ՀԵՔԻԱԹ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԸ
Անի Մանգասարյան
Մոտենում է Ամանորը: Մայրաքաղաք Ստեփանակերտում մի տեսակ անտարբերություն է: Փողոցները կրկին լուսավորվել են, բայց գույները, կարծես, պակասում են: Վերածննդի հրապարակի եղևնիներին, պսպղուն խաղալիքների փոխարեն, դեռ երեկվանից ձյան փաթիլներ են: Հրապարակում նախատոնական եռուզեռ չկա, հազավգյուտ մարդկանց կարելի է հանդիպել: Արցախում դեմ են տոնական, հանդիսավոր միջոցառման.
-Այս Ամանորին որոշել ենք տանը տոնածառ չդնել, գունավոր լույսեր չվառել և տոնական սեղան չբացել: Արցախը սգի մեջ է, սա պետք է բոլորը հասկանան՝ մեծից-փոքր, պաշտոնյայից մինչև հասարակ աշխատող: Տանը թոռնիկներ ունեմ, որոնք դեռ սեպտեմբերից են սպասում տոնածառից խաղալիքներ կախելու և գունավոր լույսեր վառելու ակնթարթներին,-ասում է Արաքսյա տատիկը և ինձ մանդարին հյուասիրում ու շարունակում.
-Այ՜, էս մանդարինն էլ բավական է, որ սեղանին լինի և երեխաները կհասկանան, որ արդեն մոտենում է Ամանորը:
Հասկանում և ընդունում եմ Արաքսյա տատիկի տրամադրությունն ու ամեն մի խոսքը: Այս Ամանորին իմ տանն էլ վառ լույսեր չեն լինի, տոնածառ չի փայլփլի, բայց ուզում եմ փոքրիկներիս աչքերում միշտ ժպիտ ու ուրախություն լինի: Այսպես մտախոհ քայլում եմ նոր տարվա մասին ոչինչ չասող քաղաքի փողոցներից մեկով և զանգում է 7-ամյա փոքրիկս.
-Մամ, այսօր դպրոցում միջոցառում ունենք, ինձ կտանե՞ս:
Ստեփանակերտի Անդրեյ Սախարովի անվան համար 8 դպրոցում Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նախաձեռնությամբ կայացել է ,,Սպիտակաձյունիկը և 7 թզուկները,, ներկայացումը՝ տարրական դասարանի երեխաների համար: Թատերախումբը Արցախում է դեկտեմբերի 23-ից: Ներկայացման մեկնարկը տրվել է Ճարտար քաղաքում, այնուհետև ՝ Մարտակերտ, Ասկերան: Ստեփանակերտում ներկայացումը նախատեսվում է 3 օր՝ օրական 4 անգամ:
Ուրախալի է, որ այս օրերին տարբեր բարեգործական կազմակերպություններ փորձում են Արցախի բալիկներին ամանորյա գույներ նվիրել: Արդեն չեմ էլ հիշում, թե վերջին անգամ երբ եմ մանկան ժպտացող աչուկներ տեսել :
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրեն, դերասան Արման Նավասարդյանը շարունակեց ինձ .
- Մենք պարտավոր ենք մեր երեխաներին հեքիաթ պարգևել: Ներքին զգացողությամբ ցանկացած մարդ պետք է կապված լինի ժողովրդին ու ապրի նրա օրով և անհրաժեշտության դեպքում օգտակար լինի: Նման միջոցառումները պետք է շարունակական լինեն: Երեխաները մեղավոր չեն, որ պատերազմը վերսկսվեց, մեղավոր չեն, որ ապրում են սահմանին մոտ: Նրանց չպետք է մոտ թողնել մեր վշտին ու տառապանքին:
Դահլիճը լեցուն է, երեխաների ուրախությունը ջերմացնում է վերջին նստարանին նստած ծնողներիս: Փոքրիկները ծափահարում են, երբեմն պատասխանում ոչ իրենց ուղղված հարցերին, իսկ դերասնները պահի թելադրանքով ներկայացմանը անմիջապես մասնակից են դարձնում երեխաներին :
- Համազգային թատրոնը դեռևս 1992 թվականից Սոս Սարգսյանի գլխավորությամբ Արցախում պարբերաբար հանդես է եկել հյուրախաղերով: Միշտ եղել է Արցախի կողքին,-ասում է դերասանուհի, երգչուհի Ալլա Սահակյանը: –Սա մեր հայրենիքն է ու իմ առաջին այցը չէ Արցախ, բայց այս մեկը տարբերվեց մյուսներից և դա անհրաժեշտ էր ու կարևոր երեխաների համար: Փոքրիկներին լույս ու հույս պարգևելը համարում եմ նաև մեր առաքելությունը: Մենք՝ դերասաներս, մեր գործի զինվորն ենք, մենք էլ մեր գործը պետք է լիարժեք կատարենք ու նոր հեքիաթներ պարգևենք: Նշեմ, որ ,,Սպիտակաձյունիկն ու 7 թզուկները,, ներկայացումը համարվում է Համազգային թատրոնի սիրված ներկայացումներից, որը բեմում է շուրջ 10 տարի:
Ներկայացման ավարտին Սպիտակաձյունիկը բեմ հրավիրեց Ձմեռ պապիկին: Երեխաների ուրախությունն անսահման էր, իսկ փոքրիկ Արամի համար՝ անակնկալ.
- Մայրս ասել է, որ այս տարի շատ է ձյուն տեղացել և Ձմեռ պապիկը չի կարողանալու այցելել մեզ: Դրա համար մենք տոնածառ չենք դնում, բայց ես այսօր Ձմեռ պապիկին տեսել եմ դահլիճում և, նա համբուրել է իմ ճակատը,-մոր աչքերին նայելով ասում է Արամը:
Տոնածառ չենք դնելու, գունավոր լույսեր չենք վառելու, բայց մենք, իսկապես, պարտավոր ենք մեր փոքրիկներին ջերմ ժպիտներ ու տոնածառի գույներ պարգևել: