Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԲԱՔՎԻՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ ԵՆ ԿԱՆԳՆԵՑՆՈՒՄ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

Անցած քաղաքական շաբաթվա իրադարձություններից հարկ է առանձնացնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացման հերթական շրջանցումը, ինչը հնարավորություն է տալիս Միացյալ Նահանգներին ուղղակի ռազմական աջակցություն տրամադրել Ադրբեջանին։ Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանի բնորոշմամբ՝ Բայդենի որոշումը քաջալերում է Ադրբեջանի նախագահին՝ շարունակել հայ ռազմագերիների անօրինական ազատազրկումը, մահաբեր հարձակումներն Արցախի դեմ և հայկական սուվերեն տարածքի օկուպացիան։ 907-րդ լրացումը, որն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին, սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող օգնությունը, քանի դեռ այս երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ։ Կոնգրեսը, սակայն, 2002թ. ուղղում է մտցրել 907-րդ լրացման մեջ, համաձայն որի՝ թույլատրվում է նախագահի կողմից ակտի կասեցումն ու ռազմական աջակցության տրամադրումն Ադրբեջանին։ Նկատենք, որ Բայդենի որոշումը հրապարակվեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Կարին Դոնֆրիդի՝ Հարավային Կովկաս կատարած այցից հետո։

Սպիտակ տան մեկ այլ մեսիջ Հայաստանին էր ուղղված. ՀՀ-ում՝ ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում Բայդենն առաջարկեց Քրիստինա Քվիենի թեկնածությունը։ Նա կադրային դիվանագետ է, ներկա դրությամբ՝ Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատարը։ Գործող դեսպան Լին Թրեյսիի պաշտոնավարման ժամկետը մոտենում է ավարտին, հավանաբար, նոր դեսպանն իր լիազորությունները կստանձնի աշնանը։ Ամերիկայի հայկական համագումարը ողջունեց Քրիստինա Քվիենի թեկնածությունը՝ միաժամանակ բարձր գնահատելով ներկայիս դեսպան Լին Թրեյսիի գործունեությունը, մասնավորապես ՀՀ Սյունիքի մարզում նրա կատարած աշխատանքը։ Համագումարը կոչ արեց ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությանը՝ հաստատուն ներկայություն ապահովել Սյունիքում, ինչպես նաև Արցախում։

Տարածաշրջանային զարգացումների առնչությամբ օրերս տեսակետ արտահայտեց ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ ասելով հետևյալը. «Արևմուտքի համար գուցե անկանխատեսելի դասավորություն ստեղծվի աշխարհում, Հարավային Կովկասում՝ ևս»։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը հետևում է նաև ԵՄ-ում ծավալվող բանակցություններին և համարում, որ դրանք երկարաձգվելու են, իսկ Ռուսաստանի համար հետագա բոլոր զարգացումները կախված են ուկրաինական պատերազմից։ Վերլուծաբանն, ըստ էության, նկատի է ունեցել այն, որ Եվրամիության երկրները բավարարվել են Ուկրաինային ու Մոլդովային, որոնք հետխորհրդային տարածքի պետություններ են, Եվրամիության անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ տալով՝ նրանց անդամակցության գործընթացը թողնելով ապագային։ Բացի այդ, ԵՄ-ն անդամակցության թեկնածուի կարգավիճակ չշնորհեց Վրաստանին, ինչը միանգամայն սպասելի էր։ Դա հարուցեց պաշտոնական Թբիլիսիի դժգոհությունը. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բացահայտորեն քննադատեց Եվրոպական խորհրդի որոշումը՝ շեշտելով, որ եթե կա մի երկիր, որի համար պետք է դաշինքն իր դռները բացի, դա նախևառաջ Վրաստանն է, հետո միայն Ուկրաինան ու Մոլդովան։ Արևմուտքում նախապատրաստվում են Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովին։ Դաշինքի համար ներկայումս առաջնահերթություն է ռուս-ուկրաինական պատերազմում Ուկրաինայի պարտությունը բացառելը։ Իրավիճակն ակնհայտորեն հակամարտության գոտում Ռուսաստանի ռազմական գերազանցության մասին է վկայում։ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը «EI Pais»-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ մադրիդյան գագաթնաժողովը պատմական է լինելու մի շարք պատճառներով։ 30 գործընկերների հետ հանդիպումը տեղի կունենա Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում անվտանգության հետ կապված ճգնաժամի ամենասրված շրջանում, կկայացվեն բազմաթիվ որոշումներ։ «Մենք պայմանավորվածություններ ենք ձեռք բերելու մեր կոլեկտիվ անվտանգության խոշոր փոխակերպումների վերաբերյալ, ինչպիսիք չեն եղել սառը պատերազմի ավարտից ի վեր»,- հայտարարել է Ստոլտենբերգը։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքու կատարած այցը նույնպես զերծ չէր ազդակներից։ Կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց Սյունիքում տիրող իրավիճակին։ Ներկա դրությամբ Սյունիքն Ադրբեջանի մտահոգության առանցքում է՝ «միջանցքի» հետ կապված երազանքը կյանքի կոչելու առումով։ Սյունիքի հետ կապված ծրագրեր ունեն Ռուսաստանն ու Արևմուտքը։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ադրբեջանական ղեկավարությանը ևս մեկ անգամ հասկացրեց, որ 2020թ. պատերազմից հետո Հայաստանն ու Ադրբեջանը պետք է առաջնորդվեն նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններով։ Դա նշանակում է աչքի առաջ ունենալ հարավկովկասյան տարածաշրջանում առկա նոր իրողությունները։ Ինչպիսի՞ ընտրություն կկատարի Բաքուն աշխարհաքաղաքական վերադասավորումների պարագայում։ Մի կողմից արևմտյան աջակցությունն է և «կոլեկտիվ անվտանգության խոշոր փոխակերպումների» մասին հավաստիացումները, մյուս կողմից՝ տարածաշրջանի գլխավոր դերակատար Ռուսաստանը, որը փորձում է Ադրբեջանին պահել իր ազդեցության ծիրում։