[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵՐ ՁՅՈՒԴՈԻՍՏՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ

Նոյեմբերի 20-21-ը Երևանում կայացավ ՙՕլիմպիական հույսեր՚ ձյուդոյի պատանիների միջազգային 5-րդ մրցաշարը, որին մասնակցեցին 250-ից ավել մարզիկներ Արցախից, Վրաստանից (4 թիմ) ու ՀՀ մարզերից:

Արցախից մասնակցում էր 6 ձյուդոիստ, որոնք վերադարձան երեք մեդալով: Հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցի գլխավոր մարզիչ Իվան Ազիզբեկյանը գոհ է իր սաների արդյունքներից։ Այսպես, մեր մարզիկ Արման Ավանեսյանը, մասնակցելով 1999-2001թթ. ծնված մարզիկների միջև երկու՝ 81կգ, ինչպես նաև 81կգ և ավելի քաշային կարգերում նվաճել է երկու արծաթե մեդալ: Իվան Ազիզբեկյանը նրան համարում է բավականին հեռանկարային մարզիկ, ումից մեծ սպասելքներ ունեն: Իսկ 2002-2003թթ. ծնվածների միջև մրցաշարում Ռոբերտ Պողոսյանը 34կգ քաշային կարգում գրավեց երրորդ տեղը: Նա 6 մենամարտից 5-ում հաղթող դուրս եկավ և պարտվեց միայն չեմպիոնին: Ռ. Պողոսյանի պայքարը գլխավոր մարզիչը ներկայացրեց որպես գեղեցիկ ու գրագետ գոտեմարտ: ՙՆա բավականին լավ էր աշխատել և ուներ բոլոր հնարավորությունները՝ 1-ին տեղն զբաղեցնելու համար։ Մեր մյուս սաները նույնպես հաջող հանդես եկան՚,- ասաց Ի. Ազիզբեկյանը: Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները պարգևատրվել են մեդալներով ու պատվոգրերով։ Մրցաշարն անց է կացվել ձյուդոյի միջազգային կանոնների համաձայն։ 

 Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ