[ARM]     [RUS]     [ENG]

ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆԴԱՍՏԱՆԸ

ՙԳրական թերթ՚-ի 2016թ. 2-րդ համարում տպագրված ՙԲանաստեղծություններ չորս գրչանցումով՚ շարքը  Վարդան Հակոբյանի գրչի հոգեհայացքն է՝ աշխարհի չորս ծագերին ուղղված։

ՙՈւր տխրության աչքերն արտացոլում են / վաղուց հեռացած գետերի ետհոսքը՚, և իրականությունն այն է, ՙոր սերն աշխարհին նետված ձեռնոց է, իսկ մենք / հաճախ այն շփոթում ենք վարդերի հետ՚։ Ինչքան էլ ցավոտ է, բայցև ՙնահատակներն են մեր վերջին հույսը, նրանք/ կելնեն մի օր և օդը կմաքրեն անկուշտ երկրակերներից՚, ու մեզ կհասկացնեն, ՙոր խիստ միամիտ է հասարակությունը, երբ / դեռ շարունակում է բանաստեղծներ ծնել՚։

Վարդան Հակոբյանի ՙՉորս գրչանցումներ՚-ի վերջնատողը՝ ՙԻմ գրիչը գիտե և այն, ինչ ես չգիտեմ՚, իր խոհերի ամփոփումը չէ, այլ տարիների փորձությամբ ու իմաստնությամբ ձգվող ճանապարհ առեղծվածային բանաստեղծության եզրով՝ այն լուսանցքի նման, որտեղ ամենակարևոր նշումներն են հայտնվում։ Հետևապես տեքստն սկսում է քեզ հետ խոսել իրեն բնորոշ զգայատրամաբանությամբ՝ որպես արտացոլանք-ոտնահետքեր երկվորյակներ համարվող չեկած վայրկյանների վրա։ Ու նրանց հետ ամբողջանալով՝ վերջալույսի խորհուրդ է փնտրում, քանի որ ՙբոլոր քայլերն ի վերջո խելագար տեղապտույտ են մոլորակի մեջ՚, ինչքան էլ հեռուն ժամադրավայր թվա ու ոչ երբեք երազ։

Վարդան Հակոբյանը պատերազմով անցած պոետ է ու լավ գիտի՝ ՙներսն ու դուրսը հարաբերական են, ավելի քան մահը՚։  Անկասկած է, որՙբոլոր շղթաները հյուսվում են սիրուց՚։ Թերևս ամեն ինչի միջով անցած արցախցի բանաստեղծն է ընդունակ  հայրենասիրությունը պատկերելու սիրո պարզագույն ակունքում. 

 

Որ աշխարհի ինչ ծայրում էլ լինի, 

եթե երկու հայ 

Սիրում են իրար, ուրեմն՝ 

սիրվում է հայրենիքը։

 

ՙՉորս գրչանցումները՚  Վարդան Հակոբյանի հոգու թևատարած բացվածքն են երկնքի առջև՝ ափը արևի աշտանակ դարձրած, որտեղ արևով այրվում են ժամանակային հաշվանցումները մանրաքայլ։ 

Արևը բանաստեղծի համար երազե թրծող ճակատագրի մշտահույս  կրակն է. 

որ սահմանային փշալարերից 

այս կողմ և 

          այն կողմ փշալարերից 

իմ տխուր հայրենիքն է վերստին՝

արյունաքամ ու բզկտված,

որ երբ ոտքս դիպչում է Ղարաբաղի 

սրբազան հողին,

ուզում եմ գոռալ-մռնչալ տիեզերքով մեկ՝

կեցցե արևը։

 

Վարդան Հակոբյանի խոսքի խտացումը հասնում է բառ-պատկերի։ Նրա տողի ներքին ծավալումները տարողունակ են և կյանքի ելևէջումների խորություններով կոնցենտրացված են աֆորիզմի աստիճանի՝ կրելով հակոբյանական բանարվեստի կնիքը։ ՙԲանաստեղծություններ չորս գրչանցումով՚ շարքը  չընդհատվող շնչառություն է, էքսպրեսիա։ Իրար հաջորդող ասույթներն ու աֆորիզմներն ասես հմայական խոսքի բանաձևումներ լինեն՝ ջերմության ու հարաբերության տանող, ինչպես կենաց ջրերի վրա քայլող Քրիստոսի հրաշքը։ Ղարաբաղում մոխիրն է կենաց ջուրը՝ որպես աշխարհի մեղքը թեթևացնող, որպես հողին հոգու արգասաբեր հավելում՝ կենաց ծառի կանաչությունը ապահովող։

 

Որբ երեխայի ձեռքն ափի մեջ,

Աստված քայլում է դեռևս չհանգած 

մոխիրների վրայով։

Վարդան Հակոբյանը կարողացել է պարադոքսալ իրավիճակներին տալ բանաստեղծական ընդհանրացումներ։ Նա չի սեղմվում ձևի սահմանափակումների մեջ, և ամենօրյա կենսական ռիթմը  տրամաբանորեն արտահայտված է. այդ պարզ պատճառով՝ ՙհո ես բոլորից մեկը չեմ, ես պարզապես ես եմ՚։

Լեռնային մաքուր բարձրից նայող բանաստեղծի առնական քնքշություն ունի Վարդան Հակոբյանը, որ իրեն ծնող բնության նման վեհ է, ամփոփ՝ աչք-սիրտ փափկացնող։  Հետևաբար նա կարող է ասել՝ ՙմորս ոտնահետքերը մանուշակներ են մեր հանդերում՚։  Հոր նման ժայռերին պինդ կանգնած՝  բանաստեղծը սևեռուն հայացք ունի. ՙՏղամարթն էն ա, վեր յիրգինքավը թռչող ղուշի էքն ու վերցը մին ըշկըճպումը ջոկում ա՚։  Միշտ հիշողությունը  գործուն է.

 

Որ տան ձեղունների 

ամենադիմացկունը հիշողությունն է,

 այն կարող է կառչել անգամ 

անտարածությունից, 

որ արմատներն 

անհարաբերական են դարձնում

դարավոր ծառի ազատությունը,

որ առանց ծաղկի ու առանց  պոեզիայի 

բոլորովին անտանելի կլիներ  կյանքը,

որ սևը ծանր է, քանի որ նրա 

մեջ են թափվել

Բաբելոնյան աշտարակի բոլոր  քարերը,

որ վայրկյանը երկու կշռաքար ունի՝ 

սերը և չսերը,

որ առաջինը տեղ են հասնում նրանք,

ովքեր ոչ մի տեղ չեն գնում,

որ ամեն լեզվում լռությունն է միայն 

կատարելության հասած։

ՙԳրչանցումները՚  բանաստեղծ Վարդան Հակոբյանի հողանցումներն են՝   արմատների բազմաճյուղությամբ, ճշմարիտ խոսքով շալակին թեթևացած, որպեսզի նա աշխարհում դիմանա ու շանթարգել դառնա անիրավության կայծակներին։ 

 

Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ          

ք. Երևան