[ARM]     [RUS]     [ENG]

ՍՊԱՍՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՄԱՆՈՐԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ

  Հաճելի պատահականությամբ վերջերս հանդիպեցի մեր հին ու պատմական գյուղի՝ Հացիի հիմնական դպրոցի տնօրեն Սուսաննա Գրիգորյանի հետ:

Զրույցը տարբեր թեմաներ ընդգրկեց, և, բնական է, չշրջանցեցինք դպրոցն ու դպրոցական առօրյան: Նա  ուրախությամբ տեղեկացրեց, որ դեկտեմբերի 12-ին դպրոց այցելեց բարերար, երեխաների սիրելի պապիկ, ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցը:  Նա դպրոցի հովանավորն է և տարիներ շարունակ, յուրաքանչյուր Ամանորի նախաշեմին, երեխաների համար հաճելի անակնկալներ է պատրաստում: Նրանց տանում է Ստեփանակերտ, կազմակերպում Ձմեռ պապիկի հետ հանդիպում, ճաշկերույթ, նվերներ բաժանում:

«Մեծ մարդը, ես կասեի՝ մեծ հայրենասերը, չցանկացավ այս տարի ևս մեր երեխաների սպասելիքները թողնել անիրագործելի: Քանի որ հնարավորությունները բավականին սուղ են՝  մեզ չհրավիրեց Ստեփանակերտ: Անձամբ փոքր խմբով ներկայացավ դպրոց,  երեխաներին նվերներ բաժանեց, զրուցեց նրանց հետ: Պետք է ասել, որ նման մարդկանց հետ հանդիպումն ապագայի հանդեպ լավատեսության մեծ ազդակ է: Գաբրիելյանցը համեմատականներ անցկացրեց այսօրվա մեր իրականության և պատմական Արցախի տարբեր ժամանակաշրջանների իրականությունների միջև: Նշեց, որ պետք է ապրենք, մեր եղած տարածքը նորից շենացնենք, զորացնենք: Ներկայացրեց նաև իր գործունեության, հետագա անելիքների մասին»:

Մեծ հայրենասերը շարունակում է իր հայրենանվեր աշխատանքը Արցախի այլ դպրոցներում ևս: «Այս երեխաների աչքերին նայելով՝ զգում եմ, որ պետք է ապրենք, պետք է գոյատևենք: Պատմության մեջ մեր դերը սրանով չի սահմանափակվում»,- ասում է նա:

Հացի փոքրիկ գյուղի փոքրիկ դպրոցը մինչ պատերազմը 13 աշակերտ ուներ, այսօր էլ, ռազմական գործողությունների դադարից հետո, նույն 13 հոգի կազմով, շարունակում է ուսումնական գործընթացը: Ներկա են բոլոր ուսուցիչները: Գրիգորյանը նշեց, որ դժվար է սահմանից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա գտնվող գյուղում  ապրելը, մանավանդ՝ երեխաների համար: Բայց այլընտրանք չունեն, ու հացեցին կշարունակի ապրել, արարել, կրթել ու կրթվել սեփական գյուղում: