[ARM]     [RUS]     [ENG]

ՈՒՍՄԱՆ ՈՐԱԿԸ ԿԱԽՎԱԾ Է ԱՇԱԿԵՐՏԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻՑ

Արցախյան պատերազմի տարիներին՝ 1992 թվականին ռմբակոծությունների հետևանքով ավերված՝ Դրմբոնի դպրոցի խնդրի հիմնովին լուծումը նոր շենքի կառուցումն էր։

Եվ ահա Ֆրանսիայի հայ համայնքի՝ մասնավորապես Զարուհի Ջեվելեկյանի հովանավորությամբ 400 բնակիչ և շուրջ 70 դպրոցահասակ երեխա ունեցող Դրմբոն գյուղում ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը 2003 թվականին սկսեց կառուցել երկհարկանի և ժամանակակից հարմարություններով ապահովված դպրոցի շենք՝ նախատեսված 150 աշակերտի համար։ Նորակառույց կրթօջախի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 2005-ին՝ ֆրանսահայ հովանավորների մասնակցությամբ։ Այն փաստորեն շրջանի առաջին նորակառույց դպրոցն էր։ Տնօրեն Սիրուշ Ալավերդյանի խոսքով՝ մինչ նոր դպրոցի կառուցումը երկու տեղ են փոխել։ 1993-94 ուսումնական տարում, երբ Դրմբոնում վերսկսվեցին պատերազմի պատճառով դադարեցված պարապմունքները, որպես կրթօջախ ծառայեց գյուղի երկհարկանի սեփական տներից մեկը։ Համընդհանուր ջանքերով կարգի են բերել, որոշ պայմաններ ստեղծել, որպեսզի կարողանան ուսումնական գործընթացը կազմակերպել միահերթ։ Աշակերտների քանակը, ըստ տնօրենի, այն ժամանակ հասնում էր 150-ի. ժամանակավոր՝ մինչև շրջակա բնակավայրերի ազատագրումը, Դրմբոնում էին բնակվում նաև հարևան գյուղերի բնակիչները, և պատճառը դա էր։ Բացի այդ, քանի որ Մարտակերտը գերեվարված էր ազերիների կողմից, Դրմբոնը, այսպես ասած, որոշ ժամանակ դարձել էր շրջկենտրոն, որտեղ կազմակերպվում էին բոլոր տեսակի օլիմպիադաները, դպրոցական միջոցառումները։ Երբ ազատագրվեցին շրջկենտրոնն ու հարևան գյուղերը, և տեղաբնակները վերադարձան իրենց օջախները (չնայած ավերված)՝ աշակերտների թիվը Դրմբոնում, բնականաբար, նվազեց։ Ներկայում 65 աշակերտ ունի Դրմբոնի դպրոցը։ Աշակերտ չլինելու պատճառով երկու դասարան է կրճատվել՝ 10-րդ և 11-րդը (9-րդն ավարտելուց հետո երեք աշակերտ թողեց դպրոցը)։ Այս ուսումնականում 1-ին դասարանում ընդամենը չորս աշակերտ է սովորում. անցյալ տարվա համեմատությամբ 1-ին դասարան հաճախողների թիվը նույնպես նվազել է։ Տնօրենը հույս ունի, որ գալիք ուսումնականում աշակերտները կավելանան, քանզի գյուղում ծնունդների աճ է արձանագրվում։ ՙՄեկ-երկու տարի առաջ աշակերտների թիվը հասնում էր 75-90-ի,- ասում է Ս. Ալավերդյանը։- Դրմբոնի հանքավայրում հանքի սպառման հետ կապված՝ գնալով կրճատվում է աշխատանքների ծավալը, ինչի պատճառով տարբեր տեղերից այստեղ աշխատելու նպատակով եկած ընտանիքները վերադառնում են իրենց բնակավայրը կամ գնում են աշխատելու նորերս բացված Կաշենի հանքավայրում՚։ Ս. Ալավերդյանը գոհ է թե՜ շրջվարչակազմի, և թե՜ ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության՝ կրթօջախի նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունից։ Դեռևս երեք-չորս տարի առաջ գրությամբ դիմել էին նախարարությանը՝ տարրական դասարանների համար նստարաններ և աթոռներ տրամադրելու նպատակով. մեկ շաբաթ անց պահանջվող գույքը տեղում էր։ Շրջվարչակազմի կրթության բաժնին դիմել էին ինֆորմատիկայի կաբինետ և լաբորատորիա ունենալու համար։ Վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի միջամտությամբ այս ուսումնական տարվանից դպրոցում գործում են համակարգչային դասարանն ու լաբորատորիան։ Ս. Ալավերդյանը, սակայն, ցավով նշեց, որ ընդամենը չորս համակարգիչ ունեն, ինչը շատ քիչ է և չի բավարարում պահանջները։ Ժամանակի հրամայականով՝ ուսուցիչներն արդեն տիրապետում են համակարգչին, համացանցին։ Ուսուցիչը պետք է կարողանա աշակերտի ամենօրյա գնահատականները, տված հանձնարարականները մտցնել համակարգիչ, որպեսզի ծնողները տեղյակ լինեն, վերահսկեն իրենց երեխաների գիտելիքները։ Կրթօջախում 21 ուսուցիչ է դասավանդում։ Բոլոր մասնագիտությունների գծով կադրերով ապահովված են։ Ուսուցչական կոլեկտիվի անդամների մեծ մասը նույն կրթօջախի շրջանավարտներ են։ Շենքը հարմարավետ է, պայմանները՝ նորմալ, այս առումով չեն դժգոհում։ Բայց չլուծված երկու խնդիր ունեն, որոնք հոսանքի և ջրի հետ են կապված։ 2005 թվականից, այսինքն նոր կրթօջախ տեղափոխվելուց առ այսօր, բախվում են այդ խնդիրներին։ Մի քանի տարի առաջ կաթսայատուն են կառուցել, ասել է թե՝ ինքնավար ջեռուցումը կա, բայց ջեռուցման մարտկոցները հին տեսակի լինելու պատճառով հոսանքի հետ կապված խնդիրներ են առաջացնում։ Ստիպված վերջին մի քանի տարիներին դասասենյակները էլեկտրական ջեռուցիչներով են տաքացնում։ Մեր այն հարցին՝ տարածքում գործող ՙԲեյզ Մեթըլս՚ ընկերությունը չի՞ աջակցում այս կամ այն խնդրի լուծման համար, տնօրենն ասաց. ՙԸնկերությունը մեզ միշտ էլ աջակցել է թե՜ հին դպրոցում, և թե՜ նորակառույց։ Ամեն անգամ չենք ուզում անհանգստացնել նրանց։ ՙԲեյզ Մեթըլսի՚ միջոցներով բարեկարգվել է դպրոցի բակը, ցանկապատ ու մարզադահլիճ է կառուցվել, ռազմագիտության կաբինետն է կահավորվել, ձեռք են բերվել տարբեր անհրաժեշտ պարագաներ՝ ցուցադրավահանակների համար հատուկ տախտակներ, դուռ, պատուհան և այլն։ Ամեն ինչ չես թվարկի։ Բացի այդ, ամեն տարի կրթօջախի աշակերտներին էքսկուրսիա ենք տանում, և այդ հարցում դարձյալ ընկերությունն է մեզ աջակցում՚։ Տասնյակ տարիների պատմություն ունեցող Դրմբոնի կրթօջախը ձևավորված բարի ավանդույթներ շատ ունի։ Գործում են տարբեր խմբակներ, որոնք բխում են աշակերտների ցանկություններից, պահանջներից։ Միջոցառումների պակաս չի զգացվում. Մայրենիի տոն, գրքի տոն, ինտելեկտուալ խաղեր ու վիկտորինաներ և, իհարկե, մեր տոնացույցում ընդգրկված պետական բոլոր տոներն այստեղ նշվում են։ Ի դեպ, կրթօջախ կատարած այցելության օրը ևս մեկ նմանատիպ միջոցառման ականատեսը դարձանք նաև մենք։ Տնօրենի խոսքով՝ շնորհալի երեխաներ շատ կան։ Դպրոցում առանձին առարկաների՝ պատմության, ռուսաց լեզվի, քիմիայի, ֆիզիկայի գծով կաբինետներ են գործում։ Ճիշտ է, դրանք այնքան էլ հարուստ ու հագեցած չեն անհրաժեշտ սարքավորումներով, բայց, ինչպես տնօրենն է ասում՝ ինքնաշեն միջոցներով փորձում են լրացնել բացը։ Հատկապես քիմիա և ֆիզիկա առարկաների համար անհրաժեշտ լաբորատոր սարքավորումները շատ քիչ են։ Եղածն էլ, որ ձեռք են բերել տարբեր դպրոցներից, հին է։ Կրթօջախի շրջանավարտների մեծ մասը՝ մոտ 80 տոկոսն ընդունվում է բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Այդուհանդերձ՝ տնօրենը ցավով նշեց, որ կայուն գիտելիքներով երեխաները մի քանի տարի առաջ ավելի շատ էին։ Գնալով ուսման հանդեպ ծարավը, սերը կարծես նվազում են։ ՙՈւսման որակը, առաջադիմությունը բարձրացնողը լավագույն աշակերտն է։ Երեխայի ուսման գործում մեծ դեր ունեն ծնողները։ Կան ծնողներ, ովքեր մշտապես հետաքրքրված են իրենց երեխայով, ուշադրության կենտրոնում են պահում նրան։ Փոխվել են ժամանակները…Նախկինում ծնողը պահանջում էր, որ ուսուցիչը լավ գիտելիք տա իր երեխային, հիմա…հետաքրքրվում են գնահատականով։ Մենք ջանք չենք խնայում անել հնարավորը, որպեսզի յուրաքանչյուր երեխա ստանա որակյալ կրթություն, ունենա հարմարավետ պայմաններ, ձևավորվի իբրև մարդ և քաղաքացի՚,- զրույցն այսպես եզրափակեց Սիրուշ Ալավերդյանը։ 

 Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ