[ARM]     [RUS]     [ENG]

ԿՅԱՆՔԻ ԱՆԻՎԸ

Յուրաքանչյուր ազգ աշխարհին հայտնի է իր մշակույթով. այն կերտում է ազգային դիմագիծ, որով և ստեղծում ազգային մշակույթի պատմություն:

Հայկական մշակույթը դարերի ընթացքում աճեց, հղկվեց ու զարգացավ, չնայած թշնամու կողմից բազմիցս ենթարկվեց մշակութային վանդալիզմի: Ի հեճուկս դարավոր մեր հակառակորդի նկրտումների՝ հայկական մշակույթը կարողացավ ապրել, աշխարհին ներկայանալ հզոր մշակութային գործիչներով, անուններ, որոնք կերտեցին պատմություն: Այսօր ևս անհրաժեշտություն կա մշակույթի ոլորտում սեփական դրական հետքը թողնել: Այս միտքը կիսում է նաև Շուշիի պատկերասրահի տնօրեն Հովիկ Գասպարյանը: Նա ծնվել է 1961թ. Շուշիում: Մինչև 7-րդ դասարանը հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը, հետո՝ ընտանիքը Ստեփանակերտ տեղափոխվելուց, հաճախել է Ստեփանակերտի հ.1 միջնակարգ դպրոցը: Ավարտելով այն՝ Հ. Գասպարյանը որոշում է մասնագիտանալ կերպարվեստի բնագավառում, քանզի անսահման սեր ուներ դեպի նկարչությունը, պատկերներ գծելն ու ստեղծելը, որոնց մեջ ներդրվում է միտք ու գաղափար: Նա ընդունվել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի ՙԳեղանկարչություն՚ բաժինը, որտեղ և ուսանել է չորս տարի: Այդ տարիների ընթացքում Հ. Գասպարյանը հասցրել է հմտանալ սիրած մասնագիտության մեջ, ինչը և թույլ է տալիս նրան նկարներ ստեղծել արդեն հմուտ մասնագետի ձեռամբ, մասնակցել բազում ցուցահանդեսների: Ուսումն ավարտելուց հետո նա տեղափոխվել է Ստեփանակերտ, աշխատանքի անցել Ստեփանակերտի արվեստի կենտրոնում: Արցախյան պատերազմից հետո, երբ ազատագրված էր բերդաքաղաք Շուշին, Գասպարյանների ընտանիքը տեղափոխվել է այստեղ: Շուշիում Հ. Գասպարյանն աշխատում է Արամ Մանուկյանի անվան գիմնազիայում և Արսեն Խաչատրյանի անվան քոլեջում` որպես նկարչության մասնագետ: Նրա ուսանողներից Արտակի (ով այսօր կայացած նկարիչ է և դասավանդում է Ա. Խաչատրյանի անվան քոլեջում) խոսքով՝ նկարչական արվեստի հիմնադիրը մերօրյա Շուշիում Հ. Գասպարյանն է՝ որպես ասվածի վառ օրինակ նշելով բերդաքաղաքի պատկերասրահի բացումը: ՙԱյն հաճախ անվանում ենք նաև ծննդատուն, որտեղ ծնվում են ապագա լավ նկարիչներ՚: Արտակ Պողոսյանն իր ուսուցչին, այսօր արդեն իր գործընկերոջը, բնորոշում է լավագույն հատկանիշներով: Իսկ Դավիթը, ով նույնպես ժամանակին Գասպարյանի սանն է եղել, նրա մասին խոսում է մի առանձին հիացմունքով։ 1994 թվականին Ակսել Կնյազյանն ու Հովիկ Գասպարյանը բացում են Շուշիի պատկերասրահը, որտեղ ցուցահանդեսներ են կազմակերպվում նկարիչների մասնակցությամբ և օգնությամբ: Հ. Գասպարյանը գծանկարչության և գունանկարչության մասնագիտությամբ դասախոսում է նաև ՙԳյուրջյան՚ կիրառական արվեստի ինստիտուտում: Իսկական արվեստագետի ստեղծագործության մեջ նա ամենագլխավորը համարում է սերը. ՙԱմեն ինչի հիմքում ընկած է սերը,-ասում է նա և շարունակում,-իսկ յուրաքանչյուր նկարիչ ունի իր առանձնահատկությունը…՚: Հ. Գասպարյանը մասնակցում է բազում ցուցահանդեսների աշխարհի տարբեր երկրներում ու քաղաքներում. Մոսկվա, Լենինգրադ, Կանադա, Բեյրութ, Գերմանիա և այլն: Խոսելով ներկա սերնդի և նրա մասնագիտացման մասին` Հ. Գասպարյանն այն կարծիքն է հայտնում, որ քիչ չեն շնորհքով ուսանողները, որոնց մոտ բացակայում է աշխատասիրությունը, ինչի պատճառով էլ նրանք դժվար թե կարողանան խորանալ ընտրած մասնագիտության մեջ: Որպես նկարիչների միության նախագահ՝ Հ. Գասպարյանն, անշուշտ, ունի ծրագրեր և անելիքներ: Նրա ցանկությունն է, Արցախի նկարիչների միությունը տեղափոխել Շուշի և հաստատել պատկերասրահի շենքում: Կերպարվեստն իր ուրույն տեղն ունի մշակույթի զարգացման մեջ, հատկապես երբ այս բնագավառում հմուտ մասնագետներ են գործում: Մեր զրույցի ընթացքում նկարիչն աշխատում էր մի ստեղծագործության վրա, որը կոչվում է ՙԿյանքի անիվ՚: Հենց դա էլ խորհրդանշական այն շարժիչ ուժն է, որ ապահովում է կայուն առաջընթաց… 

 Անժելիկա ՄԿՐՏՉՅԱՆ