[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՕՐԵՐԻՆ

Փետրվարի 27-ին Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանում տեղի է ունեցել Լևոն Ադյանի ՙՀեռացող եզերք՚ գրքի քննարկումը: Այն արտացոլում է ադրբեջանական եղեռնագործ իշխանությունների քաղաքականությունը։

Միջոցառումը նվիրված էր 1988-ի փետրվարյան ողբերգական օրերին: Տեղեկացնենք` գիրքը գրվել է անմիջապես սումգայիթյան արյունոտ իրադարձությունների թարմ հետքերով, բայց ֆինանսական խնդիրների պատճառով տպագրվել է միայն 2012 թվականին, Ստեփանակերտում` ԼՂՀ իշխանությունների հովանավորությամբ: Խմբագրել է այն ժամանակ ԼՂՀ ԱԺ մամլո ծառայության ղեկավար Միքայել Հաջյանը: Մեջ բերենք նրա գնահատականը. -Լևոն Ադյանի ՙՀեռացող եզերք՚ վեպն իրադարձությունների ծավալային ու խորքային ընդգրկմամբ հայ իրականության մեջ միակ լիարժեք արձակ ստեղծագործությունն է այս առումով: Պատմական իրողությունների և իրադարձությունների արտացոլման խորությամբ, ճշմարտացիությամբ ու հավաստիությամբ, պատմաքաղաքական և իրավաքաղաքական ընդհանրացումներով, գեղարվեստական արժանիքներով ու նշանակությամբ այն կարելի է դասել Սուրմելյանի ՙՁեզ եմ դիմում՝ տիկնայք և պարոնայք՚, Ֆրանց Վերֆելի ՙՄուսա լեռան քառասուն օրը՚, Մուշեղ Գալշոյանի ՙՁորի Միրոն՚, Հրաչյա Քոչարի ՙԿարոտ՚ և նմանատիպ այլ նշանակալի ստեղծագործությունների շարքը: Ցավոք, առ այսօր հայությունը լիարժեք տեր չի կանգնել նաև իր այս համազգային ցավին: Միջոցառման կազմակերպիչը, վերը նշյալ գրադարանի տնօրեն Մարիա Խաչատրյանը, ինչպես միշտ, այս անգամ ևս ջանացել է քննարկումը դարձնել հետաքրքիր, յուրովի: Նախատեսված էր Սկայպ-ծրագրի միջոցով կապ հաստատել Սանկտ Պետերբուրգի հետ, որտեղ Լևոն Ադյանը հայ համայնքի (և ոչ միայն) ներկայացուցիչների հետ հարգանքի տուրք էր մատուցում 20-րդ դարավերջին Բաքվի կողմից կազմակերպված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, որի ժամանակ, անշուշտ, խոսք էր գնում նաև ՙՀեռացող եզերք՚ գրքի մասին, որն արդեն թարգմանվել է ռուսերեն: Ասենք, որ այդ միջոցառումը հեռարձակվում էր աշխարհի բազում ալիքներով։ Չնայած տեխնիկական պատճառներով Ստեփանակերտը չէր տեսնում Սանկտ Պետերբուրգին, բայց, Լևոն Ադյանի հավաստմամբ, ում հետ միջոցառման վերջում կապը հաստատվեց, Ռուսաստանի մշակութային մայրաքաղաքում անցկացվող միջոցառման մասնակիցները տեսնում և լսում էին քննարկումների ամբողջ ընթացքը, որը նույնպես հեռարձակվում էր աշխարհով մեկ: Հրավիրված մտավորականները` Միքայել Հաջյանը, Վահրամ Աթանեսյանը, Կոմիտաս Դանիելյանը, Նվարդ Ավագյանը, Մարտակերտի Վ. Բալայանի անվան դպրոցի լեզվի և գրականության ուսուցչուհի Նատաշա Պողոսյանը, ինչպես և երիտասարդ սերնդի ներկայացուցիչները, ներկաների հետ կիսվում էին գրքից ստացած տպավորություններով, կարծիքներով: Ուշագրավ է դպրոցականների վրա գրքի ներգործած ուժը, որի մասին տեղեկացանք Նատաշա Պողոսյանի ելույթից: Եթե ավագ սերունդը` որպես ՙՀեռացող եզերք՚ գրքի կարևոր առավելություն, նշում էր պատմական իրողությունների փաստական հարուստ հենքը, որը վերաբերում էր թե՜ քաղաքական իրադարձությունների, թե՜ հայերի կողմից Բաքու քաղաքի կառուցման ու մի շարք հիշարժան շենքերի ներդրմանը` չմոռանալով ընդգծել նաև գրքի գեղարվեստական արժեքը, ապա երիտասարդ սերունդը տպավորված էր գլխավոր հերոսների` հայ երիտասարդի ու ադրբեջանցի աղջկա ռոմանտիկ, միևնույն ժամանակ՝ ողբերգական սիրո անկեղծությամբ, ուժգնությամբ: Պատահական, թե Աստծո կամոք, գիրքը հայտնվում է մի աշակերտուհու մոտ, ով այնքան է ազդվում երիտասարդ հերոսների ռոմանտիկ սիրո ողբերգական ավարտով, որ վերապրումների տպավորություններով կիսվում է շրջապատի հետ։ Բարձրդասարանցիներն ընթերցում են գիրքը և ստիպում ուսուցչուհուն կազմակերպել քննարկումներ գրքի շուրջ: Ի վերջո` այդ սիրո ողբերգական ճակատագրի ցավը մոտեցրեց, սրտագին դարձրեց եղեռնագործության զոհերի վիշտը: Կարևոր եզրահանգումներ արեց Վահրամ Աթանեսյանը, ով գրել է նաև գրքի առաջաբանը: Նա ընդգծեց այն փաստը, որ Լ. Ադյանը ներկայացրել է ադրբեջանցիներին՝ տարբեր կերպարանքներով, ինչպես որ կյանքում է լինում: Զանգվածային ջարդերի ու խոշտանգումների ֆոնի վրա ուղղակի հերոսանում են այն փոքրաքանակ ադրբեջանցիները, ովքեր չեն կորցրել մարդկային կերպարը, ու սեփական կյանքը վտանգելով, փորձում էին փրկել նախ հայ ընկերներին, ապա և սեփական մարդկային կերպարանքը: Իհարկե, նման դեպքեր եղել են, բայց երբ դա արտացոլվում է գրականության մեջ, այն էլ ավելի է բարձրացնում գրքի արժեքը: Վ. Աթանեսյանը Լ. Ադյանի ՙՀեռավոր եզերք՚ և Աքրամ Այլիսլիի ՙՔարե երազներ՚ գրքերի միջև զուգահեռ անցկացրեց` ընդգծելով երկուսի մոտ էլ գերիշխող մարդկային արժեքները, գրականության վեհ սկզբունքը` մարդկանց բարիացնելու գաղափարը: Վ. Աթանեսյանը հատկանշեց. երբ խոսք է գնում եղեռնագործ Սումգայիթի և Բաքվի մասին, չմոռանալ նշել, որ այդ քաղաքները ոչ միայն ադրբեջանական են, այլ նաև Խորհրդային Միությանն են. ամեն ինչ կատարվել է Կենտրոնական իշխանությունների ծրագրով: Ինչպես արդեն նշվեց, վերջում հեռակապ հաստատվեց այսօր Սանկտ Պետերբուրգում ապրող Լևոն Ադյանի հետ, և նա իր սիրո ու կարոտի զգացումները փոխանցեց հարազատ երկրին ու սիրելի արցախցիներին։ 

 Էմմա ԲԱԼԱՅԱՆ