[ARM]     [RUS]     [ENG]

ՆԱՄԱԿ ՁՄԵՌ ՊԱՊԻՆ

Մեդինա ՄԵԺԼՈՒՄՅԱՆ

2010թ. հոկ­տեմ­բե­րին սփյուռ­քա­հայ բա­րե­րար Ա­րամ Ջա­բու­րյա­նի և ՙՖրան­սիա­յի բո­ղո­քա­կան ե­կե­ղե­ցու և Հա­յաս­տա­նի միջև հա­մե­րաշ­խու­թյուն՚ կազ­մա­կեր­պու­թյան ա­ջակ­ցու­թյամբ Աս­կե­րա­նի շրջ. Խնա­պատ գյու­ղում բաց­վեց ման­կա­կան խա­ղահ­րա­պա­րակ։ Մար­զա­դաշ­տի փոքր մո­դել հի­շեց­նող հրա­պա­րա­կը խնա­պատ­ցի ֆուտ­բո­լա­սեր տղա­նե­րի ա­մե­նա­սի­րե­լի վայրն է գյու­ղում։ Նրանք այս­տեղ գա­լիս են ա­մեն օր՝ ան­տե­սե­լով նույ­նիսկ վատ ե­ղա­նա­կը։

Ֆուտ­բո­լա­յին կր­քերն այս­տեղ ե­ռում են ոչ պա­կաս, քան իս­պա­նա­կան ցան­կա­ցած ա­կում­բում։ ՙՄիայն թե աս­ֆալ­տի վրա ֆուտ­բոլ խա­ղա­լը մի քա­նի ան­գամ մե­ծաց­նում է վնաս­վածք­ներ ստա­նա­լու հա­վա­նա­կա­նու­թյու­նը՚, - գոր­ծից գլուխ հա­նո­ղի տո­նով մեկ­նա­բա­նում է 11-ա­մյա Ա­վե­տը։ Նա ՙԼեռ­նա­յին Ար­ցախ՚ ա­կում­բի խա­ղա­ցող է և որ­պես կենտ­րո­նա­կան հար­ձակ­վող ար­դեն հասց­րել է իր ներդ­րումն ու­նե­նալ թի­մի հաղ­թա­նակ­նե­րում ինչ­պես Ար­ցա­խում, այն­պես էլ նրա սահ­ման­նե­րից դուրս։ Ե­րա­զում է պրո­ֆե­սիո­նալ ֆուտ­բո­լիստ դառ­նալ ու վաս­տա­կած ա­ռա­ջին խո­շոր գու­մա­րով հայ­րե­նի գյու­ղի խա­ղահ­րա­պա­րա­կը վե­րա­ծել խո­տա­ծած­կույ­թով իս­կա­կան մար­զա­դաշ­տի։ Հան­րա­հայտ դառ­նա­լու դեպ­քում էլ կպատ­մի բո­լո­րին, որ իր ֆուտ­բո­լա­յին կա­րիե­րան հենց այս­տե­ղից է սկս­վել։ Տղա­նե­րից ո­մանք էլ լա­վա­տես են և հա­վա­տում են, որ խա­ղահ­րա­պա­րա­կի վե­րա­նո­րո­գումն այդ­քան չի ու­շա­նա։ Հաս­տատ կգտն­վեն բա­րի մար­դիկ, ով­քեր չեն թող­նի, որ բաց եր­կն­քի տակ տա­րի­նե­րի ըն­թաց­քում շար­քից դուրս ե­կած պլաստ­մա­սից նս­տա­տե­ղե­րի պես, գոր­ծա­ծու­թյու­նից դուրս գա ամ­բողջ խա­ղահ­րա­պա­րա­կը։ Շուրջս խմբ­ված տղա­նե­րի խան­դա­վա­ռու­թյու­նը հա­մա­կում է նաև ինձ։ Հարց­նում եմ. ՙԻսկ ի՞նչ եք այս տա­րի խնդ­րե­լու Ձմեռ պա­պի­կից՚։ Նրանց միա­հա­մուռ ու­րախ քր­քիջն ինձ շփո­թու­թյան է մատ­նում. ՙԻ՞նչ Ձմեռ պա­պիկ։ Ոչ մի Ձմեռ պա­պիկ էլ չկա՚,- բո­լո­րի փո­խա­րեն մե­ծա­վա­րի ա­սում է 4-րդ դա­սա­րան­ցի Գեր­մա­նը, ու կար­ծես կան­խազ­գա­լով իմ հա­ջորդ հարցն՝ ա­վե­լաց­նում է. ՙԲայց ե­թե լի­ներ, ես միայն խա­ղա­ղու­թյուն կու­զեի՚։ Բո­լո­րի աչ­քե­րում լուռ հա­մա­ձայ­նու­թյուն է։ Գն­դա­կի մա­սին միառ­ժա­մա­նակ մո­ռա­ցած 10-12 տա­րե­կան տղա­ներն ի­րար ընդ­հա­տե­լով պատ­մում են՝ որ­քան վատ էր ան­ցած տա­րի տնից հե­ռու։ Խոս­տո­վա­նում են. ֆուտ­բո­լից ա­ռա­վել գյուղն են սի­րում ու ա­հա­վոր ջղայ­նա­նում են, երբ մե­ծե­րից մեկն ու մե­կը խոսք է բա­ցում ու­րիշ եր­կիր տե­ղա­փոխ­վե­լու մա­սին։
ՙՄենք հա­մա­խոհ­ներ ենք՚, -սա, ի­հար­կե, ա­սում եմ մտ­քում։ Միտքս, հա­վա­նա­բար, ան­թա­քույց հրճ­վան­քով ար­տա­ցոլ­վում է դեմ­քիս, ու ես շա­հում եմ խա­ղի գլ­խա­վոր մր­ցա­նա­կը՝ տղա­նե­րի վս­տա­հու­թյու­նը։ ՙՀարց ու պա­տաս­խան՚ ձևա­չա­փը փոխ­վում է բա­նա­վե­ճի։ Ար­տու­րիկն ու Ա­րե­նը փոր­ձում են հիմ­նա­վո­րել Ձմեռ պա­պի­կին չհա­վա­տա­լու ի­րենց փաս­տարկ­նե­րը, Գեր­մանն ու Է­դի­կը հա­րատև խա­ղա­ղու­թյան հաս­նե­լու սե­փա­կան բա­նաձևն են ներ­կա­յաց­նում, իսկ Ա­վե­տը շա­րու­նա­կում է մշա­կել Խնա­պա­տի ա­պա­գա մար­զա­դաշ­տի նա­խա­գի­ծը, ո­րին կնա­խան­ձեր ան­գամ ՙՈս­կե գն­դա­կի՚ յո­թա­կի մր­ցա­նա­կա­կիր Մես­սին։ Մի հար­ցում բո­լո­րը հա­մա­կար­ծիք են. հրաշք­ներ չեն լի­նում։ Ե­րա­զում ես ու­նե­նալ՝ աշ­խա­տիր։ Տղա­նե­րի գործ­նա­կան մո­տե­ցու­մը կյան­քին ու­րա­խաց­նում է, բայց վշ­տաց­նում է մե­դա­լի հա­կա­ռակ ե­րե­սը. ման­կու­թյան հե­քիա­թից դե­պի դա­ժան ի­րա­կա­նու­թյուն ան­ցու­մը մեր ե­րե­խա­նե­րի հա­մար կտ­րուկ ու ցա­վոտ էր։
Մո­տե­նում եմ պա­հես­տա­յին­նե­րի նս­տա­րա­նից մինչ այդ ըն­կեր­նե­րին լուռ հետևող տղա­յին։ Ութ տա­րե­կան Հայկն է։ Պա­տաս­խա­նում է ա­մոթ­խած, հա­զիվ լսե­լի ձայ­նով։ Ձմեռ պա­պի­կին հա­վա­տում ու ան­համ­բեր սպա­սում է։ Սպա­սում է, որ նա իր հետ հայ­րի­կին կբե­րի։ Հայ­րի­կը հե­ռա­վոր Ռու­սաս­տա­նում է աշ­խա­տում։ Նրան պատ­մե­լու շատ բան ու­նի, բայց տե­սա­կա­պով ա­մեն ինչ չես ա­սի։ Մայ­րի­կի, քրոջ ու փոք­րիկ եղ­բոր հետ հոր մոտ տե­ղա­փոխ­վե­լու գա­ղա­փա­րը մեր­ժում է ա­ռանց վա­րա­նե­լու. ՙՊա՞ մեր շկո­լը, պա՞ հն­գե­րունքս, պա՞ տա­տին ու պա­պին՚։ Փաս­տարկ­ներն, ան­շուշտ, ա­նա­ռար­կե­լի են։
Խա­ղահ­րա­պա­րա­կից հե­ռա­նում եմ ափ­սո­սան­քով։ Ափ­սո­սան­քով, որ ինքս էլ տղա­նե­րից ա­վե­լի փոքր տա­րի­քում կաս­կա­ծի տակ դրե­ցի Ձմեռ պա­պի գո­յու­թյու­նը։ Թե չէ հենց հի­մա կնս­տեի« ա­ռա­ջին ու միակ նա­մակս նրան կգ­րեի. ՙՍի­րե­լի՜ Ձմեռ պապ։ Ես եր­բեք քեզ­նից ո­չինչ չեմ խնդ­րել։ Հի­մա էլ չէի խնդ­րի, ե­թե չլի­նեին իմ արևոտ գյու­ղի հրաշք տղեկ­նե­րը։ Նրանք ՙայ­ֆոն՚ ու հե­ծա­նիվ չեն ու­զում։ Ի­րենց փոք­րիկ խա­ղահ­րա­պա­րակն էլ, ո­րի աս­ֆալ­տին հա­զար ան­գամ ոտ ու ձեռ են ջար­դել, չեն փո­խի է­լի­տար Սան­տյա­գո Բեր­նա­բեուի հետ։ Աշ­խար­հի բյուր հրա­շա­լիք­ներն էլ չեն ու­զում. դրախ­տը նրանց հա­մար ՙԽնա­պատ՚ ա­նունն ու­նի։ Վերևում` խա­ղաղ եր­կինք, ներքևում ողջ ու ա­ռողջ հայ­րիկ են ու­զում։ Մնա­ցածն ի­րենք կա­նեն, երբ ժա­մա­նա­կը գա՚։