[ARM]     [RUS]     [ENG]

ԲՅՈՒՋԵՆ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՄՆԱՑԵԼ Է ԱՆՓՈՓՈԽ, ԲԱՅՑ ԿԼԻՆԵՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ

ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի նախագծի շուրջ

Ազգային ժողովում ընթացող լսումների շրջանակում գիտության, կրթության, մշակույթի և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեցին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի և կրթության, գիտության ու սպորտի նախարարությունների գալիք տարվա բյուջեների նախագծերը, որոնք ներկայացրին այդ գերատեսչությունների ղեկավարները: Քննարկումներին մասնակցում էին ԱԺ նախագահ Ա. Ղուլյանը, ֆինանսների փոխնախարար Գ. Մարտիրոսյանը: Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի տեղեկատվությամբ` համակարգի բյուջեի նախագիծը կազմվել է` հաշվի առնվելով 2016թ. ֆինանսական կանխատեսումները, և փոփոխությունները կատարվել են միջոցառումների, ծրագրերի մասով` հիմնականում պահպանվելով ծախսերի մակարդակը: Նախատեսված հատկացումները կազմում են 1 մլրդ 973մլն 537 հազար դրամ, ինչը 2015-ի համեմատ աճել է 174մլն 494 հազար դրամով(8,8%-ով): Ինչպես մյուս, այնպես էլ այս ոլորտում ավելացումների մի մասը պայմանավորված է 2015թ. հուլիսից նվազագույն աշխատավարձի, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ: 5մլն 420 հազար դրամի չափով էլ կրճատվել են ՙԱրցախի ձայներ՚, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի և մյուս ՊՈԱԿ-ների ծախսերը: Մշակութային (102մլն դրամ), երիտասարդական միջոցառումների (36մլն դրամ) համար հատկացումները, ինչպես նաև հրատարակչական ծախսերը` 4մլն500 հազար դրամ և կենտրոնացված կարգով ձեռք բերվող գույքի հատկացումները` 7մլն 500 հազար դրամ, մնացել են անփոփոխ: Նախարարության աշխատակազմի բյուջեի 5,9¬տոկոսյա աճը պայմանավորված է կառուցվածքային փոփոխությամբ. նախարարության աշխատակազմում է ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժինը: Պետական աջակցության ծրագրում ընդգրկված են 46 ՊՈԱԿ-ների մշակութային հիմնարկների աշխատավարձի պահպանման և այլ ծախսեր` 1մլրդ 667 մլն 142 հազար դրամ: Մշակութային միջոցառումների համար նախատեսված հատկացումները կբաշխվեն 12 ծրագրային ուղղություններով: Ավանդական բնույթ կրող միջոցառումներին զուգահեռ՝ նախատեսվում է իրականացնել մի շարք նոր ծրագրեր, մասնավորապես` մշակութային դաշտի մոնիթորինգ և վերլուծություն և մեթոդական ու մասնագիտական օգնություն: Նախարարի պարզաբանմամբ` նման անհրաժեշտությունը ծագել է նախորդ տարիների դիտարկումների արդյունքում: Նոր միջոցառումներից են լինելու նաև շրջանային մշակութաին կազմակերպություններին աջակցությունը, թանգարանային ցուցադրությունների համալրումն ու արդիականացումը, ազգային փոքրամասնությունների մշակութային օրերի կազմակերպումը և հոգևոր ու ազգային տոների և ավանդույթների վերականգնումը: Նոր ծրագրերը և միջոցառումները նախատեսվում է իրականացնել նաև արտաբյուջետային միջոցներով. մասնավորապես` Արցախի պետական կամերային նվագախմբին և Ստեփանակերտի երաժշտական քոլեջին կից կգործեն մանկապատանեկան նվագախմբեր` կամերային և ժողգործիքների: Նախարարը պարզաբանեց տեղեկատվական շտեմարան ստեղծելու` պատգամավոր Հայկ Խանումյանի, ինչպես նաև այլ ծրագրերի կապակցությամբ մյուսների հարցերը: Մասնավորապես` Արցախի պետական թատրոնի շենքի վերանորոգման վերաբերյալ հարցին պատասխանեց, որ այն դեռ սպասում է իր հովանավորին, փոխարենն արդեն աշխատանքներ են կատարվում նախկին ՙՕկտյաբր՚ կինոթատրոնի տեղում մեծ համալիր կառուցելու ուղղությամբ` բարերար Սամվել Կարապետյանի հովանավորությամբ, որը մեծ հնարավորություններ է ունենալու և միանգամից մի քանի խնդիրներ է լուծելու: ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության 2016թ. պետական բյուջեի նախագծով ծախսերը, ըստ նախարար Ս. Ասրյանի տեղեկատվության, կազմել են 13 մլրդ 940մլն 247,5 հազար դրամ, իսկ առանց կառավարման ապարատի` 13 մլրդ 689մլն 700 հազար դրամ: Ընդհանուր կրթության ոլորտի ծախսերի աճը կազմել է 3 տոկոս` պայմանավորված նախադպրոցական նոր հիմնարկների բացումով, երեխաների թիվը 970-ով ավելանալու կապակցությամբ 14 դասարան լրակազմ և դպրոցներում 6-ով նախադպրոցական խմբերի ավելացմամբ, ՙԵզնիկ Մոզյան՚ արհեստագործական ուսումնարանի ստեղծմամբ, ՀՀ ագրարային ազգային համալսարանի մասնաճյուղի Շուշի տեղափոխման ծախսերով, արտադպրոցական խմբակների ու արվեստի դպրոցների խմբերի ընդլայնմամբ, բուհերում փոխհատուցում ստացող ուսանողների թվի մեծացմամբ: Նոր ծրագիր է ԼՂՀ բուհերի վճարովի համակարգում սովորող ՊԲ ծառայության մեջ և պահեստազորում գտնվող զինծառայողների ուսանող երեխաներին տրվող փոխհատուցումը՝ շուրջ 60 մլն դրամ: Նոր է նաև պետական աջակցությունը ՙՊոլ Էլյուարի տուն-ֆրանկոֆոնիայի կենտրոն՚ հիմնադրամին (3,7մլն դրամ) ծրագիրը: Գիտության մասով հիմնականում պահպանվել է նույն մակարդակը՝ 59,3 մլն դրամ, որից 28,5 մլն դրամը՝ գիտական թեմաներին, մնացածը գիտական կենտրոնի պահպանման ծախսերն են: 2016թ. սպորտի գծով նախատեսվում է 273 մլն 755,5 հազար դրամ՝ 0,9 տոկոսով պակաս նախորդ տարվանից: Այս գումարների մեջ մտնում է նաև մարզական ֆեդերացիաներին օժանդակությունը՝ 38մլն դրամի չափով, ֆուտբոլի զարգացմանը՝ 85 մլն դրամ: Մարզադպրոցների ֆինանսավորումը կրթության մասով է՝ 175,5 մլն դրամ: Պատգամավոր Գագիկ Բաղունցի նկատառումը ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանն էր վերաբերում, դրան քայլ առ քայլ գնալուն` սկսելով ավագ դպրոցներից և աստիճանաբար ընդգրկելով բոլոր դպրոցները` ըմբռնելով հանդերձ 2016-ի բյուջեի առանձնահատկությունները, այլապես նկատվում է արտահոսք մանկավարժական մասնագիտություններից: Գերատեսչության ղեկավարը համամիտ է, որ այսօր ուսուցչի աշխատավարձը ցածր է. դա մեծ խնդիր է, և չեն կարող ասել, որ առաջիկա 1-2 տարում կլուծեն, բայց ուսուցչի աշխատանքը խթանելու ձևեր կան, ինչպես օրինակ, տարակարգը: Տեղեկացվեց նաև ՀՀ-ում մշակվող Կրթության գերազանցության ազգային ծրագրի մասին, որի մեկնարկը կտրվի եկող տարվանից. Հայաստանի յուրաքանչյուր մարզում 1-ական, Երևանում` 2 , Արցախում՝ 1 դպրոց կընդգրկվեն Արարատյան միջազգային բակալավրիատի ծրագրում: Դպրոցները պետք է լինեն ՙԱյբ՚-ի տիպի, խնդիր է առաջանալու առաջին հերթին դպրոցական շենքի համապատասխանեցման, տեխնիկական հագեցվածության առումով: Կընտրվեն մասնագիտական անհրաժեշտ կարողություններով ուսուցիչներ, որոնք համապատասխան հավաստագիր ստանալուց հետո իրավունք կունենան աշխատել, և նրանց աշխատավարձը նախատեսվում է մինչև 400 հազար դրամ: 

 Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ