[ARM]     [RUS]     [ENG]

ԻՍԿ ՍՊՈՐՏՈՒՄ ԲԱՌԵՐՆ ԱՎԵԼՈՐԴ ԵՆ

Մեր մարզիկը մասնակցել է Խուլերի Եվրոպայի առաջնությանը

  Վերջին տարիներին մեզ մոտ զգալի առաջընթաց կա՝ կապված հասարակության խոցելի խմբերին, այդ թվում նաև` խուլ և թույլ լսողություն ունեցող անձանց հասարակությանն ինտեգրելու հետ: Նման ուղղվածություն ուներ նաև հոկտեմբերի 27-31-ը Երևանում կազմակերպված՝ ՝ խուլերի մարտարվեստների Եվրոպայի անդրանիկ առաջնությունը, որին մասնակցել է նաև ԼՂՀ խուլերի միավորման պատվիրակությունը: Կազմակերպության նախագահ Բելա Գրիգորյանի տեղեկատվությամբ` առաջնության անցկացումը ծրագրված էր Խուլերի Եվրոպայի միջազգային ֆեդերացիայի կողմից, այն կազմակերպել է Խուլերի հայկական սպորտային կոմիտեն: Միջոցառմանը մասնակցել են եվրոպական 17 պետություն ներկայացնող 187 մարզիկներ, որոնք մրցել են ձյուդո, կարատե և թաեքվանդո մարտարվեստներում: Հայաստանից ոսկե մեդալի են արժանացել Ա. Մելիքսեթյանն ու Ռ. Գևորգյանը: Մեզ հետ ունեցած զրույցում Բ. Գրիգորյանը նշեց, որ մասնակիցների մեջ կային բավական լավ տվյալներ ունեցող մարզիկներ, ովքեր հաջողությամբ հանդես են գալիս միջազգային մրցահարթակներում և նվաճում չեմպիոնական կոչումներ: Նա նաև հպարտությամբ նշեց, որ առաջին անգամ մեր հանրապետությունը ներկայացնող 25-ամյա ձյուդոիստ Նարեկ Հայրիյանը հիանալի մասնակցություն է ցուցաբերել առաջնությանը` իր անվան դիմաց գրանցելով գերազանց արդյունքներ: ՙՄեր մարզիկը չնայած չդարձավ մեդալակիր, սակայն իր մարզավիճակով գրավեց բոլոր մրցավարների ուշադրությունը: Մրցավարական կազմը շատ ներկայացուցչական էր. մի մասն ընտրված էր Եվրոպայից, մի մասն էլ ներկայացնում էր առաջնությունը կազմակերպած կողմը` Հայաստանը: Նրանք բոլորն էլ այն կարծիքին էին, որ հաջորդ մրցաշարին, ի դեմս Ն. Հայրիյանի, մենք կունենանք ևս մեկ ոսկե մեդալակիր՚: Նարեկը սպորտով զբաղվում է տասը տարուց ավելի: Սկզբում, իր խոստովանությամբ, շատ էր դժվար, ինչպես համր և լսողության խանգարումներ ունեցող իր հասակակիցներից շատերը, տղան հաշտվել էր այն մտքի հետ, որ ինքը չի կարող դառնալ հասարակության լիարժեք անդամ: Հիմա այդ վախը հաղթահարվել է, և նրա կեցվածքում գերակայողը հավատն է և ինքնավստահությունը: Այս ամենի համար երիտասարդը երախտապարտ է Խուլերի միավորմանը և իր մորը: Նարեկի հայրը զոհվել է Արցախյան պատերազմում: Լսող և խոսող ծնողներ ունեցող երեխան հաշմանդամություն է ստացել բժշկական սխալի արդյունքում, ինչի մասին չի ուզում խոսել: Ոչ լրիվ միջնակարգ կրթություն ստացել է ՀՀ հատուկ դպրոցում, սակայն դպրոցն ավարտելուն խանգարել է ծանր վիրուսային հիվանդությունը: Նկատելով տղայի սերը սպորտի հանդեպ, մայրը դիմել է տարբեր մարզիչների, և տարիների տքնաջան աշխատանքն իր արդյունքն է տվել: Նարեկը պատրաստվում է ներկայացնել մեր հանրապետությունը 2017 թվականին Թուրքիայում անցկացվելիք հաջորդ առաջնությանը: Հայաստանյան մարզիչները երիտասարդին խորհուրդ են տվել նաև ազատ ոճի ըմբշամարտով զբաղվել: ԼՂՀ ՙԽուլերի միավորում՚ ՀԿ նախագահ Բելա Գրիգորյանը նշեց, որ առաջնության ավարտին իրենց կազմակերպությունը հանդես է եկել ուղերձով՝ երախտագիտություն հայտնելով կազմակերպիչներին և ՀՀ խուլերի սպորտային կոմիտեի նախագահ Գրիգոր Գրիգորյանին` ջերմ ընդունելության և բարձր մակարդակով կազմակերպված միջոցառման համար: Առաջնությանը Նարեկի մասնակցությունն ապահովելու համար օգնություն էր անհրաժեշտ: Այս անգամ ևս կազմակերպությանն ընդառաջել է ԼՂՀ կառավարությունը: ՀԿ ղեկավարի համոզմամբ` նմանատիպ սպորտային միջոցառումները ևս հնարավորություն են՝ հաշմանդամություն ունեցող անձանց ուշադրության արժանացնելու, հավասար հնարավորություններ ստեղծելու ոչ միայն ապրելու, այլև մրցակցելու համար, ինչպես նաև ի հայտ բերելու լավագույն մարզական հատկանիշներն ու հասնելու առավելագույն արդյունքների: Ցավոք, այսօր էլ խոսողների և լսողների հասարակությունը ոչ միշտ է ըմբռնումով մոտենում խուլերի հիմնախնդիրներին. արցախյան կազմակերպությունն էլ ջանում է հնարավորինս վերացնել այդ խոչընդոտները՝ տարաբնույթ միջոցառումներով նպաստելով լսողության խանգարումներ ունեցող երիտասարդների կրթական մակարդակի բարձրացմանը, մասնագիտության ձեռքբերմանն ու աշխատանքով ապահովմանը: Ներկայում կազմակերպությունում գրանցված են 193 համր կամ լսողության խանգարումներ ունեցողներ, ովքեր հաղորդակցվում են ժեստերի լեզվով: Քիչ չեն երեխաները` թվով 43 հոգի, որոնք, բացի լիարժեք կրթությունից, պետք է նաև իրենց նախասիրությունների մեջ հմտանան: Ներկայում Նարեկ Հայրիյանը պատրաստ է որպես մարզիչ աշխատել իր նման խնդիրներ ունեցող երեխաների հետ, սակայն բացակայում է համապատասխան կրթությունը: Կարծում ենք` այս գործում կրթության ոլորտի պատասխանատուների աջակցության անհրաժեշտությունը կա, որպեսզի երիտասարդը շարունակի իր կամքով և աշխատասիրությամբ օրինակ լինել շատերի համար:

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ