Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԿՐԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ԱՌԱՋԻՆ ՁԵՌՔԻՑ

ԼՂՀ Նախագահի ավանդական հանդիպումը

 Արցախի պետական համալսարանում բոլոր կարեւոր հանդիպումները հուշակոթողից են սկսվում: Հանուն այսօրվա անկախ Արցախի՝ պարտավորեցնող կորուստներ է ունեցել Մայր բուհը: Այստեղ ոչ թե պարզապես ծաղիկներ են խոնարհվում, այլ տղաների լուռ հարցին ի պատասխան վստահեցնում՝ այսօր նրանց գործի արժանի շարունակողներ կան: Համալսարանականների հետ երկրի ղեկավարի հանդիպումը նաեւ ավարտին մոտեցող տարվա ընթացքում արձանագրված իրադարձությունների մասին խոսելու առիթ էր: 2015-ին ուրախալի իրադարձություններ են գրանցվել կրթության ոլորտում եւս: Ամիսներ առաջ Շուշիում իրենց դռները բացեցին ՙԵզնիկ Մոզյան՚ արհեստագործական ուսումնարանը եւ Հայաստանի ագրարային համալսարանի մասնաճյուղը: Դրանք ժամանակակից հնարավորություններով հագեցած ուսումնական հաստատություններ են, որոնք կարող են նոր որակ ապահովել Արցախի կրթական գործընթացում եւ ուսանողների առօրյայում, ակնկալում է նախագահ Բակո Սահակյանը: Թեպետ եւ արդեն իսկ պարզ է, որ 2016-ն էլ տնտեսական առումով բավական դժվար տարի է լինելու, այնուամենայնիվ՝ բուհական համակարգի նկատմամբ պետական ուշադրությունը չի պակասի: Նախագահ Սահակյանը համեմատականները 2007 եւ 2015 թվականների միջեւ է անցկացնում: Մի շարք ցուցանիշներում աճը 200 եւ ավելի տոկոսով է բնութագրվում: Եվ դա նաեւ պետբյուջեից կրթության ոլորտին արվող հատկացումներին է վերաբերում: Կարճ ներածականին հարցուպատասխանն է հաջորդել: Արցախն ինչ կարող է սպասել Ռուսասատան-Թուրքիա առճակատումից, հետաքրքրվում է Շահեն Աբրահամյանը: Այս զարգացումները աշխարհին ներկայացրեցին հենց այն Թուրքիան, որին հայությունը լավ գիտի, ընդգծում է նախագահը: Թուրքական վտանգին եւ Թուրքիայի քաղաքականությունը մեր տարածաշրջանում իրականացնող Ադրբեջանին հակազդելու միակ լծակը դեռ ուժն է մնում: Նոր մարտահրավերներին համահունչ՝ արդիականացվում է Արցախի պաշտպանության համակարգը: Եթե նախկինում հիմնականում պաշտպանության եւ հակահարձակման սցենարներն էին դիտարկվում, ապա նոր պայմաններում չեն բացառվում նաեւ կանխարգելիչ գործողությունները: Սակայն բանակի պատրաստվածությունից ավելի կարեւորը ժողովրդի տրամադրվածությունն է համարում նախագահ Սահակյանը: Արցախում զինվոր են բոլորը: Եվ դա ամենալավը մեր հակառակորդը գիտի: Արցախը, զինված ուժերն անընդհատ կատարելագործելով հանդերձ, մնում է հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից: Ստեփանակերտը բաց է պահում երկխոսության դուռը, սակայն ունի իր նախապայմանները. երկխոսությանը կմասնակցենք միայն հավասարի իրավունքով, ընդգծել է Բակո Սահակյանը: Սակայն Բաքուն երկխոսության փոխարեն առայսօր շանտաժի եւ ապատեղեկատվության ուղին է բռնել: Դրա թիրախներից մեկն էլ վերջին շրջանում Սարսանգի ջրամբարն է դարձել: Ստեփանակերտը դեռ տարիներ առաջ է հայտարարել, որ անգամ այդ թեմայի շուրջ է պատրաստ կառուցողական քննարկումների մասնակցել եւ վերջերս էլ բարձր մակարդակով թարմացրել է այդ պատրաստակամությունը: Փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն է այդ մասին խոսել եւ նշել, որ Ստեփանակերտը որոշակի պայմաններով պարաստ է իր ջրային պաշարներից բաժին հանել նաեւ Ադրբեջանին, հիշեցրել է Բակո Սահակյանը, սակայն Բաքուն այդ կոչերին արձագանքելու փոխարեն սկսել է ինչ-որ բանաձեւեր պատվիրել տարբեր միջազգային կազմակերպություններում, որոնք խնդրի կարգավորման վրա որեւէ բարենպաստ ազդեցություն չեն ունենալու: Նախագահ Սահակյանը Սարսանգի հարցում միջազգային կազմակերպությունների դերը մեկ այլ տեսանկյունից է կարեւորում: Նման ջրամբարի խնամքի եւ պահպանության համար ֆոնդեր կան, որոնք, Արցախի ներկա կարգավիճակի պատճառաբանությամբ, դեռ անհասանելի են մնում Ստեփանակերտի համար: Շահարկումների հաջորդ թեման Ստեփանակերտի օդանավակայանին է վերաբերում: Մոսկվայում վերջերս կայացած ասուլիսի ժամանակ այդ թեմայով նախագահ Բակո Սահակյանի հայտարարությունը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ էր դարձել: Նախագահը հստակեցնում է, ասել է այն, ինչը ասում էր միշտ եւ ինչը լիովին տեղավորվում է այդ հարցում Ստեփանակերտի դիրքորոշման մեջ:Առաջնահերթը երկրի անվտանգության ապահովումն է, սակայն, դրան զուգահեռ, նաեւ ներքին կյանքը կանոնակարգելու եւ զարգացնելու ծրագրերն են գործում: Արդեն տարիներ շարունակ Արցախը 8-10 տոկոս տնտեսական աճ է ապահովում: Եվ դա այն դեպքում, երբ վերջին մեկ-երկու տարվա ընթացքում հանքաարդյունաբերության ոլորտից մուտքերը ակնկալածից բավական քիչ էին, եւ երբ իրականացվել է այնպիսի խոշոր եւ միաժամանակ՝ ծախսատար ծրագիր, ինչպիսին Ստեփանակերտի ջրամատակարարումն է: Այս տարի էլ, ամենայն հավանականությամբ, այդ ցուցանիշը կհասնի 9 տոկոսի շեմին: Ապագայի հարցում լավատես լինելու բոլոր հիմքերը կան, վստահեցնում է երկրի ղեկավարը։ Մի շարք ոլորտներում Արցախն արդեն մոտենում է ինքնաբավության շեմին: Գյուղատնտեսության մեջ ակնառու հաջողություններ կան ինչպես ծավալների, այնպես էլ՝ բազմազանության եւ նորամուծությունների տեսանկյունից: Էլեկտրաէներգիայի արտադրությունն է դինամիկ զարգանում: 2007-2015 թվականներին Արցախում մոտ մեկուկես տասնյակ փոքր հէկեր են կառուցվել: Մոտ ապագայում կկառուցվեն նորերը՝ նպատակ հետապնդելով արդյունավետ օգտագործել հատկապես Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանների հարուստ ջրային պաշարները: Հեռանկարային մի շարք ծրագրեր են սկսել: Դրանցից մեկն էլ Արցախում էկոզբոսաշրջության զարգացմանն է ուղղված: Նախաձեռնողը ՙՀայաստանի զարգացման նախաձեռնություններ՚ հիմնադրամն է, իրականացնողը շվեյցարական ճանաչված ընկերություններից մեկն է լինելու: Մեկնարկն Ասկերանի շրջանից է տրվելու: ժՈւսանողները պետական-կառավարման համակարգում սկիզբ առած օպտիմալացման քաղաքականությամբ են հետաքրքրվում: Մեկնարկը տրվել է անհրաժեշտության գիտակցմամբ, ընթանալու է հետեւողական, արդյունքներն էլ գնահատվելու եւ վերլուծվելու են բազմակի, ընդգծում է երկրի ղեկավարը: Նախագահն անկեղծանում է՝ այդ քայլին մղել են նաեւ հասարակության տարբեր խավերի հետ հանդիպումների ժամաակ հնչած հարցադրումներն ու առաջարկները: Կայացած քաղաքացիական հասարակությունը միայն կնպաստի պետակաաշինությանը, վստահ է Բակո Սահակյանը՝ անկեղծության կոչ անելով նաեւ նրանց, ովքեր փորձ են անում ներգրավվել նման միջավայր ստեղծողների շարքում: Մոտ երեք ժամ տեւած հանդիպման ընթացքում նաեւ համալսարանական առօրյային վերաբերող հարցեր են հնչել: Քիմիայի ամբիոնին ժամանակակից լաբորատորիա է պետք: Նախագահը խոստացավ հարցը կարգավորել մարդկային ռեսուրսների զարգացման ՙՓյունիկ՚ հիմնադրամի աջակցությամբ. այդ հիմնադրամը վերջին տարիների բազմաթիվ լաբորատորիաներ է նվիրել Արցախի կրթօջախներին: Արմինե Առստամյանը երիտասարդ գիտնականների բնակարանային պայմանների բարելավման պետական ծրագիր ունենալու անհրաժեշտության հարցն է բարձրացրել: Նախագահն ակնկալում է հիմնավորված ծրագիր, որը հնարավոր կլինի քննարկել ոլորտի պատասխանատուների հետ: Արդեն ավանդույթի է վերածվել նաեւ այն, որ նախագահի հետ նման հանդիպումներից հետո համալսարանի շրջակայքում բարեկարգման աշխատանքներ են իրականացվում: Այս անգամ էլ բացառություն չի լինի: Հանրակացարանի հիմնանորոգման հարցը մոտ ապագայում դեռ չի նախատեսվում, հարցի հեղինակին զուր հույսեր չի ներշնչում երկրի ղեկավարը, իսկ ահա ԱրՊՀ գլխավոր մասնաշենքի տանիքը կնորոգվի եւ կբարեկարգվի համալսարանական պուրակը:

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ