Logo
Print this page

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒՄԸ՝ ՄԵՐ ՄԵԾ ՑԱՎԻՆ ՍՊԵՂԱՆԻ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հոկտեմբերի 26-ին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի դահլիճում տեղի է ունեցել Ֆրանսիայից ժամանած ՙՆաիրի՚ լարային կվինտետի համերգը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Կվինտետի գեղարվեստական ղեկավարն ու համերգային ծրագրի հեղինակը ջութակահար և դիրիժոր Հայկ Դավթյանն է։ Դեռ 2007-ին Փարիզի բարձրագույն կոնսերվատորիայի դասախոս, ջութակահար, դիրիժոր Հայկ Դավթյանը կարողացավ իր շուրջը հավաքել ֆրանսիացի տաղանդավոր երաժիշտների և ստեղծել խորհրդանշական ՙՆաիրի՚ անունը կրող կվինտետը, որի նպատակն էր ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ աշխարհի տարբեր բեմերում կատարել ոչ միայն եվրոպական, այլև աշխարհի այլ ազգերի, այդ թվում և հայ ժողովրդի ճանաչված ու սիրված կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ինչպե՞ս նրան հաջողվեց իրականացնել նման առաքելությունը. այս և այլ հարցերի շուրջ ընթացավ հարցազրույցը Հայկ ԴԱՎԹՅԱՆԻ հետ:Փոքրիկ տեղեկանք. Հայկ Դավթյանը, լինելով ՀՀ վաստակավոր մանկավարժ Տ. Հայրապետյանի և ՀՀ ժողովրդական արտիստ Է. Թադևոսյանի սանը, 1985-ին գերազանցությամբ ավարտում է Երևանի պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը և արժանանում հանրապետության, համամիութենական մրցույթների դափնեկրի կոչման: 1990-ին ավարտում է նաև կոնսերվատորիայի դիրիժորական բաժինը: Այդ տարիներին նա ղեկավարում է մի շարք ներկայացումներ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում, վարում Հայաստանի պետական ռադիոյի և հեռուստատեսության նվագախմբի համերգները: 1991-ին տեղափոխվում է Ֆրանսիա: Այսօր Փարիզի բարձրագույն կոնսերվատորիայում դասավանդմանը և տեղի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարմանը զուգահեռ, նա շարունակում է մենակատար ջութակահարի գործունեությունը: Պարբերաբար հրավիրվում է ելույթների Հայաստանի ֆիլհարմոնիկ և Երիտասարդական նվագախմբերի հետ որպես ջութակահար, նաև որպես դիրիժոր` հայ ունկնդրին ներկայացնելով եվրոպական և ֆրանսիական երաժշտության անծանոթ էջերը: - Պարոն Դավթյան, ինչո՞ւ հենց ՙՆաիրի՚ անվանումն ընտրեցիք խմբի համար: -Շատ հնչեղ է և խորհրդանշական, քանի որ խմբի գլխավոր նպատակներից է հայ դասական, հոգևոր, ազգային երաժշտությունը ներկայացնելը: Այսինքն, մեր խումբը, բոլորիս ընկալմամբ, որպես հայ ժողովրդի լավագույն դեսպան՝ աշխարհին ներկայացնում է հայ երաժշտարվեստը: Բոլորս էլ իրար հետ աշխատել ենք, իրար լավ ենք ճանաչում, ուստի և գաղափարն այդ ստացվեց: Իհարկե, կարելի էր խումբը հավաքել հայ երաժիշտներից և ավելի հեշտ լուծել հարցը, բայց գտնում եմ, որ այսպես ավելի ճիշտ է, քանի որ երկու խնդիր ենք լուծում. օտարները ևս ճանաչում են մեր երաժշտությունը, ընդհանրապես հայ մշակույթը և դառնում մերը: Արդեն 9 տարի այս անունով է գործում կվինտետը: -Ինչպե՞ս եք ընտրում երկացանկը: -Նայած նպատակին: Օրինակ, այս նախագծի համար փորփրել, փնտրել եմ այնպիսի նյութեր, որ հնարավոր լիներ լավագույն կերպ ներկայացնել թեման: Ասենք՝ Բրիտտենի ՙպարզ՚ սիմֆոնիան: Այդ գործը նա գրել է 1915 թվականին, երբ Եվրոպայում արյունալի պատերազմ էր գնում: Նա տեղյակ էր հայերի կոտորածներին: Մեկ այլ կոմպոզիտոր Ռեսպիգին նույնպես քաջատեղյակ էր հայերի ճակատագրին: Եվ նա մեր ազգի համար ինչ-որ մի բան էր ուզում անել, գրել որևէ ստեղծագործություն: Եվ նա գրեց ՙՄայրամուտն՚ ու նվիրեց հայ ժողովրդին` կիսելով նրա վիշտն ու ցավը: Հենց այդ ստեղծագործությունն էլ մենք կատարեցինք: Ցեղասպանությունը ոչ միայն ֆիզիկական բնաջնջում էր, այլև հոգևոր, մշակութային ժառանգության ոչնչացում: Այսինքն, թուրքերի նպատակն էր ջնջել ազգի ամբողջ էությունը, արմատախիլ անել այն: Ես անպայման ուզում էի ընդգծել հայ ժողովրդի հոգևոր արժեքները և անմահ ոգին: Կարծում եմ, ղարաբաղցիները լավ գիտեն` ինչ է ոգին: Եթե չիմանային, չէին կարող դիմադրել խորհրդային տարիներին, իսկ հետո էլ պատերազմում հաղթող դուրս գալ: Մեր ժողովրդի միակ փրկությունն ամուր ոգի ունենալն է, ինքնուրունությունը պահպանելը։ -Հավատու՞մ եք, որ երբևիցե մեր կորցրած հողերի տերը կդառնանք, Արևմտյան Հայաստանում նորից կապրի հայը: ¬Ճիշտն ասած, հարցին միանշանակ չեմ կարող պատասխանել։ Բայց եթե կարողանանք պահել գոնե այն, ինչ ունենք, և կարողանանք մի փոքր ավելացնել ցանկացած ասպարեզում, դա արդեն մեծ բան կլինի մեզ համար: Իսկ ամենամեծ ցանկությունս այն է, որ այժմյան Հայաստանը ծաղկի, բարգավաճի, ինքնիշխան լինի: Հզորանա այնքան, որ գաղթը ոչ թե դեպի դուրս, այլ դեպի ներս լինի: Աշխարհի հայերը գան, Հայաստանն ավելի ծաղկեցնեն: -Ձեր պրոֆեսիոնալ ուղու մասին՝ մի քանի խոսք: -Կարծում եմ՝ իմ պրոֆեսիոնալ ուղին շատ ավելի մասնագիտացված ընթացք է ստանում: Ես դասավանդում եմ Փարիզի բարձրագույն կոնսերվատորիայում և մեծ հաճույք եմ ստանում ջութակով հանդես գալուց, ինչպես և մանկավարժական գործունեությունից: -Ի՞նչը Ձեզ տարավ Ֆրանսիա: -Սերը: Բայց՝ ոչ մութ ու ցուրտ տարիները: Մենք չէինք մտադրվում դուրս գալ հայրենիքից: Բայց այդպես ստացվեց: -Ինչպե՞ս են կվինտետի անդամներն ընկալում հայկական երաժշտությունը: Ըստ Ձեզ, նրանք կարողանո՞ւմ են ներթափանցել հայ երաժշտարվեստի հոգու մեջ: ¬Նրանք մեծ հաճույքով ու սիրով են նվագում հայկական երաժշտությունը: Տեսեք՝ քանի տարի են արդեն նվագում, այն էլ` հրաշալի: -Օտար հանդիսատեսն ինչպե՞ս է լսում, ընդունում հայկական երաժշտությունը: -Մեր հանդիսատեսները հիմնականում հայերը չեն: Ասեմ Ձեզ, նրանք շատ են սիրում հենց հայկական երաժշտությունը: Մենք համերգներով հաճախ ենք հանդես գալիս թե՜ Ֆրանսիայում և թե՜ աշխարհի տարբեր երկրներում: Նվագում ենք տարբեր կոմպոզիտորների, ժողովուրդների երաժշտությունը, բայց հենց հայկականի հանդեպ մեծ սեր, նախընտրում կա: -Կարելի՞ է ասել, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ աշխարհով մեկ անցկացվող բազմաթիվ միջոցառումներն առիթ են դառնում, որ հայ երաժշտարվեստին աշխարհն ավելի լավ ու լայնորեն ծանոթանա: -Անշուշտ։ Միջոցառումներն այդ առիթ են դառնում, հնարավորություն ստեղծում, որ ավելի խոր ու լայնորեն ներկայացվի հայկական երաժշտությունը, ընդհանրապես մշակույթը: Ես էլ, առիթն օգտագործելով, ուզում եմ շնորհակալական խոսքս ասել Ֆրանսիայի պետությանը և Ֆրանսիայի ժողովրդին: Այն չափով, ինչպես Ֆրանսիայում նշվեց տարելիցը, որքան ես եմ տեղյակ, որևէ այլ երկրում չարվեց: -Մտադրություն ունե՞ք վերադառնալու, դասավանդելու հայրենիքում: -Այո, մտադրություն ունեմ, բայց երբ դա կլինի՝ չեմ կարող ասել: 

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.