[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ԼԻԼԻԻ ԾԱՂԻԿՆԵՐԸ

 

Նրա ժպիտը նոր գույն է ստանում ամեն մի ծաղկի բացվելու հետ: Եվ օրը սկսում է ծաղիկների հետ երկխոսությամբ: Սպորտային հագուստով  ու համահունչ  սանրվածքով փոքրիկին հաճախ կարելի է  տեսնել «Լիլի»  վարսավիրանոցի սրահում: Հանդիպեցինք նույն վայրում՝ աշխատանքի թեժ պահին:

«Անունդ  ի՞նչ  է»,- հարցնում եմ:

Նայում է ու չի խոսում: Ծաղիկների գույներով տարված իր գործն է շարունակում: Ծաղիկները մայթեզրին են: Փորձում եմ ֆիքսել գեղեցիկ ակնթարթը՝ շրջանցելով կայանած ավտոմեքենան:

«Պապուս մաշինին նի չի կյաս»,-զգուշացնում  է:

Հայրիկի մեքենային  դիպչելով` ահա այս կադրը հաջողացրի:

Ծանոթացեք,  Լիլին է, ծնվել է  2020թ.՝ պատերազմից  կես տարի առաջ: Նա Արցախյան 44-օրյա պատերազմում ծանր վիրավորված, երրորդ կարգի հաշմանդամ, հրետանավոր, կապիտան Հայասեր Պետրոսյանի դուստրն է: Նորաբաց վարսավիրանոցը կրում է իր անունը: Այստեղ սպասող  հաճախորդները երբեք չեն հոգնում: Մինչ ծնողներն իրենց գործին են, նա եկող-գնացողին  կոնֆետ է հյուրասիրում ու համով զրույցի բռնվում: Լիլիի թուլտվությամբ Հայասերի հետ սկսում ենք մեր զրույցը:

2020թ. սեպտեմբերի 27

Մարտակերտի շրջանում էի՝ մարտական հերթապահության: Լուսաբացն արյունոտվեց: Հստակ գիտեի  իմ անելիքն ու միանգամից գործի անցա: Դեռ 2016թ.-ին  առնչվել էի պատերազմին: Կյանքի ու մահվան սահմանագծին պարտվել չկա: Կարճ ժամանակում տղաներս զբաղեցրին իրենց մարտակարգը, և զեկուցեցի, որ պատրաստ ենք մարտի: Ունեցանք  մարդկային կորուստներ, բայց չընկրկեցինք… Բազում փորձություններ հաղթահարեցինք, բայց հոկտեմբերի 6-ին ծանր վիրավորվեցի:

         Հայասեր Պետրոսյանը մինչև նոյեմբերի 27-ը Մարտակերտի հոսպիտալում, Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում  և Երևանի «Աստղիկ»  բժշկական կենտրոնում մի շարք վիրահատություններ է տարել: Ցավին պետք է կարողանալ հաղթել՝ասում է:

Հ. Պետրոսյանը ծննդով Մարտունու շրջանի Մուշկապատ գյուղից է: Ավարտելով միջնակարգը, 2009թ.   ուսումը շարունակել է Երևանի  Վազեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ապա՝ որպես հրետանավոր, լեյտենանտի կոչումով համալրել  ՊԲ  շարքերը: 

Ցավդ չես զգում, երբ...

Գիտակցության գալով առաջինը փորձեցի սահմանից տեղեկանալ: Բոլորը լավատեսությամբ էին խոսում: Անընդհատ կապի մեջ էի վերադաս հրամանատարության ու իմ ծառայակիցների հետ: Իրավիճակը վերահսկելի  է՝ ասում էին: Երանի~ շուտ  վերականգնվեի ու վերադառնայի ծառայության: Բայց նոյեմբերի 9-ին հեռուստատեսությամբ լսեցի  չարաբաստիկ լուրը: Անբացատրելի է այն զգացողությունը, որ այդ պահին ունեցա… Կորսված երկրի ցավն ավելի մեծ տառապանք է, քան վերակենդանացման բաժանմունքում սեփական ցավի հետ կռիվ տալը...

        Հայասեր Պետրոսյանը, գիտակցելով, որ առողջական խնդիրների պատճառով չի կարողանալու կրկին վերադառնալ  զինվորական գործին, բուժմանը  զուգահեռ, իր նախաձեռնությամբ, Երևանում ձեռք է բերել վարսահարդարի  մասնագիտություն: Ընտանիքով Ստեփանակերտ  է տեղափոխվել  2021 թվականի գարնանը: Վերջերս Սասունցի Դավիթ 39 հասցեում վարձակալել և բացել է «Լիլի»  վարսավիրանոցը: Կինը՝ Էլիտան, մասնագիտությամբ բուժքույր է, հաճախել  է նաև  վարսահարդարի դասընթացներին: Այստեղ աշխատում են ընտանիքով:

      Փոքրիկ Լիլին դեռ մանկապարտեզ  չի հաճախում: Վարսավիրանոցի մի անկյունում, կարծես, անտարբերության մատնված տիկնիկներն են: Լիլին ժամանակ չունի նրանց համար, շատ է զբաղված: Հայրիկի աճեցրած ծաղիկներն անխնամ թողնել չի կարելի:

Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ