[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՅՐԵՆԻՆ` ԳԼԽԱՎՈՐ ԱԶԳԱՊԱՀՊԱՆՆ ՈՒ ՄԵՐ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՈՂՆԱՇԱՐԸ

 Ղարաբաղյան ազատագրական պայքարի ձեռքբերումներց մեկն էլ պետք է համարել այն, որ հայերենը դարձավ մեր հանրապետության պետական լեզուն:

Մայրենիի միջազգային օրվա կապակցությամբ ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության լեզվի տեսչությունը ուսումնական հաստատություններում հայտարարել էր հայոց լեզվի միամսյակ: Լեզվի տեսչության պետ Արտակ Ղուլյանի հավաստմամբ` տեղի են ունեցել բազմաթիվ ու բազմաբնույթ միջոցառումներ ինչպես ներդպրոցական, այնպես էլ համաքաղաքային մակարդակով: Մայրենիին նվիրված ամփոփիչ միջոցառումների հանդիսավոր բացումը տեղի ունեցավ Արցախի պետական համալսարանում` ՙՀայ լեզուն տունն է հայուն՚ վերտառությամբ` կազմակերպված Լեզվի տեսչության և բանասիրական ֆակուլտետի կողմից, որին ներկա էր ԼՂՀ ԿԳՍ նախարար Սլավա Ասրյանը: Օրվա կապակցությամբ գերատեսչության անունից շնորհավորանքի խոսք ասաց ԿԳՍ փոխնախարար Արմեն Սարգսյանը: ՙԱնկախ նրանից` երբ է մայրենիի օրը ընդունվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, և անկախ նրանից` որ տարվանից է պաշտոնապես ՀՀ-ում և ԼՂՀ-ում նշվում այդ գեղեցիկ տոնը, մեզ` հայերիս համար, յուրաքանչյուր օր մայրենիի օր է. մայրենիի օր է մեր Անախության օրը, յուրաքանչյուր ասմունքի մրցույթ, որտեղ, անշուշտ, հնչում են նաև հայոց լեզվին նվիրված ստեղծագործություններ՚,- ասաց նա: Ի տարբերություն շատ ժողովուրդների, որոնք իրենց կյանքի ընթացքում բազմիցս փոխել են իրենց այբուբենը և լեզուն, մեզ համար յուրահատուկ է մեր լեզուն, քանզի այն ի սկզբանե եղել է մեր անկախության, մեր գոյատևման գրավականը, և այսօր էլ այդպիսին է: Բանախոսը մեջբերեց օտարազգի գիտնականների և բանաստեղծների կարծիքները հայերենի մասին, որոնց թվում Բայրոնի միտքը`ՙ Հայերենը աստծո հետ հաղորդակցվելու միակ լեզուն է՚, որը, թերևս, ամեն ինչ ամփոփում է իր մեջ: Բարձր կարծիքներ կան նաև մեր հնամենի արցախյան բարբառի մասին, բայց այսօր վտանգված են մեր մայրենին, արցախյան բարբառը, քանզի չի պահպանվում անաղարտությունը: Ս. Սարգսյանը բոլորին կոչ արեց պահպանել մեր անգին գանձը՝ մեր լեզուն, զարգացնել մայրենին։ Լեզվի տեսչության պետ Արտակ Ղուլյանը ուրախալի փաստ ներկայացրեց. 2 տարի առաջ հայերենը ընդգրկվեց աշխարհի ամենաազդեցիկ 50 լեզուների շարքը` հաշվի առնելով առաջին հերթին թարգմանությունների քանակը, տարածվածությունը ինչպես սոցիալական ցանցերում, այնպես էլ աշխարհագրորեն: Դա հպարտանալու մի առիթ է, մանավանդ եթե հաշվի ենք առնում, որ աշխարհում գոյություն ունեն 6000-ից ավելի գործող լեզուներ, և դրանց առաջին հիսնյակում հայտնվել է հայերենը: Բայց դրա հետ մեկտեղ Ա. Ղուլյանը մեկ այլ փաստ էլ ներկայացրեց. հայերեն խոսում է աշխարհի 10 մլն հայերից 6 մլն-ը: Ասել է թե՝ 4 միլիոնը կանգնած է որպես հայ վերանալու վտանգի առաջ: Չէ՞ որ, ինչպես Շահան Շահնուրը և շատերն են ասել, վերանում է հայը, եթե նահանջում է իր ինքնությունից: Մեծ ցավ է նաև, երբ լսում ես, որ մեր հրաշագեղ արևմտահայերենը հայտնվել է լեզուների Կարմիր գրքում: Եվ առավել ցավալի է, երբ հայրենիքում տեսնում ենք հայերի, որոնք չեն խոսում հայերեն: Այն հայրենիքում, որի անկախության 25-ամյակն ենք նշում և որի համար հազարավոր կյանքեր են զոհաբերվել, նշեց Լեզվի տեսչության պետը` հավելելով, որ ամեն ժամանակաշրջանում բախվում ենք նոր մարտահրավերների և այսօր էլ զերծ չենք դրանցից: Մայրենի լեզվի համար պայքարը ոչ միայն Լեզվի տեսչության և հայերենի ուսուցիչների խնդիրն է. այս առումով բոլորս պետք է պայքարենք, ասաց նա: Եղել են ժամանակներ, երբ հայ ուսուցիչն իր արյունով է գրել հայոց տառերը և ուսուցանել: Այսօր դրա կարիքը չկա. փառք Աստծո, մայրենին պաշտպանված է պետականորեն, բայց յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի և իր ներդրումն ունենա նրա պահպանման և զարգացման գործում։ Ասելով, որ մեր օրերում էլ մայրենին հայապահպանության գլխավոր երաշխիք է, մեր ինքնության ողնաշար, նա ընդգծեց, որ այս համատեքստում անելիքներ շատ ունենք, սակայն սխալ է կարծել, թե դա միայն Լեզվի տեսչության խնդիրն է: Լեզուն բոլորինս է և յուրաքանչյուրինս, հետևաբար, մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է գիտակցել լեզվի դերն իր իսկ կյանքում, պարտավոր է սիրել ու փայփայել մայրենի լեզուն: Ա. Ղուլյանը Լեզվի տեսչության պատվոգրեր և հուշանվերներ հանձնեց մի խումբ լրագրողների, մանկավարժների, ասմունքող դպրոցականների` մայրենիի տարածման և քարոզման համար ունեցած ավանդի համար: Մայրենիի տոնի կապակցությամբ գեղեցիկ բեմագիր ներկայացվեց բանասիրական ֆակուլտետի կողմից: Նախ` ելույթ ունեցավ ակադեմիկոս Ս. Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի դասախոս, դոցենտ Շուշան Սաղյանը, ապա ուսանողները ցուցադրեցին գրական համադրույթ` տեսաֆիլմի ուղեկցությամբ: Ասմունքեցին նաև դպրոցականներ, իսկ Ստեփանակերտի ՄՊՍԿ պարախումբը հայկական գեղեցիկ համարներ մատուցեց (գեղ. ղեկավար` Գարի Ավանեսյան): Մայրենիին նվիրված միջոցառումները կշարունակվեն: 

 Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ