[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՅԱՑՄԱՆ ՈՉ ԴՅՈՒՐԻՆ ՃԱՆԱՊԱՐՀ

Հարցազրույց  ԱրՊՀ մանկավարժության և սպորտի ֆակուլտետի  դեկան Շահեն ԱՅԴԻՆՅԱՆԻ հետ

 - Շահեն Վարդանի, Ձեր գլխավորած ֆակուլտետում գործում է չորս ամբիոն։ Չնսեմացնելով մնացած ամբիոնների դերն ու նշանակությունը, այսօր կցանկանայի Ձեր օգնությամբ անդրադառնալ  նախնական զինվորական պատրաստության ամբիոնի աշխատանքներին։

-  Նախնական զինվորական պատրաստության ամբիոնի (վարիչ՝ պահեստազորի փոխգնդապետ Մավրիկ Գրիգորյան) հիմնական խնդիրն է պատրաստել մասնագետներ, ովքեր պետք է հանրակրթական  հաստատություններում դասավանդեն նախնական զինվորական  պատրաստություն և արտակարգ իրավիճակներ առարկան։ Մասնագետներ սկսել ենք պատրաստել Արցախյան պատերազմի հենց սկզբից՝ 1992 թվականից։ Եվ այդ  տարիների ընթացքում մեր շրջանավարտները համալրել են ուսումնական հաստատությունները։ Այսօր էլ գործընթացը շարունակվում է։ Բուհում գործում է ինչպես առկա, այնպես էլ հեռակա համակարգ։ Ընդ որում, շրջանավարտներն  ստանում են երկու որակավորում՝ նախնական զինվորական պատրաստության և ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչներ։ Այս երկու մասնագիտություններն ընթացիկ տարուց զատվել են. դա նշանակում է, որ չորս տարի անց կունենանք առանձին որակավորմամբ բակալավրիատի մասնագետներ։ Ամբիոնի դասախոսական կազմում հիմնականում ընդգրկված են մեր պահեստազորի սպաները, որոնք գրագետ և պատրաստված մասնագետներ են։ Տարիների ընթացքում բավականին մեծ աշխատանք է տարվել ամբիոնի նյութատեխնիկական բազա ստեղծելու և   հարստացնելու ուղղությամբ։ Այսօր մենք ունենք մարտավարության, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների ուսուցման կահավորված կաբինետներ։ Ունենք օդամղիչ հրացանի հրաձգարան, նախնական զինվորական պատրաստության մեթոդիկայի կաբինետ և այլն։ Կաբինետների կատարելագործմանն ուղղված  աշխատանքները շարու՜նակվում են։ 

- Խորհրդային տարիներին նախնական զինվորական պատրպաստություն և բուժական գործ առարկան անցնում էին բոլոր ֆակուլտետներում, այսօր այլ կերպ է դրվածքը... Ի՞նչ եք կարծում. հարցի վերանայման խնդիր չկա՞։

- Նախկինում պարտադիր ուսուցում էր և շատ արդյունավետ, որը տալիս էր դրական արդյունք, սակայն այսօր այդ համակարգը չի գործում։ Ուսանողները երեք տարի սովորում էին, և դա հավասարեցվում էր կարևորագույն առարկաներին։ Վերջում պետական հանձնաժողովի կողմից քննության կարգով դրական գնահատականների արժանացածներին ներկայացնում էին կոչումների։ 

Իսկ ռազմական ամբիոնների առկայության դեպքում համապատասխան կրթություն ստացածներին 3-ամսյա հավաքներից հետո ներկայացնում էին սպայական կոչումների։

Ցավոք, մեր ամբիոնն այսօր ռազմական ամբիոնի կարգավիճակ չունի, չնայած այդ գործառույթներն իրականացնում ենք։ Ըստ այդմ էլ մենք չենք կարողանում այլ մասնագիտությունների գծով ուսանողների համար ուսուցում կազմակերպել։ Այդ հարցը մի քանի անգամ բարձրացվել է, բայց այդպես էլ լուծում չի ստացել։ Գուցե ժամանակի ընթացքում կլրացվի և այդ բա՞ցը, տեսնենք։

- Դուք չե՞ք գտնում, որ դրա կարիքն իսկապես կա։

- Ղարաբաղում ծնված և բնակվող յուրաքանչյուր պատանի, ապրելով յուրահատուկ պայմաններում,  պարտադրված է տիրապետել ռազմական գործին։ Այդ ամբիոնի առկայությունը հնարավորություն է ընձեռում սպայական ցածր օղակների համար կադրեր պատրաստել։ Կա ներուժ, կա պատրաստակամություն, ժամանակի ընթացքում գուցե օրախնդիր դառնա նաև այս հարցը։ Այսօր ժամկետային ծառայությունն առավել շատ է կարևորվում, առայժմ հանգամանքներն այդպես են թելադրում՝ կարևորվում են սահմանների պաշտպանությունն ու անառիկությունը։ Երբ արդեն վերջնական խաղաղություն կտիրի, այն ժամանակ հնարավորություն կունենանք վերանայել մի շարք հիմնախնդիրներ։ Այսօր հիմնական ուշադրությունը սևեռված  է առաջնահերթությունների վրա։

Բանակ զորակոչված մեր առաջին կուրսեցիներին զորամասերում ընդգրկում են հրամանատարական դասընթացներում, նրանց տրվում են սերժանտական կոչումներ։ Չնայած կարճատև, բայց ուսուցումը մեզ մոտ դրական ազդեցություն է ունենում զինվորական  պատրաստության  գործում։

Մեր մյուս՝ կերպարվեստի, մանկավարժության և հոգեբանության, ֆիզիկական դաստիարակության ամբիոնները ևս կոչված են համապատասխան մասնագիտութուններով համալրելու դպրոցների ուսուցչական կազմը։

Ինձ բոլոր մասնագիտությունները հոգեհարազատ են, բայց լինելով զինվորական, ունենալով բանակային ծառայության համապատասխան փորձ և կրթություն՝ կարևորում եմ ռազմական գործն ու կրթությունը։ Կցանկանայի, որ  դպրոցների զինղեկներն  ուշադրության կենտրոնում պահեն մեր ապագա կոնտինգենտին, կապ պահպանեն մեզ հետ, որպեսզի քիչ թե շատ պատրաստ շրջանավարտներ ապահովենք։ Ուսումնական գործընթացում քիչ խոչընդոտներ կլինեին։ Մասնավոր են դեպքերը, երբ զինղեկները զանգում են, տեղեկացնում, որ իրենց սանն ուզում է սովորել մեզ մոտ, և ինչի վրա պետք է  ուշադրություն դարձվի։ Լինում են նաև այսպիսի դեպքեր. ստանում ենք շրջանավարտներ, ովքեր տարրական պատկերացում չունեն, թե ինչ մասնագիտություն են ընտրել։ Մասնագիտական կողմնորոշումը, մանավանդ մեր ուղղությամբ, անչափ կարևոր է, սա այն բնագավառը չէ, երբ կարող ես թերանալ և մնալ առանց հետևանքների։ Սա յուրահատուկ մասնագիտություն է, և կարևոր է, որ յուրաքանչյուրի մոտ, բացի գիտելիքներից ու կարողություններից, մշտարթուն լինի հայրենասիրության ջիղը։ Զինղեկը պետք է լինի մեծատառով դաստիարակ և միջոցառումներն իրականացնի ամբողջ դպրոցի մասշտաբով։

Մենք ուսումնական գործընթացում փորձում ենք տալ համապատասխան գիտելիքներ, ներարկել անհրաժեշտ որակներ, սակայն մեր ջանքերն առավել արդյունավետ կլինեին, եթե շրջանավարտներն ունենային բավարար բազային գիտելիքներ։ Իր ժողովրդի պատմությունը չիմացող շրջանավարտը, ինչքան էլ մարտավարություն սերտի, լիարժեք մասնագետ չի դառնա։ Շրջանավարտները պետք է տիրապետեն լեզուների, այնինչ՝ նրանց մի մասը հաճախ նույնիսկ մայրենիից անհրաժեշտ գիտելիքներ չունի։

- Սե՞րտ է զորամասերի հետ կապը։ 

- Մշտապես կապի մեջ ենք զորամասերի հետ։ Տոնական օրերին մենք ենք հրավիրում, իրենք են ներկայանում, փոխադարձ այցելություններն էլ կան ու կան։ Վերջերս կազմակերպեցինք ՙԼավագույն հրաձիգ՚ մրցույթը, որում ընդգրկեցինք ոչ միայն մեր ֆակուլտետի ուսանողներին, այլև բոլոր նրանց, ովքեր մասնակցության ցանկություն էին հայտնել։ Ընդառաջելով մեր խնդրանքին՝  պաշտպանության նախարարը թանկարժեք նվերներով խրախուսեց  բարձր արդյունքներ ապահոված ուսանողներին։ Ուսանողության ջանքերով Ամանորի նախօրյակին մեկ բեռնատար ավտոմեքենա  նվերներ են պատրաստվել Մարտակերտի պաշտպանական շրջանի զինվորների համար, նվերների հանձնումն ուղեկցվել է համերգային ծրագրով։ Մեր մագիստրատուրայի ուսանողներն այցելել են առաջնագիծ, նրանք ՙՀայրենյաց պաշտպան՚ ԵՀԿ անդամներ են և մշտական կապ ունեն զորամասերի հետ։

- Այսօր ի՞նչ խնդիրներ են  ծառացած ամբիոնի առջև։

- Այս պահի դրությամբ պարապմունքներ, քննություններ են ընթանում։ Մինչև նոր ուսումնականի մեկնարկը մեր ուսանողները փորձուսուցում էին անցնում քաղաքի լավագույն դպրոցներում, որտեղ առկա են համապատասխան բազա և արհեստավարժ ուսուցչական կազմ։ Դպրոցներում մենք լավ պատրաստվածության ուսուցիչներ ունենք, որոնցից հաճախ ընդօրինակում ենք, ընդգրկում ուսումնական գործընթացի մեջ։ Միմյանց օգնում ենք, լրացնում, ինչն, ըստ իս, կարևոր է, երկուստեք  շահեկան։ 

Մասնագիտական գրականություն հիմնականում ստանում ենք բանակի օգնությամբ ու միջոցներով։ Գրախանութներում գրեթե չկա։ Նոր գրքերի համալրում ենք ակնկալում բանակի կողմից։ Որոշ դասասենյակների ու կաբինետների կահավորման համար ցուցապաստառների կարիք ունենք։ Ցանկացած խնդրի լուծման գործում բանակը մեզ ձեռք է մեկնում, հուսանք այս անգամ ևս կօգնի։

Հեռակա համակարգում սովորող մեր շատ ուսանողներ այսօր պայմանագրային ծառայության մեջ են, նրանք և՜ սովորում են, և՜ տարբեր զորամասերում մարտական խնդիր կատարում։ Նրանցից շատերը բուհն ավարտելուց հետո ծառայությունը կկապեն բանակի հետ, մի մասն էլ վերապատրաստում անցնելուց հետո սպայական պաշտոններ կզբաղեցնի։ Իսկ մենք մեր հերթին ձգտում ենք տարեցտարի բարձրացնել նրանց պատրաստության մակարդակը։

Հանրապետության դպրոցներում այսօր որպես զինղեկներ են աշխատում և՜ պահեստազորի  սպաները և՜այն անձինք, ովքեր ժամանակին  ընտրել են այդ  մասնագիտությունը։ Շատերն արդեն թոշակային տարիքի են, ուստի և արժանի հերթափոխ է պատրաստվում։ Մեր դպրոցահասակ պատանին պետք է ստանա լուրջ նախնական զինվորական պատրաստություն, մենք այլընտրանք չունենք։ Մեր շրջանավարտների մի մասը փորձուսուցում է անցնում դպրոցներում, իսկ մյուս մասը՝ զորամասերում։ Որպես ապագա զինղեկներ՝ նրանք պետք է ծանոթ  լինեն զինվորական ծառայության կազմակերպմանը։ Մեզ մոտ նաև աղջիկներ են սովորում, նրանց հետ էլ համապատասխան աշխատանքներ են տարվում ներքին ծառայության կազմակերպման, կարգուկանոնին, մարտական պատրաստության գործընթացին ծանոթացնելու համար։

- Հանրապետությունում պահի դրությամբ ընթացքի մեջ է ձմեռային զորակոչը, կարո՞ղ ենք ասել, որ ձեր ուսանողների շարքերից բանակ են զորակոչվում ոչ միայն պատրաստ, այլև պատրաստակամ ժամկետայիններ։

- Միանշանակ չենք կարող ասել, թե մենք նրանց լիովին նախապատրաստել ենք, սակայն, բոլոր դեպքերում, նպատակաուղղել ենք, թե ինչն է բանակային ծառայության մեջ կարևորվում, կամային ինչ հատկանիշներ պետք է ունենա զինվորը, ինչ պահվածք որդեգրի զինվորական կոլեկտիվում։

Ունենք լավ շրջանավարտներ, հաճելի է տեղեկանալ, որ մեր շրջանավարտները, աշխատելով ըստ մասնագիտության, արդարացնում են մեր հույսերը։ Նրանցից շատերը ծառայում են ուժային կառույցներում և նույնպես արդարացնում են իրենց։ Ցավոք, նախնական զինվորական պատրաստության մագիստրատուրա դեռևս չունենք, այս ուղղությամբ պետք է մտածենք։

Դրվածքը՝ դրվածք, բայց ամբիոնը կայանալու ճանապարհին անելիքներ դեռ շատ ունի, կան մեխանիզմներ, որ պետք է աստիճանաբար յուրացնենք։

Մենք դեռևս կայացման ճանապարհին ենք։ 

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ