ՊԸԼԸ-ՊՈՒՂԻՆ ԵՎ ... ԵՍ
Նվարդ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Թող արտառոց չթվա նման վերնագիրը։ Ահա թե ինչու. 44-օրյա անիծյալ պատերազմից ավերված իմ բնակարանում անվնաս մնացած եզակի իրերի շարքում ամենատոկունը մեր երկուսի դիմանկարներն էին՝ Պըլը-Պուղու և իմ։ Պատերազմի հենց առաջին շաբաթը, հոկտեմբերի 4-ին, թշնամու հրթիռակոծությունից ու հրետակոծությունից մեր շենքի մի հատվածը, ուր էր նաև իմ բնակարանը, լրիվությամբ ավերվել է։ Եվ հրաշքով փրկված այդ երկու նկարներն ամիսներ շարունակ մնացել են անդուռ, անպատուհան, անտանիք ավերակներում՝ անձրևից, քամուց, արևից՝ անպաշտպան։ Բայց, չնայած այդ ամենին, ասես, հրաշքով` շնչավորված, ապավինելով իրենց ներքին ուժին, երկուսն էլ չեն գունաթափվել, մնացել են իրենց նախկին շենշող տեսքով։
Պատերազմի ընթացքում մոտակա շենքերից մեկի նկուղում ապաստանածիս համար անհնար էր անգամ մուտքի աստիճաններով բարձրանալ՝ ավերակված տուն կոչվածի մեջ որևէ բան փրկելու հույսով։ Միայն հրադադարից հետո, ձմեռնամուտին, հնարավոր եղավ բորբոսնապատ, իրենց խեղճացած տեսքով սիրտ կսկծացնող գրքերս ու մի քանի անդամահատված իրեր հանել տան ավերակներից։
Մեր երկուսի դիմանկարները խաղաղ ու բարի ժամանակներում, հավուր պատշաճի, բնականաբար, զարդարում էին իմ տան պատերը։ Հուրախությամբ նշեմ, որ դրանք մշտապես գրավում էին իմ հյուրերի ուշադրությունը։ Եվ ես էլ սիրով ներկայացնում էի և՜ նկարիչներին, և՜ ինձ մոտ այդ գործերի հայտնվելու պատմությունը։ Այդ ժամանակ էլ ինձ համար խորհրդանշական էր, որ երկու նկարիչները կրում էին միևնույն՝ Գաբրիելյան ազգանունը...
Թող հանճարեղ առակախոսն ինձ ների, բայց պետք է սկսեմ իմ դիմանկարի պատմությունից, քանզի այն առաջինն է հայտնվել իմ կյանքում։ Հատկանշական է, որ կտավն ստեղծվել է արցախյան շարժման առաջին տարիներին, համարյա թե՝ պատերազմի նախաշեմին։ Հիշում եմ Սամվել Գաբրիելյան նկարչի արվեստանոցը գտնվում էր Ստեփանակերտի կենտրոնական շուկայի հանդիպակաց շենքի առաջին հարկում՝ նախկին ՙՄանկական աշխարհ՚ հանրախանութի տեղը։ Տողերիս հեղինակ` նորաբաց հեռուստատեսության աշխատողս, հաղորդում էի ուզում պատրաստել այդ ժամանակ իսկ իր ուրույն արվեստով առանձնացող նկարչի մասին, և նա համաձայնեց՝ շատ հետաքրքիր փոխադարձ առաջարկով. վրձնել իմ դիմանկարը։
Առաջին պահին տարօրինակ էր նման առաջարկը, քանզի, իմ կարծիքով, դա մեծահարուստների, ինքնասիրահարված նարցիսների մենաշնորհն էր՝ ժամերով կեցվածք ընդունել՝ սեփական դիմանկարն ունենալու համար։ Բայց ժամանակ անց՝ համաձայնեցի, այն էլ նկարչի տիկնոջ, անվանի մանկավարժ, իր ամուսնու ամեն մի ձեռնարկմանը սատարող՝ Անժելայի հորդորով։ Այդպես ամբողջացավ մտահղացումը, իսկ մեր աշխարհում արդեն որոտում էին թշնամու ՙԱլազանները՚, որոնք, ի դեպ, նաև պայթել են հենց արվեստանոցի մերձակայքում՝ վնասելով դռներն ու պատուհանները, նկարները։
Պատերազմից հետո Սամվել Գաբրիելյանի արվեստանոցի տեղը փոխվեց, բարեբախտաբար, նա կարողացավ փրկել իր գործերի մեծ մասը, այդ շարքում նաև իմ դիմանկարը։ Իմ բնակարանամուտի շնորհավորանքը եղավ նկարչի նվերը, և ես ամեն անգամ մտովի շնորհակալություն էի հայտնում նկարչին ու իր կնոջը՝ տաղանդավոր արվեստագետի մեկ գործն ունենալու հպարտությամբ։
...Պըլը-Պուղին, իհարկե, պատմական դեմք է, սակայն նրա դիմանկարը կերտելու համար անհարժեշտ էր բնօրինակի առկայությունը, ինչն իր պարագայում անհնար էր։ Մեր սիրելի առակախոսն ապրել է 18-րդ դարում և, բնականաբար, իր դիմանկարն ստեղծելու համար նկարիչների երևակայությանը լայն հորիզոններ է ուրվագծել, որոնք այնքան տեսանելի են իր թողած բանահյուսական նմուշներում։ Ասել է թե՝ շինական Պողոսի դիմագծերն այլաբանորեն թաքնված են իր խոսքում։
Եվ հենց այս հանգամանքն է ոգևորել նրա դիմանակարին անդրադարձող նկարիչներին՝ հուշելով, թե ինչ կերպար կունենար հանճարեղ զվարճախոսը։
Թերևս Ռուբեն Գաբրիելյան նկարիչն էլ չի կարողացել զսպել Պուղուն պատկերելու գաղթակղությունը։ Եվ դա իրականացվել է մի քանի վարիացիաներով, որոնցից յուրաքանչյուրն էլ յուրովի է մեկնաբանում միջնադարյան առակախոսի էությունը, նրա խառնվածքի որակները, որոնք էլ իրենց հերթին հնարավորություն են տալիս դիտողին ամբողջացնել իր մտապատկերում ունեցած Պուղու կերպարը։ Այս ամենի մասին իմ հիացական տպավորությունն եմ ներկայացրել նկարչին՝ իր երևանյան բնակարանում՝ հարցազրույցին զուգընթաց։ Արմատներով Ռուբեն Գաբրիելյանը Արցախի Քարագլուխ գյուղից է, ծնվել, հասակ է առել Բաքվում։ Գերազանցությամբ ավարտելով տեղի գեղարվեստի ուսումնարանը, բարձրագույն կրթությունը շարունակել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում /ներկայումս՝ Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա/։ Դեռևս ուսանելու տարիներին արժանանացել է ռուս անվանի արվեստագետների բարձր գնահատականին։ Առաջ անցնելով ասենք, որ նա անհատական ցուցահանդեսներ է ունեցել Չելյաբինսկում /ուր ապրել է երկար տարիներ/, Մոսկվայում, Երևանում, Ստեփանակերտում, Մոնրեալում, Լոս Անջելեսում, Սան Դիեգոյում։
Անվանի նկարչուհի էր նաև իր տիկինը՝ առաջացած տարիքում էլ գեղեցիկ դիմագծերը պահած Քնարիկ Հովհաննիսյանը։ Արցախյան շարժման նախաշեմին՝ 1986-ին, Ռուբեն Գաբրիելյանը Բաքվից տեղափոխվել է Երևան, ուր մինչ այդ բնակություն էին հաստատել կինն ու զավակները։ Դրան նախորդել է իր՝ հայ մտավորականի հանդեպ հերթական սպառնալիքը՝ բնակարանի հրկիզման փորձը Բաքվում։
Երևանում ապրում էին համեստ, ավելի ճիշտ՝ դժվարին կենցաղով։ Եվ այդ դժվարություններն այնքան անհամատեղելի էին նկարներից հառնող նրա պատկերած արցախցիներին, որոնք ոչ միայն ազնվականի հագ ու կապ ունեին, այլև հայացք ու տրամադրություն։ Որքան մեծ էր իմ ուրախությունը, երբ մեր հանդիպումից շատ չանցած ես ստացա Պըլը -Պուղու նկարը՝ համեմված արցախյան շքեղ կոլորիտով։ Ազգային գորգարվեստի նախշերով զարդարուն խուրջինով ծածկված էշի համետին արքայավայել բազմած Պուղին՝ իմաստնորեն մատը տնկած, հերթական առակն ու զվարճախոսությունն է ներկայացնում՝ բաց դարպասով մտնելով գյուղամեջ, ուր տարեցները՝ համբերանքի չիբուխով փիքր են անում աշխարհի անցուդարձի շուրջ։
Նկարն իր գունային գամմայով այնքան առինքնող է, սիրտ ջերմացնող, որ թվում է այդ աշխարհում ապրել են միայն երջանիկ մարդիկ։
Սա նկարչի երազանքն էր, որ իր հայրենի Արցախը դրախտավայր մնա՝ լի երջանկությամբ ու բարօրությամբ։ Տխուր դիպվածով՝ կնոջ՝ Քնարիկի մահվան քառասունքը դեռ չլրացած, Ռուբեն Գաբրիելյանը նույնպես 2015-ին հրաժեշտ է տվել երկրային կյանքին։
..Եվ հիմա արցախյան երրորդ պատերազմը ցմրուր ապրածի՝ ջրում խեղդվողի և ծղոտից բռնողի ներքնատեսությամբ պատահական չեմ համարում երկու Գաբրիելյանների պատկերած Պուղու և իմ դիմանկարների անվնաս մնալը՝ իբրև ևս մեկ ապացույց արհավիրքներին դիմակայելու մեր ուժի։
Շատ ուսումնասիրողներ Պուղու ծննդավայրը համարել են Շուշին, հայոց բերդաքաղաքը, որն այնպես ցավագնորեն այսօր էլ դարձել է թուրքի ոտքի կոխան։ Տասնամյակներով աչքը ճամփին հարազատի պես սպասել է իր ազատությանը և, հազիվ շունչ քաշել, բայց կրկին գերության մեջ հայտնվել։
Ինչ կասեր խոսքաշեն ու իր գնահատականներում անխնա Պուղին մեր ժամանակների մելիքշահնազարների մասին... Ա՛խր, ինքը հենց Շուշին քոչվոր ու իր ծագումով անհայտ ոչնչությանը նվիրող հերոսական Արցախի պատմության խարանի՝ Վարանդայի եղբայրասպան մելիքի մոտ էր ծառայում։ Նա անողոք քննադատում և ծաղրի էր ենթարկում մելիքի պակասությունները` առանց հետևանքների մասին մտածելու։
ՙԻմաստուն, զվարճախոս Պողոսը՝ Պուղին, որին ժողովուրդը սիրում էր արդարացիության, պարզության, շիտակության, բարության և խորը իմացությունների համար, ծառայության մեջ է մտնում ժամանակի ծախու բռնավորներից մեկի՝ մելիք Շահնազարի մոտ։ Եվ ահա այս դրամատիզմն է, որ կա Պուղու բոլոր զվարճախոսությունների, առակների ու զրույցների ենթատեքստում՝ իբրև նրա մտածողության հիմք։ Սրախոսելու, կատակելու, զվարճախոսելու և առակախոսելու բացառիկ շնորհներն էին, որ անշուշտ, ռամիկ Պողոսի համար ճանապարհ բացեցին դեպի մելիքի ապարանքը, սակայն նա, ծառայելով մելիքի մոտ, չծառայեց նրան, այլ շարունակեց մնալ, ինչպես մեծ գուսանն է ասում` խալխի նոքար, ժողովրդի նվիրյալ՚, -կարդում ենք գրականագետ Վարդան Հակոբյանի՝ Պուղուն նվիրված հոդվածում։
Եվ դա էր պատճառը, որ ժողովուրդը այդ խելոք, սրամիտ և համարձակ մարդուն սիրելով հանդերձ՝ ՙպըել՚, այսինքն` գիժ անունն է տվել։
Վահագն Դավթյանի տասնամյակներ առաջ երևացած խոսքը, նույնպես, մեր ժամանակների համար է. ՙԱրցախցու առնական տխուր դեմքն այսօր ավելի քան երբեք, կարիք ունի ժպիտի։ Այն ժողովուրդը, որ տառապանքի մեջ անգամ ժպտալ ու ծիծաղել գիտի, կենսունակ է և անպարտելի։ Պատահական չէ, որ Արցախը Պըլը-Պուղի է տվել հայ գրականությանը։ Դա արցախցու կենսասեր ոգու, նրա զվարթ խոսքի առհավատչյան է՚։
Հիրավի, Պուղուն անդրադառնում ենք ամենադժվարին պահերին, մեծ արվեստագետի լավատեսությունը, կենսասիրությունը մեր դժվարին օրերին խառնելու` մեր հոգսաշատ առօրյան փոքր-ինչ թեթևացնելու առումով։ Իսկ նշանները հարություն և զորություն են առնում, երբ դրանց հավատում են։ Արցախի փառաբանմանն իրենց արվեստով լեցուն փայլուն գործունեությունը նվիրած երկու տաղանդավոր արվեստագետների այս նշանին անհնար է չհավատալ... Նրանց ոգեղեն ներկայությունն է պատերազմ ապրած իրենց կտավների գույներն անխաթար պահել, ինչպես ապրողներս Արցախի գույներն ենք պահում՝ դրանց մեկ առ մեկ վերստին շնչավորելու փափագով...