[ARM]     [RUS]     [ENG]

ՓՈՔՐ ԴՊՐՈՑԻ ՄԵԾ ՀՈԳՍԵՐԸ

 Մեր աչքի առջև օր օրի շենացող բնակավայրերում, նոր, ժամանակակից կառույցների բացման արարողության ժամանակ հոգիներս փառավորվում են։

Վերջին շրջանում այդ շարքում պետության կողմից հատկապես կարևորվում է դպրոցաշինության ծրագիրը։ Այս վերջին մի քանի տարում հանրապետության բոլոր շրջաններում բազմաթիվ տիպային դպրոցներ են կառուցվել։ Հներն էլ, որոնք սպասում են իրենց հերթին, եթե ոչ հիանալի, գոնե բարվոք վիճակում են։ Զարմանքս մեծ եղավ, երբ Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղի դպրոցում վերջերս հանդիպեցի այնպիսի իրողության, որը, մեղմ ասած, անմխիթարական էր։ Չեմ ուզում մեղավորներ կամ քավության նոխազներ փնտրել, գուցե հենց մեզնից յուրաքանչյուրի մեղքով է նաև, որ փոքր, լեռների ծոցում ծվարած այս գյուղի դպրոցն ուշադրությունից դուրս է մնացել։ Բարձրագույն տնտեսագիտական կրթությամբ դպրոցի տնօրեն Մովսես Կիրակոսյանը չի ընկրկում դժվարությունների առջև, չի դժգոհում պայմաններից։ Նա հանգիստ ու հավասարակշիռ պահվածքով մեկ առ մեկ թվարկում է, թե իր տնօրինության մեկ տարվա ընթացքում ինչ են հասցրել անել, և ինչ է մնացել հաջորդ տարվան։ Մ. Կիրակոսանը Դադիվանքում վերաբնակվել է 2004 թվականին՝ Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղից, չնայած տնտեսագիտական կրթություն ունի, բայց 22 տարվա մանկավարժ է, վերջին երկու տարում որպես մաթեմատիկայի ուսուցիչ է աշխատում վերաբնակեցվող այս գյուղի դպրոցում։ Դադիվանքի Արմենակ Արմենակյանի անվան միջնակարգ՝ հինգ կոմպլեկտով գործող դպրոց հաճախում է ընդամենը 21 աշակերտ։ Իր բաժին ծանրությունն արժանապատվությամբ կրող դպրոցի մանկավարժական կոլեկտիվում մեկը չգտնվեց, որ դժգոհի իրավիճակից, իսկ դպրոցի տնօրենը, որ հաճախ ստիպված է լինում իր մատնաչափ աշխատասենյակը տրամադրել աշակերտների պարապմունքներին, ժամը 5-ից հետո նոր հնարավորություն է ստանում աշխատելու։ Վերջին 10 տարվա ընթացքում գյուղում կտրուկ փոփոխություններ են կատարվել դեպի լավը, աշակերտները մրցումներից ու օլիմպիադաներից հաղթանակով են վերադառնում։ Տնօրենը նեղություններից չի նեղվում. աշխարհը խաղաղ լինի, իրենք դիմացողն են ու ոչ երբեք հուսահատվողը։ Դպրոցի 21 աշակերտներից 12-ը տղաներ են, ասել է թե՝ փոքր գյուղից 12 զինվոր է կանգնելու սահմանին։ Մ. Կիրակոսյանը չի դժգոհում, չի մեղադրում, իսկ երբ մատնացույց ենք անում փտած հատակի բացվածքները, որոնք կարող են աշակերտների (և ոչ միայն) շրջանում պատահարների պատճառ դառնալ, հանգիստ պատասխանում է՝ հերթով նորոգում ենք, հերթը դրան էլ կհասնի։ Թիթեղյա վառարաններից չորսբոլորը տարածվող հաճելի ջերմությունը հուշում է, որ աշակերտները ձմռան շրջանում գոնե չեն մրսում։ Մենք ուժ ենք առնում դպրոցի մանկավարժական կոլեկտիվի անդամների լավատեսությունից, դժվարություններին դիմանալու նրանց կամքից ու փորձում ենք վաղվա օրվան նայել նրանց աչքերով ու մեծ հույսով։ Այն հույսով, որ կգտնվի մեկ բարերար, ում միջոցներով հնարավոր կդառնա Դադիվանքի դպրոցի հիմնանորոգումը։ Աշխարհի անցուդարձերին ծանոթ ու աշխարհից չդժգոհող դպրոցի տնօրենը միայն մի ցանկություն ունի՝ դպրոցի կողքին կցակառույց ունենալ, մնացած բոլոր մեծ ու փոքր խնդիրներն իրենց ուժերով կլուծեն, սակայն, ըստ իս, դրանք նրանց ուժերով լուծվող խնդիրներ չեն։ Մ. Կիրակոսյանի կարծիքով՝ իրենց հոգսերը սովորական գյուղական դպրոցի հոգսեր են, որ փուլ առ փուլ լուծում են ստանում և՜ մանկավարժների, և՜ գյուղի համայնքի ղեկավարի օգնությամբ։ Դպրոցի 21 աշակերտներին ուսուցանում է 11 ուսուցիչ։ Դպրոցը մասնագետներով հիմնականում ապահովված է, քիմիա-կենսաբանություն առարկայի մասնագետի թափուր տեղն զբաղեցնում է թոշակառու մանկավարժ Ժենյա Հովսեփյանը, նաև ֆիզկուլտուրայի ուսուցչի կարիք ունեն։ Այս բացը շուտով լրացվելու է, Ստեփանակերտի պետհամալսարանում ուսանող ունեն, շուտով կգա՝ համալրելու ուսուցիչների շարքը։ Դպրոցի բոլոր վեց դասասենյակներն էլ շինարարական միջամտության կարիք ունեն։ Այդքանով հանդերձ, փորձեցինք տնօրենից տեղեկանալ աշակերտների առաջադիմության մասին։ Ըստ Մ. Կիրակոսյանի՝ ընդհանուր պատկերը մխիթարական է. ԿԳՍ նախարարության վերջին ստուգումները ևս այդ մասին են վկայում։ Ուսման որակի վրա, ըստ տնօրենի, ազդում է ընտանիքների անվճարունակությունը, նաև ընտանեկան բազում հոգսերն են խոչընդոտ հանդիսանում։ Բայց և որքա՛ն անվանի գիտնականներ, գրողներ, մտավորականներ ունենք, ովքեր դուրս են եկել մեր ոչ բարեկեցիկ գյուղերից ու դարձել անվանի մարդիկ։ Ստեփանակերտ կրկնուսույցի գնացողներ էլ կան, սակայն ընդհանուր պատկերն ուսման առումով մտահոգիչ է. մարդկանց կենսամակարդակի բարձրացմանը զուգընթաց՝ գուցե փոխվի պատկերը, ինչ իմանաս... Դպրոցն իր հոգսերի հետ միայնակ չէ, վերջերս Լոռու մարզի առաջին ատյանի դատավորն է օգնության ձեռք մեկնել, օգնողներ կան, պարզապես խնդիրներն այնքան շատ են, որ արմատական լուծում են պահանջում։ Նորմալ չէ, երբ գյուղական փոքրիկ դպրոցը չունի ուսուցչանոց, կամ տնօրենի սենյակը մերթ ուսուցչանոցի է վերածվում, մերթ դասասենյակի։ Գրադարանը գործում է, համացանցը հասանելի է, ջուրը հասցրել են դպրոց, տարածքը ցանկապատել. տնօրենը թվարկում է արվածը, իսկ ես չեմ կարողանում աչքս կտրել հատակի այն բացվածքներից, որտեղ ընկնելու ՙպատվին՚ արժանացանք ընկերներով, արժանացանք, որ վաղը մեր աշխատասենյակների տաքուկ անկյուններում ծվարած՝ չմոռանանք Դադիվանքի դպրոցի այն աշակերտներին, ովքեր զուրկ են տարրական պայմաններից, բայց ամեն Աստծո օր իրենց աղոթքն ու ՙՀայրեններն՚ են խառնում Դադիվանքի եկեղեցու զանգերին, իսկ զանգն այդ հնչեցնում է լեռնցի հայի՝ իր բնօրրանում ապրելու և արարելու իրավունքն ու պատիվը։ 

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ