքրության գործին: Համոզված է, որ Ստեփանակերտը կրկին կծաղկի ու առաջվա պես կփայլի: Դեռ նոր են աշխատանքի անցել.

-Նոյեմբերի 25-ից աշխատում ենք մինչև ժամը 11-ը, մինչև բոլոր գործերը վերջացնում ենք: Հոկտեմբերի 4-ին եմ գնացել Ստեփանակերտից, այդ օրերին ապաստարաններից դուրս էինք գալիս և մաքրում քաղաքը: Մաքրում ենք, որ մեր քաղաքը առաջվա պես գեղեցիկ լինի:

Ստեփանակերտը եղել և կմնա աշխարհի մաքրագույն քաղաքներից մեկը:Այստեղ ապրող մարդիկ հոգեպես ամուր են ու լավատես,-ասում է Ալլա տատիկը և քաղցր ժպտալով ավելացնում.

Պո տիխոնկո ֆսյո բուդետ խորոշո… Մայրաքաղաքում ահա այսպես էլ ապրում են մարդիկ. Մի քիչ ուրախ, մի քիչ տխուր ու… չկորցնելով վաղվա օրվա հույսը: