[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԻՐՈՎ ՈՒ ԱՐՎԵՍՏԻ ՆՎԻՐՈՒՄՈՎ

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ու նկարիչների միության նախաձեռնությամբ Բերձորի երկրագիտական թանգարանում նոյեմբերի 10-ին բացվեց ՀՀ և ԼՂՀ նկարիչների միության անդամ, քանդակագործ Յուրի Հովհաննիսյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը:

Ողջունելով ներկաներին՝ թանգարանի տնօրեն Վարսիկ Ղուլյանը ներկայացրեց օրվա գլխավոր ՙմեղավորին՚՝ ԼՂՀ վաստակավոր նկարիչ Յու. Հովհաննիսյանին։ Քանդակագործի ստեղծագործություններին անդրադարձավ նաև Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը: ՀՀ նկարիչների միության Սյունիքի բաժանմունքի նախագահ, ՀՀ և ԼՂՀ նկարիչների միության անդամ Ժիրայր Մարտիրոսյանը, խոսելով Յուրի Հովհաննիսյանի և նրա ստեղծագործության մասին, ասաց.

-Հետաքրքիր աշխատանքներ են՝ կավից, բրոնզից, գիպսից։ Հովհաննիսյան քանդակագործը կարողացել է ստեղծել կնոջ հոգեբանությունը բացահայտող բազում կերպարներ, դիմաքանդակներ, այլ աշխատանքներ, որոնք արվեստի կատարյալ գործեր են: Շնորհավորելով կազմակերպիչներին և քանդակագործին՝ ցուցահանդեսի առթիվ, Ժ. Մարտիրոսյանը հեղինակին հրավիրեց Գորիս՝ նաև տեղի պատկերասրահում կազմակերպելու նրա անհատական ցուցահանդեսը: Բանախոսն ուրախություն հայտնեց, որ հատկապես ազատագրված ու հայացած Բերձորում է կազմակերպվել ցուցահանդեսը: ԼՂՀ նկարիչների միության նախագահ Հովիկ Գասպարյանը կարևորեց Յու. Հովհաննիսյան քանդակագործի դերը Արցախի մշակույթի զարգացման գործում, ինչպես նաև նրա կողմից ՙԳյուրջյան՚ կիրառական արվեստի ինստիտուտի հիմնադրումը: Բերձորի երկրագիտական թանգարանի հիմնադիր ու նախկին տնօրեն, ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լիվերա Հովհաննիսյանը ևս բարձր գնահատեց ցուցադրությունը:

-Հովհաննիսյանի ստեղծագործության մեջ մեծ ուժ կա. հայրենասիրական գործերը շատ են: Արդի հայ մշակույթի ընտանիքում նա իր արժանի տեղն ունի: Նրան գիտեն նաև մեր հայրենիքից դուրս, -ասաց Լ. Հովհաննիսյանը՝ հավելելով, որ 1997 թվականի մայիսի 18-ին բացվեց երկրագիտական թանգարանի պատկերասրահը, որտեղ բազում ցուցադրություններ են կազմակերպվել, նաև ներկայացվել է ֆրանսահայ աշխարհահռչակ նկարիչ Գառզուի գրաֆիկան: ՀՀ գրողների միության անդամ, բանահավաք, բանաստեղծ Լևոն Սահակյանը կարևորեց արվեստը՝ այն համարելով զենքից ավելի զորեղ միջոց:

-Նման գործեր են նաև Յու. Հովհաննիսյանի քանդակները: Մեր ազգի մեջ շնորհալիներ շատ կան, և ժողովուրդը ճանաչում է իսկական արվեստագետին, որոնց շարքում է նաև օրվա հերոսը,-հավելեց սյունեցի բանաստեղծը։ Իր հերթին շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին, Բերձորի երկրագիտական թանգարանի անձնակազմին, Յու. Հովհաննիսյանն ասաց, որ ցուցահանդեսը նվիրվում է Քաշաթաղի շրջանային բուժմիավորման՝ հիմնադիր և գլխավոր բժիշկ, ազատամարտիկ, գրող, հրապարակախոս, երջանկահիշատակ Արցախ Բունիաթյանին և բոլոր այն հերոսներին, ովքեր ազատագրեցին հող հայրենին։ Բերձորի քաղաքային գրադարանի տնօրեն, Արցախ Բունիաթյանի այրի Սոնա Հովեյանը շնորհակալություն հայտնեց քանդակագործին, ներկաներին նման հաճելի պահեր պարգևելու համար՝ նշելով, որ նման ցուցադրություններն անհրաժեշտություն են մեր ժողովրդի համար: Ցուցահանդեսին ներկա էին շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Հակոբ Սայամյանը, աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, տարբեր կառույցների աշխատակիցներ, հյուրեր: Յու. Հովհաննիսյանը ներկայացնելով երեք քանդակներ՝ ՙԱրվեստի վերադարձը՚, ՙԽաչի վերադարձը՚ և ՙՀաղթողների պսակ՚ բրոնզաձույլ, փոքրածավալ գործերը՝ ասաց, որ դրանք քանդակել է 2005 թվականին՝ որպես մեկ ընդհանրություն: Իսկ 1990 թվականին ստեղծած ՙՅոթ բռունցք՚(ՙԱրցախ՚, ՙՊայքար՚) բրոնզե աշխատանքը Ղարաբաղյան շարժմանը նվիրված իր առաջին ստեղծագործությունն է, որտեղ բռունցքներն արծվաձև են. նրանցից 5-ը խորհրդանշում են այն ժամանակ ԼՂԻՄ կազմում գտնվող շրջանները: Անդրադառնալով դիմաքանդակներին՝ նա նշեց, որ իր ստեղծած կերպարները նորօրյա գոյամարտի և Արցախի կայացման գործում մեծ ներդրում ունեցող անձեր են՝ Կոմանդոս, Պարգև Սրբազան, Զորի Բալայան, Թելման Հարությունյան (ով առաջինը Հայոց եռագույնը բարձրացրեց Արցախի մարզխորհրդի շենքի վրա), Վիգեն Հայրապետյան, ով ընթերցեց Արցախի Անկախության հռչակագիրը, ուրիշներ: Քանդակագործն անդրադարձել է նաև հայ մայրերին, ովքեր անհամբեր սպասում են մարտադաշտում գտնվող զավակների վերադարձին: 2000 թվականին է ստեղծել ՙԶավակները չվերադարձան՚ քանդակը: Քիչ չեն նաև մշակույթի գործիչներին, այլոց պատկերող քանդակները: Նա մտահոգություն հայտնեց, որ Բերձորի երկրագիտական թանգարանը, նրա հարուստ պատկերասրահը տեղակայված են նման շենքում, որը խոնավ է, պատերը՝ քայքայված: Արվեստագետի խոսքով՝ ինքը չի էլ կասկածում, որ հեռու չէ այն օրը, երբ այս ցուցանմուշները կներկայացվեն լիարժեք պայմաններում: Տեղեկացնենք, որ ցուցահանդեսը տևելու է 10 օր: 

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ ք. Բերձոր