Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՎԻՊԵՐԳ ՄՍՄՆԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ ԵՎ ՄԻ ԳԵՐԴԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

Լույս է տեսել ՙԱրցախապատում՚ մատենաշարի հերթական՝ 5-րդ գիրքը ՙՀերիքնազ՚ վերնագրով։

Հիշեցնենք, որ մատենաշարը տպագրում է ՙՍոնա՚ գրահրատարակչությունը՝ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հովանավորությամբ։ Ներկա հատորի հովանավորն է արցախցի Գրիգոր Մկրտչյանը։ Գիրքը Մսմնայի հայտնի ճակատամարտի և նրա հերոսուհու՝ Հերիքնազի մասին է։ Հեղինակը հայ¬ռուսական (սլավոնական) համալսարանի դասախոս, պատմության հետազոտող Վաչագան Վահրադյանն է։ Հեղինակը մեկնաբանում է, թե ինչն է իրեն ստիպել գրելու այդ վիպակը. Մսմնայի ճակատամարտի մասին շատ կցկտուր գրավոր տեղեկություններ են պահպանվել։ Հիմնական աղբյուրը Դիզակի աշխարհազորայինների հրամանատար Լալայանի հիշողություններն են, որոնց հիմքում նրա տեղակալ՝ ճակատամարտի անմիջական մասնակից Ասլանիկ Մուրադխանյանի բանավոր զեկույցն էր։ Փաստագրական առումով շատ արժեքավոր լինելով, հիշողությունները, սակայն, կասկածներ են հարուցում այն առումով, որ վերջինս չափազանցրել էր իր դերը՝ կապված ճակատամարտի կազմակերպման հետ։ Ճակատամարտի մասին պատմագիտական ակնարկներ են տպագրել պրոֆեսորներ Բ. Ուլուբաբյանը և Հ. Աբրահամյանը։ Այսպես, չորս մտավորականներ, այդ թվում՝ գրքի հեղինակը, Մսմնա էին այցելել, որպեսզի հստակեցնեին իրենց ընկերոջ՝ Գրիգոր Մկրտչյանի տոհմի պատմության շատ հետաքրքրական մի դրվագ՝ կապված Մսմնայի ճակատամարտի հետ։ Նրանց նպատակն էր զրուցել 100 տարի առաջ կատարված իրադարձությունների մասնակիցների անմիջական հետնորդների հետ, հավաքել օբյեկտիվ վկայություններ ճակատամարտի մասին և գիտական ստույգություն հաղորդել իրադարձությունների նկարագրությանը։ Այցելության արդյունքում գրվեցին մեկ գիտական աշխատանք և մեկ հոդված, որոնց մեջ քննության էին առնված եղած տեսակետները, վարկածները, որոնք շատ տարբեր էին հրապարակում եղած կարծիքներից։ Այդ իսկ պատճառով Գրիգորն առաջարկել էր դրանք... չտպագրել, և նրա առաջարկությամբ էլ ընկերը՝ Վաչագանը, գրեց... ՙԱպտակ՚ վիպակը, հիմք ունենալով գյուղացիներից լսած վկայությունները, պատմությունները, զրույցները։ Այսպես, պատմվածքը մոսկվաբնակ Գ. Մկրտչյանի նախնիների, կոնկրետ Ավագ Գասպարյանի գերդաստանի մասին է։ Պատմության հետազոտող Հրաչիկ Հարությունյանը վերոնշյալ գրքում մի փոքրիկ էքսկուրս է կատարում Շուշի քաղաքի վաճառականությանը, նշելով, որ, ցավոք, 18-19-րդ դարերի Շուշիի առևտրական վիճակագրությունը պատմական աղբյուրներում համարյա շրջանցված է, բայց շիրմաքարերի իր արձանագրությունների ուսումնասիրությունից դատելով, քաղաքի հայ առևտրականներն ամուր կապեր են ունեցել Ֆրանսիայի, Ռուսաստանի, Թուրքմենստանի, Արևելյան Պարսկաստանի և Ուզբեկստանի առևտրական կենտրոնների հետ, և որ Շուշիի աչքի ընկնող բոլոր շենքերը կառուցվել են առևտրական տների ֆինանսական միջոցներով։ Հ. Հարությունյանը նկարագրում է նաև Գասպարյանների տան տեղանքը, եզրակացնում, որ տունը կարելի էր վերականգնել մինչև 1962 թվականը, բայց Ադրբեջանը հանցագործության հետքերը թաքցնելու համար ոչնչացրել էր ավերակները։ Նրա կարծիքով, Գասպարյան գերդաստանի ամբողջական պատմությանն ավելի հանգամանորեն կհաջողվի տեղեկանալ հետագայում շառավիղների միջոցով։ Մաքսիմ Հովհաննիսյանը գրքի մեջ զետեղված ՙՀայտնության հրճվանքը՚ խմբագրականում ներկայացնում է գրքի հեղինակի անձը՝ իբրև գիտնական և քաղաքացի, և ստեղծագործությունը բնորոշում որպես վիպերգ, որպես ասք։ Վ. Վահրադյանը երևանցի է, ավարտել է Երևանի պետհամալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, սովորել Կիևի կիբեռնետիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում, 27 տարեկանում պաշտպանել է գիտական թեզ, հեղինակ է պատմագիտական և տոհմագրական հետազոտությունների։ Վահրադյանը գեղարվեստական հնարանքների միջոցով հետաքրքրություն և գրավչություն է հաղորդել պատումին։ Կարևորն այն է, որ վիպակը սերունդներին իրազեկում է հայոց պատմության հերոսական, բայց քիչ հայտնի իրադարձության մասին, թե ինչպես հայ աշխարհազորայինները կարողացան հաղթել թշնամու լավ զինված մեծաքանակ զորախմբին։ ՙԱպտակ՚ վիպակից գաղափար ենք կազմում 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հինավուրց հայկական քաղաքի ազգագրության, սովորությունների, կենցաղի ու նիստուկացի մասին։ Հեղինակը ստեղծել է նաև ցայտուն կերպարներ. Ավագը՝ համարձակ, վճռական, հավասարակշռված, հարգված նույնիսկ թաթար բեկերից, Խոսրով բեկ Փոլադովը՝ անհայտ անցյալի ու ծագումի տեր, հարուստ, ճարպիկ, նենգ ու դավադիր, սպասավոր Վարդանը՝ հավատարիմ, նվիրված, երախտագետ իր տերերին, մշեցի ֆիդայի Առաքելը՝ փորձառու, քաջ, կազմակերպված ու գիտակից։ Հերիքնազը հայուհու կերպար է, Այծեմնիկի և Սոսե մայրիկի զարմից, գեղեցիկ, վայելչակազմ, նրբագեղ շարժումներով, ամուսնու մոտ՝ հնազանդության պատկեր, արդարամիտ ու վճռական, իմաստուն և կանացի։ Թուրքական զորագնդին ուղեկցող Ներսես Հեյբաթովը հակասական անձ է՝ ներքին պայքարով, շահամոլությամբ։ Հետաքրքիր դիտարկում կա Խոսրով բեկ Փոլադովի հետագա ճակատագրի վերաբերյալ. իբր փախել է Միջին Ասիա, անուն¬ազգանունը փոխել, դարձել... բոլշևիկ։ Մսմնայի ճակատամարտի հերոսների հետագա ճակատագրերի միջոցով հեղինակն ընդհանրացումներ է կատարում, տալիս է ստալինյան դաժան ժամանակների պատկերը. մշեցի Առաքելը ձերբակալվում է որպես ՙթուրքական ագենտ՚, աքսորվում Սիբիր, աշխարհազորայիններ Ավետիսն ու Ասլանիկն անհայտ մարդկանց ձեռքով սպանվում են, Ավագը Մսմնայում ապրում է երկար, բայց չորս անգամ ենթարկվում է կուլակաթափության։ Վիպակը կարդացվում է մեկ շնչով։ 

 Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ