[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՃԱՄԲԱՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Գայանե ԳԵՎՈՐԳՅԱՆ

 Պատերազմից հետո ճամբար կազմակերպելու ցանկությունը, թերևս, շքեղություն կարելի էր համարել, եթե… ՛՛Հայկի սերունդ՛՛ ՀԿ-ի նախագահ Արմինե Պետրոսյանը, ով երրորդ պատերազմում կորցրեց ամուսնուն՝ Երվանդ Հաջիյանին, իր մեջ ուժ գտավ այդ քայլին գնալու։ Կյանքը շարունակվում է, երեխաները պետք է լիարժեք ապրեն։ Չնայած ժամանակ առ ժամանակ աչքերն արցունքոտվում են, բայց նա գիտակցում է՝ հանուն ում և ինչի պիտի շարունակի ապրել ու արարել։

Հենց այդ համոզմունքով էլ Ասկերանի շրջանի Լուսաձոր համայնքում  ՛՛Հայկի սերունդ՛՛ ՀԿ-ն կազմակերպեց 10-օրյա ամառային ճամբար՝ պատանիների և երիտասարդների համար։ Ճամբարի շրջանակներում էլ պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ գրողների, լրագրողների, ինչպես նաև՝ գյուղատնտեսների, սցենարիստների, սպասվում է նաև հանդիպում շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ։

Այդ շարքից էր նաև ՛՛Ազատ Արցախ՛՛ հանրապետական թերթի գլխավոր խմբագիր Նորեկ Գասպարյանի և լրագրողների հետ հանդիպումը։

Խարույկի շուրջ ծավալված զրույցը բավականին հետաքրքիր էր։ Նախ երիտասարդները ներկայացան հայրենասիրական երգերով, ասմունքով, իսկ կիթառահար Դավիթ Բաղրյանը գեղեցիկ կատարումներով տրամադրող մթնոլորտ ստեղծեց։ Այնուհետև երիտասարդները հյուրերին ուղղեցին իրենց հուզող հարցերը, որոնց գերակշիռ մասը լրագրության, գրականության մասին էր, անցկացվեցին զուգահեռներ գրքերի և ֆիլմերի միջև։ Բուռն քննարկում եղավ հատկապես <<ինչու՞ է անհրաժեշտ գրականությունը մարդուն>> թեմայի շուրջ։ Բնագիտական ուղղություն ընտրած երիտասարդներն համաձայն չէին այն մտքին, որ գրականությունը կարևոր դեր ունի մարդու կյանքում։ Երկար քննարկումներից հետո, ի վերջո, խոստովանեցին, որ իրենց համոզմունքները փոխվեցին ու կսկսեն ավելի շատ գրքեր կարդալ։

՛՛Եթե նույնիսկ մեկ պատանու մոտ այս հանդիպումից հետո սեր առաջանա դեպի գիրքը, ուրեմն արժեր այստեղ գալ՛՛,-նշեց ՛՛Ազատ Արցախ՛՛-ի գլխավոր խմբագիր Ն. Գասպարյանը։

Լրագրող Սիրվարդ Մարգարյանին՝ որպես ռազմական լրագրողի, հարց ուղղվեց, թե, այնուամենայնիվ, նրա կարծիքով, ինչու՞ պատերազմում պարտվեցինք։ Եվ փորձառու լրագրողն առանց վարանելու հաստատեց, որ իր զինվորը երբեք չի պարտվել։

Հաճելի օրն ավարտվեց՝ կրկին հանդիպելու ակնկալիքով։