[ARM]     [RUS]     [ENG]

ՙԼԱՎԱԳՈՒՅՆ ՁԱՅՆ՚-Ը ՓՆՏՐՈՒՄ Է ՆՈՐ ՏԱՂԱՆԴՆԵՐ

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի նոր նախաձեռնությունը մեծ արձագանք գտավ մայրաքաղաքի երաժշտասեր հասարակայնության շրջանում:

Դեռ հոկտեմբեր ամսից քաղաքի կենտրոնական մասերում տեղադրված մեծ պաստառը, որ ազդարարում էր ՙԼավագույն ձայն՚ երգի մանկապատանեկան մրցույթի մասին, գրավում էր մարդկանց ուշադրությունը: Պալատի տնօրեն Նաիրա Նաջարյանի խոսքով՝ Արցախի մշակութային կյանքի համար այս նոր նախագիծը երգարվեստում տաղանդներ փնտրելու նպատակ ունի: Ըստ կազմակերպիչների մտահղացման՝ մրցույթին մասնակցել ցանկացողների թվում կարող են ընդգրկվել ինչպես մասնագիտական հաստատություններում սովորող, այնպես էլ պարզապես լավ ձայն ունեցող երեխաներն ու պատանիները: Իսկ վերջիններիս հետ մասնագիտորեն պետք է պարապեին հանձնաժողովի անդամները: Եվ այսպես, մայրաքաղաքից նոր մրցույթին ցանկացան մասնակցել ընդհանուր թվով 56 երեխաներ, պատանիներ ու երիտասարդներ: 2015թ. դեկտեմբեր ամսին անցած ընտրական փուլի արդյունքում հաջորդ` առաջին փուլ անցավ 35 մասնակից, որոնք պետք է մրցեին երեք` 6-11, 12-13 և 14-17 տարիքային խմբերում: Փետրվարի 16-17-ը Պալատի մեծ դահլիճում անցկացվեց առաջին փուլը: Փետրվարի 16-ին տեղի ունեցան ավագ տարիքային խմբի, իսկ 17-ին` առաջին երկու խմբերի մասնակիցների ելույթները: Երկօրյա մրցումների արդյունքում շատ քիչ մասնակից դուրս մնաց: Հանձնաժողովի խստապահանջ անդամներն, այնուամենայնիվ, բավականին մեղմ էին վճռական ՙայո՚ և ՙոչ՚ ասելիս. նրանք գերադասում էին մասնակիցներին թողնել նախագծում` ևս մեկ անգամ հնարավորություն տալով հանդես գալ: Ըստ մրցույթի կանոնակարգի՝ առաջին փուլում պետք է հնչեն միայն հայկական երգեր: Ավագ խմբի 11 մասնակիցների կատարումների շարքում հնչեցին հայկական էստրադային և դասական լավագույն երգեր: Պալատի ղեկավարության մտահղացմամբ՝ հանձնաժողովում պետք է ընգրկված լինեն երգարվեստի երեք` էստրադային, դասական և ժողովրդական ճյուղերի ներկայացուցիչները: Այս տարի մրցույթն առաջին անգամ անցկացնելու համար հրավիրվեցին Տաթևիկ Բալայանը (ՙՂարաբաղ՚ էստրադային համույթի մեներգչուհի), Լիլիթ Սաֆարյանը (Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի դասական վոկալի դասատու, ՙԱվետում՚ հոգևոր երգչախմբի ղեկավար), Վիտալի Ղազարյանը (ազգային երգի և պարի պետական համույթի մենակատար), որոնք և, ըստ անհրաժեշտության, աշխատում են նաև մասնակիցների հետ: Նշենք՝ մրցույթի երկու օրն էլ անցավ բավականին աշխույժ: Դահլիճը ջերմորեն էր արձագանքում յուրաքանչյուր մասնակցի ելույթին: Իսկ երկու դեպքում հանդիսատեսի ակտիվ վերաբերմունքը վճռորոշ դեր խաղաց մասնակիցների համար. նրանք մնացին նախագծում, ինչի համար, բնականաբար, անչափ ուրախ էին: Թե՜ պալատի տնօրինությունը և թե՜ հանձնաժողովի անդամները համակարծիք են. նման մրցույթներն անհրաժեշտ են, քանի որ հնարավորություն են տալիս նոր սերնդի տաղանդավոր երեխաներին ու պատանիներին իրենց դրսևորելու մեծ բեմում, կողմորոշվելու կյանքի ուղին ընտրելու գործում: Մրցույթի հաջորդ փուլ անցած մասնակիցներին կտրվի մեկ ամիս` նոր երգով հանդիսատեսին ներկայանալու համար: Ի դեպ, երկրորդ փուլի երգն ընտրվում է ըստ մասնակցի ցանկության: Սպասենք մարտ ամսին, երբ երկրորդ փուլը կհայտնաբերի հաջորդ փուլի մասնակիցներին: Իսկ հաղթողները կորոշվեն արդեն երրորդ փուլում։ Մրցանակներն էլ կհանձվեն գալա-համերգի ժամանակ:

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ