[ARM]     [RUS]     [ENG]

ԱՌԱՆՑ ՔԵԶ, ԲԱՅՑ ՔԵԶ ՀԵՏ, ՄՈՆԹԵ՜

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ

 Այսօր` նոյեմբերի 25-ին, լրանում է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, Արցախի հերոս, Մարտունու ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, փոխգնդապետ, լեգենդար զորահրամանատար Մոնթե Մելքոնյանի` Ավոյի ծննդյան 64-րդ տարեդարձը։ Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին` ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Վայսելիա քաղաքում։

Հայրենիքի նվիրյալ հայորդու հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Մարտունու Վլադիկ Խաչատրյանի անվան արհեստագործական ուսումնարանում։ Ուսումնարանի սաները ներկայացրել են իրենց հարազատ քաղաքը և Արցախը պաշտպանած հերոսի կյանքն ու գործունեությունը։
Ուսումնական հաստատության փոխտնօրեն Գայանե Մաթևոսյանի խոսքով, Մոնթեն այսօր ավելի քան երբևէ մեր ինքնության խորհրդանիշն է, նորից մեր ուժը վերագտնելու ամենաիդեալական գործոնը։ Մոնթեն սերունդների համար ուղենիշ է, հերոսի իսկական մարմնացում։ Մենք պարտավոր ենք հավերժ սերունդներ դաստիարակել Մոնթեի օրինակով։
Այո, իրոք պարտավոր ենք, քանզի հավերժ հայրենիք ունի այն ժողովուրդը, որի որդիները գիտակցում են, որ ազգային ինքնության պահպանումը, սեփական արժեքների կրումը` երկիր, հզոր երկիր ունենալու առաջին պայմաններն են։ Մոնթեն իր հուշերում գրում է. ՙՄարդս մի քիչ պետական մտածողություն պետք է ունենա՚։
Շնորհավոր ծնունդդ խոնարհ հերոս, քո գործն անմահ է, դու ուղեկիցն ես մեր պատմության և եկող բոլոր սերունդների։

Հ.գ.
Մարտունիում ընդունված է ազնվության մասին խոսելիս ասել.
Մարդ պետք է մի քիչ Մոնթե լինի։