ՙԹՈՒՄՈՆ՚՝ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅՆԱՑՄԱՆ ՇԱՐԺԻՉ
2015 թվականին Արցախի երեխաներին ամենամեծ նվերը թերևս կարելի է համարել ՙԹումո՚ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը:
Հոկտեմբերի 5-ից այստեղ հստակ ժամանակացույցով անց են կացվում պարապմունքներ: ՙԹումո՚ է հաճախում հանրապետության տարբեր բնակավայրերից 12-18 տարեկան շուրջ 900 երեխա։ Կենտրոնի տնօրեն Վիգեն Բալայանը սկիզբը հաջող է համարում: Երեխաները համապատասխան վարժանքներ կատարելուց հետո հմտանում են չորս ուղղություններով` խաղերի ստեղծում, ծրագրավորում, կայքերի մշակում և անիմացիա: Վարժանքներն անում են ինքնուրույն` համակարգչում եղած տեքստային մասի հիման վրա: Նրանց ուղղորդում են մարզիչները, որոնք արցախցի երիտասարդներ են` Ալեքսը, Հայկը, Մարիամը, Արթուրը: Վ. Բալայանը մեծ հույսեր է կապում այս թիմի հետ` ասելով, որ եթե նրանք մնան ՙԹումո՚ կազմակերպության մեջ, անպայման մեծ արդյունքների կհասնեն: Նշենք, որ ՙԹումո՚-ում (Հայաստանում կա այդպիսի 3 կենտրոն)՝ որպես կանոն, դասընթացավարները գալիս են աշխարհի տարբեր երկրներից: Ստեփանակերտում արդեն անցկացվել է առաջին դասընթացը, որը վարել է իտալացի հայտնի զինվորական նկարիչ Պիեռ Պաուլո Չիտոն: Վ. Բալայանի խոսքով` նա շատ տպավորված էր Արցախի երեխաների ընդունակություններով: Նրա տված ազատ նախագծով երեխաները լուսանկարներ են արել, ստեղծել ֆոտոպատմվածքներ: Պաուլոն, որը հայտնի է աշխարհի բոլոր թեժ կետերում արված իր լուսանկարներով, խիստ զարմացած էր արցախցի երեխաների պատկերացումներով. նրանք լուսանկարներում ներկայացրել են Արցախը տարբեր ասպեկտներով: Ղարաբաղի մասին աշխարհը գիտի որպես պատերազմող երկիր, որտեղ միայն ավերածություններ են, բայց իրականության մասին ինքն այլ պատկերացում է կազմում երեխաների աչքերով: Այնքան հաջող էր ստացվել նախագիծը, որ ՙԹումոն՚ հրավիրել էր երեխաների ծնողներին: Նրանցից մեկը ելույթ ունենալով` ասաց, որ ինքն իր աղջկան չի ճանաչում. լրիվ փոխվել է, բացվել բազմաթիվ դրական կողմերով: ՙԱյդ դասընթացները շատ պարզ ու կիրառական են, այստեղ տեսական ոչ մի բան չեն սովորեցնում՚.- պարզաբանում է Վ. Բալայանը: Այն հարցին, թե ինչ ծրագրեր ունեն 2016 թվականին, ասաց, որ կփորձեն ևս 5 դասընթացավարներ բերել աշխարհի տարբեր կետերից: ՙԹումո՚-ի նպատակներից մեկն էլ դա է. տարբեր մշակույթների ներկայացուցիչների հետ ստեղծել փոխշփումներ: Երբ երեխաները տեսնում են, որ դրսից ինչ-որ մեկը ցանկություն է հայտնում գալ Ղարաբաղ, աշխատել այստեղ, իրենց հետ շփվել և լավ է արտահայտվում այս երկրի մասին, նրանք իրենց բնակավայրին ուրիշ ձևով են վերաբերվում: Դա շատ լավ օրինակ է, երբ երեխաները տեսնում են, որ մարդիկ էլ կան, որ կարող են ամեն ինչ թողնել, գալ ապրել այստեղ։ Եվ պարտադիր չէ, որ ինքը գնա Գլենդեյլում կամ Մոսկվայում ապրի. իր երկրում էլ կարող է նորմալ ապրել: Դա ՙԹումո՚-ի մի առավելությունն է: Մյուս առավելությունն էլ այն է, որ եկողներն իրենց հետ բերում են թարմ գաղափարներ, փորձառություններ, գիտելիք: Երեխաները նրանց միջոցով նոր մշակույթի հետ են շփվում և այդ ընթացքում սկսում են սեփական մշակույթն ավելի շատ գնահատել: Վ. Բալայանը բերում է Կիպրոսում սովորելու ժամանակ ֆիզիկայի իրենց դասախոսի` Արիստիդոյի մտքերը, ով իր ուսանողներին, որոնք հիմնականում հայեր և հույներ էին, ասում էր. ՙԿգնաք մեծ քաղաքներ, մեծ գաղափարները կսկսեն ճնշել ձեզ, բայց ձեզ համար ավելի հեշտ կլինի այդ ամենը հաղթահարելը, որովհետև դուք գալիս եք մեծ մշակույթից, դուք մեծ մշակույթի կրողներ եք՚: ՙԹումոն՚ գլոբալիզացիայի շարժիչ է, իր հետ ամբողջ աշխարհը բերում է այստեղ և այստեղից տանում աշխարհ: Ինքնությունը հենց նրանում է, որ հնարավորություն է տալիս գնահատել և ընտրել անհրաժեշտը: ՙԹումո՚-ի ամբողջ գաղափարն էլ դա է` այստեղ նստել ու դրսի հետ աշխատել. 21-րդ դարում մարդիկ նաև այդպես են աշխատում: Եվ ամենակարևորը` ՙԹումոն՚ ուրիշ մտածելակերպ, ուրիշ աշխարհայացք է ձևավորում: Մարդը չի սպասում, որ ինչ-որ մեկն իր համար գործ ստեղծի, կիրառական այդ ծրագրերն իրականացնելով` տեսնում է, որ իր ուզած բանն իր ձեռքով կարող է անել, շեշտում է կենտրոնի երիտասարդ տնօրենը: Երևակայությունը, մտքի ազատությունը սահմաններ չունեն: Անձը սահմանափակված է միայն իր փափագներով և իր տաղանդով: Եթե նա ունի տաղանդ ու ձգտում, եթե ծույլ չի` ամեն ինչի կհասնի, համոզված է նա: Վիգենը ծնվել է Հայաստանում, բնակվել Մոսկվայում, սովորել Եվրոպայում, որոշ ժամանակ աշխատել է ԱՄՆ¬ում, Լիբանանում, բայց իմանալով, որ Ստեփանակերտում ՙԹումո՚ է բացվել, ցանկություն է հայտնել գալ այստեղ: Հետաքրքիր էր իմանալ նրա կարծիքն արտերկրի և Արցախի երիտասարդների ընդհանրությունների ու տարբերությունների մասին: ՙՇատ գլոբալիզացված երեխաներ են, կտրված չեն աշխարհից: Սա ընդհանուր կողմն է, իսկ ակնհայտ տարբերությունը հարգանքն է դեպի մեծը, որը շատ լավ հատկանիշ է: Բաներ էլ կան, որ կարելի է և՜ լավ որակել, և՜ վատ: Օրինակ, այն, որ շատ խմբակային հոգեբանության են: Լավ է, իհարկե, որ միասնական են, բայց հարկավոր է մի քիչ էլ ինքնուրույն լինել՚,-ասաց տնօրենը: Վ. Բալայանը միաժամանակ տեղեկացրեց, որ ինքն այս պաշտոնում մշտական չի աշխատում. գործում է ռոտացիայի սկզբունքը: Ինքը շուտով գնալու է, իսկ իր տեղը Փարիզից գալու է մեկ ուրիշը` Կորյունը: Նա էլ բերելու է իր մտածելակերպը: Անընդհատ շարժման վիճակում գտնվելը կարևոր է, միշտ թարմ հոսանք կա: Երեխաները նոր մարդկանց հետ շփվելով` իրենց համար բացում են աշխարհը և համոզվում, որ այստեղ մեծ առավելություններ կան: Մեր այն հարցին, թե ինչն է Ստեփանակերտում իրեն դուր եկել, Վ. Բալայանն այսպես պատասխանեց. ՙՄի տեսակ սյուրռեալիստական վիճակ է, քեզ զգում ես տարածքից ու ժամանակից դուրս, հանգստության մեջ՚: Մեր զրույցի ավարտին նաև փորձեցինք իմանալ, թե ՙԹումո՚-ի տնօրենն ինչ սպասելիք ունի նոր տարում: Ասաց, որ կուզենար 30 համակարգիչ ավել ունենան, որպեսզի կարողանան երեխաների քանակը 50 տոկոսով ավելացնել: ՙԱճենք, շատանանք՚,- սա է նրա երազանքը:
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ