[ARM]     [RUS]     [ENG]

ԹԱՆԳԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՄԲ ԿՀԱՎԵՐԺԱՑՆԵՆՔ ՆԿԱՐՉԻ ՀԻՇԱՏԱԿԸ

Նոյեմբերի սկզբներին մայրաքաղաքի Մշակույթի և երիտասարդության պալատում անցկացվեց միջոցառում` նվիրված հայտնի նկարիչ Սամվել Գաբրիելյանի հիշատակին:

Ամռանը նա մահացավ ծանր հիվանդության հետևանքով: Նրա աշակերտները` ՙՀ. Գյուրջյան՚ կիրառական արվեստի ինստիտուտի նախկին շրջանավարտներն ու այժմյան ուսանողները, նկարչի ծննդյան օրվա առթիվ կազմակերպել էին ցուցահանդես` իրենց իսկ սեփական գործերով արտահայտելով նկարչի հանդեպ սերն ու հագանքը: Անշուշտ, նրանց մեծ պատրաստակամությամբ աջակցեցին ընտանիքը, ընկերները, Պալատի տնօրինությունը, ԼՂՀ մշակույթի և երիտասարտության նախարարությունը: Պատահական չէր նաև, որ երկրի ղեկավարները  ևս իրենց ներկայությամբ հարգանքի տուրք մատուցեցին նկարչի  հիշատակի հանդեպ։ Հիրավի, Սամվել Գաբրիելյանն իր ինքնատիպ  արվեստով Արցախի մշակութային կյանքում  ուրույն տեղ  է զբաղեցրել: Վառ ու իմաստալից գույների, լույսի և խավարի միջև անվերջ պայքարի համադրությամբ են բնորոշվում նրա կտավները, որոնք զարդարում են Արցախի, Հայաստանի, ինչպես և օտար երկրների` Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Լիբանանի, ԱՄՆ¬ի մասնավոր ու պետական պատկերասրահներն ու հավաքածուները:Երեք ամիս է անցել, ինչ մեզանից հեռացավ Սամվել Գաբրիելյանը: Դժվար է համակերպվել այդ ծանր կորստի հետ, իրենց հուզմունքով կիսվում էին նկարչի մայրը` տիկին Նունիկը, կինը` Անժելան, աշակերտները, ընկերները… Այո... նա ստեղծագործական ուժերի ծաղկուն շրջանում էր, կարող էր արարել, ուրախացնել մարդկանց իր գունեղ, խորիմաստ կտավներով, խորհելու առիթ տալ կյանքի կարևոր հարցերի շուրջ, աշակերտներին ուղղորդել արվեստի և կյանքի տարաբնույթ ուղիներով: Պայքարն էր նրա էության հիմքը: Պայքարում էր գույնի, գծի, ձևի հետ՝ կտավի վրա ստանալով առավելապես ճշմարիտ կերպարներ, իսկ կյանքում պայքարում էր ստի, կեղծիքի, ծուլության, գորշության դեմ, առաջնորդվելով և աշակերտներին առաջնորդելով միայն ու միայն մտքի և զգացմունքի լարումից ծնված գոյությամբ: Ասում են՝ ստեղծագործող մարդը շարունակում է ապրել իր գործերի, աշակերտների մեջ: Հավելենք` նման մարդիկ շարունակում են ապրել մեր հիշողության մեջ իրենց հաստատուն մեծությամբ: Սամվել Գաբրիելյանը հայ մշակույթի արդի իրողության անբաժանելի մասն է: Նկարչի անցած ստեղծագործական ուղու, Արցախում գեղանկարչության զարգացման գործում նրա մեծ ավանդի, ժամանակակից հայկական կերպարվեստում նրա նշանակության, մարդկային էության մասին արտահայտվեցին ՙՀ. Գյուրջյան՚ կիրառական արվեստի ինստիտուտի ռեկտոր, քանդակագործ Յուրի Հովհաննիսյանը, նկարչի աշակերտ Մերի Միքայելյանը, նկարչի այրին՝ տիկին Անժելան: Այս հոդվածում մեր ընթերցողին հնարավորություն կտանք ծանոթանալ նրա մասին արտահայտած այլ կարծիքներ: ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե ԱՂԱԲԱԼՅԱՆ. - Ընդհանրապես, արվեստագետի կյանքը չի ավարտվում ֆիզիկական մահով, արվեստագետը շարունակում է ապրել իր գործերով. նրա տարիքը որոշվում է իր գործերով: Այսօրվա և ապագա ցուցահանդեսները Սամվել Գաբրիելյանի երկնային կյանքի մարմնավորումներն են: Սամվելը կարևոր դերակատարություն ունեցավ Արցախի կերպարվեստի մեջ և ստեղծեց իր ուրույն ոճը ու նաև կարողացավ ստեղծել իր նկարչական դպրոցը: Նա նույն պատրաստակամությամբ, խանդավառությամբ Ստեփանակերտից բարձրանում էր Շուշի` դասավանդելու ՙԳյուրջյան՚ կիրառական արվեստի ինստիտուտում և նույն պատրաստակամությամբ ու խանդավարությամբ գնում էր Աստղաշեն` երեխաներին սովորեցնելու: Նաև Սամվել Գաբրիելյանով են ճանաչել Արցախը: Գիտեմ շատ զբոսաշրջիկների, որ այցելում էին Արցախ և անպայման մտնում նրա արվեստանոցը: Քանի որ Արցախը նրանց համար նաև Սամվել Գաբրիելյանի արվեստանոցն էր, նրա նկարները, որ տանում էին իրենց հետ: Այս ամենը, իհարկե, նրա թողած և՜ ժառանգությունն է, և՜ անունը, և՜ հիշատակը: Իսկ այսօրվա ցուցահանդեսը վկայությունն է այն ամենի, որ նա իր հոգին մասնիկ-մասնիկ բաժանել է իր աշակերտներին և յուրաքանչուրի հոգում թողել լուսավոր հետք: ԼՂՀ վաստակավոր գործիչ, գրող-հրապարակախոս Մաքսիմ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. - Զարմանալի բան է, 60-ական թվականներին Ղարաբաղի մշակութային կյանքում միանգամից հայտնվեցին մի քանի տաղանդավոր նկարիչներ` Սամվել Գաբրիելյան, Առնոլդ Մելիքսեթյան, Ռոբերտ Ասկարյան և ուրիշներ։ Եվ ստեղծեցին այն միջավայրը, որ այսօր կա Արցախի նկարչության, ընդհանրապես, պլաստիկ արվեստների մեջ: Նրանց մեջ փայլում էր նաև Սամվել Գաբրիելյանը, որն ուրիշ կերպ էր աշխարհն ընկալում: Երևի նաև այն պատճառով, որ այն իրականությունը, որտեղ ինքն ապրում էր, դժվար է պլաստիկ արվեստով արտահայտել: Եվ ինքն ընտրում էր սյուժեներ, որտեղ գովերգում էր մարդու մարմինը, ապրումները՝ շարժումների, կեցվածքների և այլ ճանապարհներով: Այդ տեսակետից ինքն իսկապես բավականին խոր հետք թողեց Արցախի գեղանկարչության մեջ, և շատ լավ է, որ ունեցավ նաև աշակերտներ: Չնայած աշակերտը մնում է աշակերտ, վարպետը՝ վարպետ: Մենք ունեցանք շատ տաղանդավոր գեղանկարիչ, որ հետք թողեց մեր արվեստի մեջ: Հուսանք, որ նրա ժառանգության, ինչպես և նրա ընկերների հանդեպ, իսկ նրանք արժանի են դրան, մեր իշխանությունները հոգատար կլինեն։ Եվ այս ցուցահանդեսը հուշում է այն միտքը, որ, այնուամենայնիվ, գեղանկարչությունն այն բարձր արվեստն է, որի նկատմամբ պետք է ուշադիր լինել, որովհետև շատ խոցելի արվեստ է, շատ դժվար ծնվող արվեստ: Այդ տեսակետից ճիշտ են վարվել այն մարդիկ, ովքեր կազմակերպել են ցուցահանդես՝ ի նպաստ նրանց, ովքեր ստեղծագործում են ու ստեղծում մնայուն արժեքներ: Իշխանությունների հոգատար լինելու հասկացողության տակ նկատի ունեմ այն, որ պետք է հնարավորություն տալ նկարչին ստեղծագործել և նյութապես ապահովված լինել: Դժվար է Մեդիչիներին և Միքելանջելոյին իրարից տարանջատել, և ամբողջ Վերածննդի արվեստը հենց այդ զուգակցության մեջ է: Եվ հետագա դարերն էլ հաստատեցին այդ միտքը: Առանց մեկենասի, առանց պետական հովանավորության, առանց կիրթ բուրժուաների, գործարարների հնարավոր չէ արվեստը զարգացնել: - Սամվել Գաբրիելյանը մեծ նկարիչ է,- ասում է գրող, լրագրող Համլետ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ: - Պարզապես քանի որ նա մեր ժամանակակիցն է եղել, մենք չէինք կարող նրան հեռվից նայել և տեսնել նրա մեծությունը: Սևակն ասում է, չէ՞, որ ծառը կտրելուց է երևում նրա բնի հասությունը: Սամվել Գաբրիելյանը հանգրվանային կետ է հանդիսանում արցախյան կերպարվեստի պատմության մեջ: Նա իր տեղն ունի ընդհանրապես հայ կերպարվեստի պատմության մեջ: Բայց հատկապես արցախյան արվեստի մեջ Սամվել Գաբրիելյանը նկարչությունը բարձրացրել է այն աստիճանի, որ արդեն գալիս է մտորելու պահը: Այլ կերպ, նա ինտելեկտուալ արվեստ է ստեղծել: Նրա նկարները սիրելու համար պետք է հոգեպես ու մտքով պատրաստ լինես, պետք է հասունացած լինես: Սա է խնդիրը, որ շատերը Սամվելի նկարները չեն ընկալում` մտածելով, որ իրենց հասու չեն: Այսօր Սամվելն արտասահմանում բավականին մեծ վարկանիշ ունի արվեստի ասպարեզում: Եվ Արցախ աշխարհը ճանաչելի է նաև Սամվել Գաբրիելյանի միջոցով: Այո, Սամվելի բացակայությունը միանգամից զգացվում է, և, կարծում եմ, դեռ շատ տարիներ Սամվելին փոխարինող չի լինելու: Համաձայն եմ, ընդհանրապես, արվեստում ոչ մեկը մյուսին չի փոխարինում։ Դա բնական է: Ինչ խոսք, տաղանդավոր երեխաներ, երիտասարդներ ունենք, չեմ ժխտում։ Բայց նրանք մեծ ճանապարհ ունեն անցնելու: Ամենակարևորն այն է, որ Սամվել Գաբրիելյանը, որպես մանկավարժ, հրաշալի է իր գործն արել: Եթե անգամ նրա աշակերտները նկարիչներ չդառնան, նրանք արվեստի մարդիկ են դառնալու, արվեստը գնահատող, սիրող մարդիկ: Իսկ այդպիսին չի կարող վատ մարդ լինել իր երկրի համար: Սամվել Գաբրիելյանի ընկեր, նկարիչ, քանդակագործ Առնոլդ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ. - Սամվել Գաբրիելյանը ունիկալ նկարիչ է ոչ միայն Ղարաբաղի մասշտաբով, այլև ընդհանրապես հայկական արվեստում լավ գեղանկարիչներից է: Ղարաբաղի համար մեծ գործ է արել, և արժանի է, որ նրա արվեստանոցը, թեկուզ այնքան էլ մեծ չէ, վերածվի թանգարանի: Դա ընդունված ձև է ամբողջ աշխարհում: Տեսեք՝ Հայաստանում քանի՛-քանի թանգարաններ ստեղծվեցին խոշոր արվեստագետների մահվանից հետո: Պետական մակարդակով՝ մշտական գործող թանգարան, որտեղ կցուցադրվեն ոչ միայն Սամվելի, այլև ուրիշ նկարիչների գործերը: Այո, նրա մոտ շատ աշակերտներ էին գալիս, նա լավ մանկավարժ էր: Եվ նրանք, դա երևում է, շարունակում են նրա գործը: Նրանց մեջ, անշուշտ, կան ավելի աչքի ընկնող աշակերտներ: Անուններ չեմ ուզում տալ, դեռ նոր են սկսում, ճանապարհ ունեն անցնելու, դժվար է կռահել` ով կկարողանա հաստատել իրեն արվեստում: Միայն տաղանդը քիչ է: Համաձայնեք, իսկապես տաղանդն ընդամենը սկզբնաքար է, հիմք, որպեսզի մարդը քրտնաջան, նպատակասլաց, քար առ քար հավաքի, կառուցի իր ներքին աշխարհին հատուկ միակ շենքը: Ճանապարհ, որ միայն արվեստին հավատարիմ մարդն է ի զորու անցնելու: Կարծում ենք, նման բացառիկ արվեստագետներից է Սամվել Գաբրիելյանը` որպես նկարիչ, որպես մարդ, որպես մանկավարժ։ Միանանք Սամվել Գաբրիելյանի հիշատակին թանգարան ստեղծելու մտքին. նրա հանդեպ մեր սիրո և հարգանքի լավագույն արտացոլումը... ;

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ