[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻՇՏ ԵՎ ԱՄԵՆՈՒՐ ՊԱՀԵԼ-ՊԱՀՊԱՆԵԼ ՄԵՐ ՄԱՅՐԵՆԻՆ

Մայրենիի միջազգային օրվա կապակցությամբ ԼՂՀ ԿԳՍ նախարարության լեզվի պետական տեսչության կողմից հայտարարված միամսյակի ամփոփիչ միջոցառումների շարունակությունը Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան հ. 1 հիմնական դպրոցում էր, որին ներկա էին նախարար Սլավա Ասրյանը, տարբեր կրթօջախների ուսուցիչներ:

Հյուրերին դպրոցի շքամուտքում դիմավորեցին Հովհ. Թումանյանի հեքիաթների հերոսները՝ հետաքրիր բեմականացմամբ: Այնուհետև մասնակիցները, ըստ հետաքրքրության բաժանված խմբերի՝ ներկա գտնվեցին դպրոցում կազմակերպված բաց դասերին ու քննարկումներին: Ուսուցիչները ցուցադրեցին ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումով մայրենիի օրինակելի դասեր: Նշենք, որ միամսյակի շրջանակում դպրոցում անցկացվել են ձեռքի աշխատանքների ցուցահանդես, ասմունքի, շարադրությունների, պատի թերթերի, ասմունքի մրցույթներ, ռադիոհաղորդումներ: Այդ ամենը հյուրերը հնարավորություն ունեցան տեսնելու իրենց աչքերով: Դպրոցի դահլիճում տեղի ունեցած խորհրդակցությունը բացեց փոխտնօրեն Ալինա Բաղդասարյանը: Քանի որ միջոցառումը տեղի ունեցավ Հայրենյաց պաշտպանի օրը, նա նախ շնորհավորեց օրվա կապակցությամբ` ասելով, որ մեր մեծագույն պաշտպանը հայերենն է, որն իր առաքելությունը պատվով է իրականացնում հազարամյակներ շարունակ: ԼՂՀ ԿԳՍՆ պետական տեսուչ Գայանե Գրիգորյանը, ելույթ ունենալով, վերստին արձանագրեց. հայոց լեզուն է հայ ժողովրդի մշակութային գանձարանում ամենամեծ հրաշալիքը և, անշուշտ, մեր լեզվի պահպանման ու զարգացման գործում մեծ դեր ու պատասխանատվություն ունի ազգային դպրոցը, առանձնահատուկ՝ մայրենիի ուսուցիչները: Եվ ընդհանրապես, բոլոր ուսուցիչները պետք է շահագրգռված լինեն այդ հարցով, քանզի մայրենին բոլոր առարկաների յուրացման բանալին է: Ուստի շատ կարևոր է, որ դպրոցում ստեղծվի լեզվական բարենպաստ մթնոլորտ։ Ասպարեզն այնուհետև տրամադրվեց աշակերտներին: Նրանք ներկայացրին գրական համադրույթ՝ նվիրված հայերենին և մեր ուսուցչապետին՝ Մեսրոպ Մաշտոցին: Օրվա առթիվ իր զգացումներն արտահայտելով` ԼՂՀ ԿԳՍ նախարար Ս. Ասրյանը զուգահեռներ անցկացրեց դպրոցում սովորելու իր ժամանակների և այսօրվա միջև. իր սերունդը երբևէ չի փառաբանել հայոց լեզուն և չի գիտակցել, թե ինչքան հիասքանչ է մեր մայրենին: Նախարարը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին՝ տնօրեն Ժաննա Բալայանի գլխավորությամբ: ՝ Միամսյակի եզրափակիչ ակորդը տրվեց Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում՝ նորաստեղծ ժողովրդական նվագախմբի համերգով՝ քոլեջի դասատուների, ուսանողների, ինչպես նաև Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սաների մասնակցությամբ: Լեզվի պետական տեսչության պետ Արտակ Ղուլյանը, ամփոփելով միամսյակը, նշեց, որ տվյալ ժամկետը քիչ է վեր հանելու լեզվական խնդիրները, բայց ևս մեկ առիթ է անդրադառնալու մեր ազգային լեզվին, մեր ոսկեղենիկ մայրենիին, պետական լեզվական քաղաքականությանը, խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին, մեր ազգային ինքնությանն սպառնացող մարտահրավերներին։ Նա բոլորին կոչ արեց միշտ և ամենուր պահպանել, անաղարտ պահել մայրենին: 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ