[ARM]     [RUS]     [ENG]

ՙԿՅԱՆՔԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՎԻՃԱԿԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԻՋԵՎ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է՚

Գրող-հրապարակախոս Մաքսիմ Հովհաննիսյանը ծնվել է 1934թ. փետրվարի 18-ին Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Հարավ գյուղում։

1952-ին ավարտել է Ստեփանակերտի թիվ 2 դպրոցը, 1958-ին՝ ԵրՊՀ բանասիրական ֆակուլտետի լրագրության բաժինը։ Աշխատել է Լեռնային Ղարաբաղի զանգվածային լրատվության մարմիններում։ 1971-1986թթ. վարել է ռադիոհաղորդումների մարզային վարչության գլխավոր խմբագրի պաշտոնը։ Մի կարճ ժամանակաշրջանում՝ 1986-1987թթ., եղել է Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն։ 1988-1993թթ. աշխատել է որպես ՙԽորհրդային Ղարաբաղ՚ օրաթերթի գլխավոր խմբագիր։ 1993-95թթ. նշանակվել է ԼՂՀ նախարարների խորհրդի լրատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավար։ 1995-1998-ին՝ նորից ՙԼՂ Հանրապետություն՚ օրաթերթի գլխավոր խմբագիր։ Տասնյակից ավելի գրքերի հեղինակ է։ ԼՂՀ վաստակավոր ժուռնալիստ է։ Արժանացել է ՀԳՄ Դ. Դեմիրճյանի անվան մրցանակի, ԼՂՀ Եղիշեի անվան պետական մրցանակի, ԼՂՀ ՙՄեսրոպ Մաշտոց՚ շքանշանի, ՀՀ ՙՄովսես Խորենացի՚ մեդալի։ ՙԱզատ Արցախ՚ թերթի խմբագրության, ընթերցողների անունից շնորհավորում ենք անվանի գրողին ծննդյան տարեդարձի առթիվ, և ներկայացնում մեր հարցազրույցը։-Օրվա Ձեր զգացողությունը։ Տարիների հետ, հավանաբար, այն փոխվում է... - Թերևս Աստվածաշնչում է ասված, որ ոչինչ նոր չկա, ամեն ինչ հնի կրկնություն է։ Փառք Աստծո, կյանքը ինձ հնարավորություն տվեց, որպեսզի վերապրեմ մի ժամանակաշրջան, որին ես ձգտում էի ամբողջ կյանքում։ Եվ փառք Աստծո, նաև նրա համար, որ իմ կյանքը երկարեց այնքան, որ հասանք այսօրվան։ Դա լիքը ցանկություն էր և ցանկության իրականացում, չնայած կյանքում տեղի են ունենում այնպիսի իրադարձություններ, որոնց մասին չես էլ ցանկանում, որ պատմես ու լիաթոք բացականչես։ Ծննդի բերկրանքը, օրվա զգացողությունը այն է, որ մի տարի էլ գլորեցի, և այդ տարիները, որ ես վերապրեցի...ծանր դարձդարձումներով ժամանակաշրջան ենք ապրել։ Պատկերացրեք, եթե ես սովորական չափանիշներով ապրեի, ապա հրապարակի վրա չէի ունենա այն գրքերը, որոնք ինձ համար շատ թանկ են։ Ասենք՝ ՙՉաստվածների խնջույքը՚, ՙՀեռացող երկրի կարոտը՚, իմ վիպակների և պատմվածքների այն շարքերը, որոնք հրապարակի վրա են։ Դրանք գրել եմ ուշ տարիքում։ Այս միտքը ասեմ, որ զարմանալի կերպով ինձ մոտ ամեն ինչ ուշ է ստացվում։ Ուշ եմ ամուսնացել, ուշ եմ դպրոց հաճախել, ուշ եմ որպես գրող ձևավորվել, և ինչին ձգտել եմ՝ հասել եմ, բայց ուշացումով։ Ուշ է, բայց ուշացած չէ. գուցե սա վերաբերում է նաև ինձ։ Դա այն հարցն է, որին ես չէ, որ պիտի պատասխանեմ։ Իմաստը ոչ այնքան երկար ապրելու, որքան ինչ-որ բան ասելու, հասցնելու ցանկությունն է, որ ինձ ուժ է ներշնչում։ Որ կյանքի ընթացքում կուտակված փորձը, հուշը կարողանամ վերարտադրել։ Աչքածակություն չլինի՝ փառք Աստծո։ Իմ հերոսներից մեկն ասում է՝ ագռավի ցեղից եմ։ Ագռավի ցեղից իմ մայրական մի գիծը՝ Արուսյակ տատը, 97 տարի ապրել է, և մինչև կյանքի վերջը նրա սուր մտքից մենք քաշվում էինք։ Դիտողունակ, սրամիտ կին էր։ Ինչու չէ, նաև ուրախ եմ, որ երեխաներ, թոռներ, ծոռներ ունեմ, ընկերներ ունեմ, շատերը չկան, բայց կան ջահել ընկերներ, որոնք իմ նկատմամբ ուշադիր են, և դա փոխադարձ է։ -Մանկության այն վերհուշը, որ հաճախ է այցելում Ձեզ։ - Վերհուշը իմ մշտական ուղեկիցն է։ Երբեմն վերադառնում եմ մանկության օրեր, սրսռուն զգացումներով, որոնք արտահայտված են իմ վերջին գրքի մի քանի կտորներում։ Մարդ միշտ ափսոսանքի զգացում ունի անցածի հանդեպ. դա նրանից է երևի, որ մարդ ցանկանում է անել այն, ինչ որ ուզում է, բայց կյանքի հանգամանքները կաշկանդում են զգացողությունները, և վերհիշելով, ափսոսանքով, ցավով նկատում ես, որ այն, ինչ ցանկանում էիր, այնպես չի ստացվել։ Պատկերացրեք, իմ հերոսները իմ մանկությունից եկած մարդիկ են, իրենց ընկալումներով, դժվարություններով, ցավերով, և այդ վերհուշի մեջ կա ավելի շատ ցավի, կորստի զգացում, ինչի ենք ձգտել, ինչի ենք հասել այսօր։ Իհարկե, մեր կյանքի գլխավոր նպատակը եղել է մեր ազգային վերածնունդը, որին այսպես թե այնպես հասել ենք, թե ինչ կորուստների գնով, դա մի կողմ թողնենք. ունեցանք բարոյական կորուստներ, սրտակից լինելը, ուրիշի ցավը կիսելը չկա։ Մարդկային հարաբերությունները դարձել են պրագմատիկ։ Դժվար է ազատվել այս կյանքի բարդություններից։ Բայց կյանք է, շարունակվում է։ - Վերջերս ՙԱզատ Արցախ՚ թերթում տպագրվեց Ձեր պատմվածքը՝ ՙԵրկու ծեր կին՚, որի արձագանքը ավելի քան ջերմ էր։ Կյանքի բյուրեղացած, ճշմարիտ արտահայտությունը՝ ցավ, ողբերգություն և անսահման մարդկայնություն։ Մոլորակի, մարդու ընդհանուր ... չարացման ֆոնին՝ մի օազիս, մի մաքուր արցախյան պատկեր և ձոն՝ բարությանն ու քրիստոնեական պատվիրանին ՙՍիրիր մերձավորիդ, ինչպես քո անձը՚։ -Մի առիթով ասել եմ՝ շատ ուշ եմ ըմբռնել, թե ինչպես գրել պատմվածքը։ Ճշմարտությունը ջրի երեսին է՝ ուղղակի չենք տեսնում։ Կյանքից վերցրու և պատմիր՝ ինչպես կա, և ստացվելու է գեղեցիկ գրականություն։ Պիտի զգաս ու կարողանաս վերարտադրել։ ՙԵրկու ծեր կինը՚ իրական պատմություն է, ուղղակի կյանքից սղագրված, բառացիորեն։ Ի՞նչն է կսկիծ ու ցավ պատճառում։ Մենք երբեմն քամահրում ենք պարզ ճշմարտությունը։ Կան մարդկային արժեքներ, որ Հոմերոսից մինչ այսօր պահպանում են իրենց ուժը և նշանակությունը։ ՙՍիրիր մերձավորիդ՚ աստվածաշնչյան միտքը հանդիպում ենք և հին չինական, և հին հունական փիլիսոփայության մեջ։ Աշխարհը կառւցված է սիրո, հավատարմության, նվիրվածության, նման հատկանիշների վրա, որ մենք մեզ մարդ զգանք։ Ուրիշին ուրախություն պատճառելու հաճույքը պակասում է, սարսափելի է, մենք մեր կեղևի մեջ պարփակվում ենք, և չենք տեսնում ուրիշի արցունքը։ Անձնապաշտ ենք դարձել, գուցե ժամանակի խնդիր է։ Կոմունիստական գաղափարախոսությունը մարդուն նկատելու, մարդուն ծառայելու գաղափար էր տալիս, որը խեղաթյուրվեց, խոսքս այլասերված բոլշևիկյան իրականության մասին է, բայց եղել են մարդիկ, որ նվիրվել են գաղափարին։ Զոհաբերության պատրաստ լինելու խթանը չկա, չնայած, մեղա Աստծո, Արցախյան պատերազմի շրջանում անձնազոհության շնորհիվ մի բուռ ժողովուրդ հաղթեց և հայրենիք պաշտպանեց։ Բայց դա մեր ավիշի, արյան միջով փոխանցված զգացողություն էր, որ գոյություն ունենք։ Այսօր նյութի հանդեպ պաշտամունքը հասել է ծայրահեղության, այն աստիճան, որ մարդու շունչը կտրվում է։ -Աստվածաշնչում ասված է՝ կուռքեր չսարքես...

-Մենք այս ժամանակներում շատ ենք վկայակոչում Աստվածաշունչը, բայց դրանից առաջ էլ եղել են գաղափարախոսություններ, մտքեր, որ քարոզել են գաղափարներ և ժառանգել սերունդներին։ -Ո՞վ է Ձեր ընթերցողը։ -Մեր ընթերցողը այսօր իներտ է, իմ և ընթերցողի միջև կարծես կապ չկա։ -Ասված խոսք է՝ գրականությունը ծնվում է ցավից։ Անդրադառնանք Ձեր ՙխոհանոցին՚՝ դժվա՞ր է ծնվում Ձեր տողը։ -Դա շնորհքի առանձնահատկություններից մեկն է։ Բարձր օրինակ բերեմ, ըստ հասած տվյալների՝ Շեքսպիրը սևագրություն չի արել։ Իսկ Տոլստոյը ասել է՝ 10 անգամ արտագրելը դեռ քիչ է։ Երկու հսկաներ։ Անդրադառնալով հղկվում է խոսքդ, ասելիքդ՝ հստակվում։ Դա առանձնահատկություն է՝ Աստծուց տրված։ Ինչ վերաբերում է ցավին, այսօր ստեղծվում է գրականություն, նկատի ունեմ հայ իրականությունը, որի իմաստը չես հասկանում. եթե ուրախության, կսկիծի արցունք չկա, եթե չես հակադրվում իրականությանը, ուրեմն... Հին աշխարհից առայսօր գրողները հակադրվել են իրականությանը։ Ցավից է ծնվում արդար խոսքը։ Ցավից է ծնվում իսկական գրականությունը։ -Խելակորույս ու վայրիվերո այս ժամանակներում Ձեր տագնապները։ -Ժամանակները խառն են ու պղտոր։ Այսօր մենք չգիտենք՝ ինչի ենք հավատում և ինչու ենք հավատում։ Անորոշության մութը սքողել է մեր հայացքը։ Այս ամենը իմ ՙՉաստվածների խնջույքի՚ չորրորդ ժողովածուում արտացոլվել է։ Աստված տա՝ կարողանամ հրապարակել։ Մեր էպոսը իմաստուն գիրք է, հատկապես փիլիսոփայություն կա Փոքր Մհերի հատվածում։ Սասնա ծռերից ամենամտածող, ամենագնահատող, ամենաընդվզուն կերպարն է։ Պատահական չէ, որ նոր ժամանակներում շատ են անդրադառնում Փոքր Մհերին։ Պատահական չէ, որ Իսահակյանն էլ է անդրադարձ կատարել։ Առեղծվածային, խորիմաստ պատմություն է, և՜ իր անորոշության, և՜ իր դժվարությունների, կյանքի անլուծելիության խնդրի առումով, որ այսօր էլ կա։ Խոսքն այն մասին չէ, որ նոր ժամանակներում սոցիալական շերտավորումը հասել է մեծ չափերի, համատարած աղքատության պայմաններում բարգավաճող շքեղություն...Վտանգը զսպում է շատ գրողների, և ստեղծվում են գրքեր՝ վերացական պատկերներով, լողացող մտքերով, ցավի խորհրդանիշերով... Կա սփոփանք, որ այնուամենայնիվ մենք կարողացանք մեր ազգային արժանապատվությունը հաստատել, որ մենք մարտնչող ազգ ենք։ Եթե վերանանք մեր իրականության այն ճղճիմ բաներից, վերջիվերջո՝ մենք ունենք ազատ, անկախ Հայաստան և Արցախ։ Մեր ազգային պահանջատիրության, ազգային ինքնության, պատվախնդրության պայքարում մենք որոշակի բաների հասել ենք։ -Մի առիթով Դուք ասել եք, թե ՙգրողի և ժամանակի հարաբերությունը պետք է ազնիվ լինի՚։ Գուցե չակերտները բացեք... -Մեզնից յուրաքանչյուրը իր ժամանակի ծնունդն է։ Մենք պետք է ազնիվ լինենք ժամանակի նկատմամբ, այն հրամայականների նկատմամբ, որ ժամանակն է առաջադրում։ Լինել ազնիվ, շիտակ, ճշմարտախոս, գրականությունը անողոք դատավոր է, բայց ժամանակն է որոշում՝ ով է մնում։ -Ձեր հավատամքը կյանքում և գրականության մեջ։ -Փառք Աստծո, իմ հավատամքը թե՜ կյանքում, թե՜ գրականության մեջ իրար չեն հակասել։ Աշխատել եմ ազնիվ լինել ինքս իմ առաջ, իմ ժողովրդի առաջ։ Սկզբունքս այս է եղել։ Հին խոսք կա՝ որպեսզի ճանաչես, պիտի սիրես. այս սկզբունքով պետք է գրողը ստեղծագործի։ Գրողի առաքելությունը ժողովրդին, մարդուն ծառայելն է։ Հին շրջանից առայսօր ոչինչ չի փոխվել։ Կյանքի բարձրագույն վիճակը մարդկանց միջև ներդաշնակությունն է։ Անցյալից մեզ փոխանցված այս նպատակը պետք է ուղեցույց հանդիսանա յուրաքանչյուր ստեղծագործողի համար։ -Դուք գնահատված եք որպես հրաշալի լրագրող և հրապարակախոս։ Արցախում ստեղծել եք լրագրողական մի ամբողջ դպրոց։ Լրագրությունը որքանո՞վ է օգնել կամ խանգարել Ձեր գեղարվեստական խոսքին։ -Երևի թե լրագրող և գրող տարանջատումը ճիշտ չէ, ըստ էության՝ մեկը մյուսի շարունակությունն է, խտացումն է։ Այն փորձառությունը, որ լրագրողական գործունեությունը ընձեռում է, հետագայում դառնում է գեղարվեստի փաստական նյութ, ըստ էության՝ դա իրար լրացնող, իրար օգնող հանգամանք է, և հակադրելը ճիշտ չէ։ Պարզապես, երբ ստեղծագործողը անհաջողության է մատնվում, վերագրում է ոչ թե իրեն, այլ մասնագիտություններին, որը ճիշտ չէ։ Գրականության պատմությունը շատ օրինակներ գիտի, երբ և՜ գրողը, և՜ լրագրողը համահավասար քայլել են, ստեղծել են։ - Ձեր կարծիքը Արցախում ստեղծվող ժամանակակից գրականության մասին։ -Ընդհանուր միտք կարող եմ միայն ասել։ Այն, ինչ որ այսօր ստեղծվում է, գոնե Արցախում... անբավարարվածության զգացում ունեմ։ Այն չէ՝ ինչ որ կցանկանայի ասպարեզում տեսնել։ Մենք ավելի շատ իրար ռեվերանսներ ենք անում, քան իրական արժեքներ ստեղծում։ Ստեղծագործողի համար միշտ էլ դժվար է եղել։ Որովհետև ճշմարիտ ստեղծագործողը հակադրվում է այն իրականությանը, որտեղ ինքը ապրում է։ Նյութի մեջ չեն խորանում։ Սոցիալական պատճառները չեն ուսումնասիրվում, քաղաքական առումներով ավելի շատ ելնում են կոնյունկտուրայից, որը խանգարում է։ Օրինակներ չեմ ուզում բերել։ Դժվար է գրող լինելը։ Նկարիչը նկարում է, քանդակագործը՝ քանդակում, երաժիշտը՝ երաժշտություն ստեղծում, այնտեղ չես կարող ՙքրեական տարր՚ գտնել, իսկ գրականությունը բաց գիրք է... -Նահապետի Ձեր խորհուրդը երիտասարդ ստեղծագործողներին։ -Երիտասարդ ստեղծագործողները խորհրդի կարիք չունեն։ Նրանք ... ամեն ինչ գիտեն։ Նահապետը նրանց համար հասկացություն է, որի հանդեպ միայն պատկառանք կարող են դրսևորել։ Յուրաքանչյուր ստեղծագործող ինքը պիտի գտնի իր ճանապարհը։ Եթե տաղանդը հզոր է, խորհրդի կարիք էլ չկա։ Վերջերս մի քանի գրքեր եմ ստացել, հեղինակները կարծես ձգտում են օրիգինալ երևալ, անսպասելի լինել, արտահայտվում են արտառոց։ Ազգային ցավ, մարդկային ցավ. հիմա կարծես դրանք չկան, մեր օրերի ցավն ու խնդիրները չկան։ Ես չեմ ընդունում ճարտասանական այն բանաստեղծությունները, որ նվիրված են Արցախին։ 

 

 Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ