[ARM]     [RUS]     [ENG]

ԺԱՄԱՆԱԿԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՈՎ

Ավանդական է դարձել հանրապետության կրթօջախների՝ ռազմաուսումնական հաստատությունների և Պաշտպանության բանակի զորամասերի հետ սերտ համագործակցությունը։

Փոխադարձ այցելությունները նաև ոչ պակաս կարևոր մի նպատակ են հետապնդում. դեռևս դպրոցական նստարանից աշակերտներին հասու դարձնել ռազմական գործին։ Երկուստեք ակնկալվում է ծառայության հանդեպ հետաքրքրություն առաջ բերել աշակերտների շրջանում, ինչը կարող է նաև շրջադարձային լինել մասնագիտության ընտրության հարցում։ Օրերս Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան թիվ 11 ավագ դպրոցի աշակերտները այցելեցին Ստեփանակերտի Ք. Իվանյանի անվան ռազմամարզական վարժարան։ Դպրոցականներն ու վարժարանի սաները նախ ծաղիկներ խոնարհեցին Ք. Իվանյանի հուշարձանի պատվանդանին։ Վարժահրապարակում շարված հանդիպման մասնակիցներին ողջունեց վարժարանի պետի ուսումնական գծով տեղակալ Հրայր Բաղդասարյանը։ Հանդիպման օրը համընկել էր մեծ զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրվան։ Մասնակիցները երդվեցին լինել հայրենիքի անձնուրաց մարտիկներ՝ զինված հայրենապաշտ գաղափարներով, օժտված կամային ու ոգեղեն բարձր որակներով, քանզի դա է ժամանակի հրամայականը։ Կազմակերպիչների կարծիքով՝ երկկողմ համերգային կատարումներն ու մարզական ցուցադրական համարները նպաստելու են երկու ուսումնական հաստատությունների մերձեցմանը, կապերի սերտացմանը։ Ըստ ուսումնական մասի գծով տեղակալի՝ այն կկրի փոխշահավետ բնույթ։ Թիվ 11 ավագ դպրոցի տնօրենի մանկապատանեկան աշխատանքների գծով տեղակալ Արև Միրզաջանյանն ու զինղեկ Արմեն Դոլուխանյանը վստահ են, որ աշակերտների հանիդպումը և ծանոթությունը ռազմաուսումնական հաստատության հետ կունենան շարունակություն, և իրենց սպասելիքները մի օր կարդարանան։ Վարժահրապարակում թևածող հայկական երգն ու երաժշտությունը, ջերմ խոսքերն ու հայացքները հանդիպումը դարձնում էին ցանկալի, սպասված ու պահանջված։ Իսկ բացօդյա մրցագորգի վրա տղաները ցուցադրում էին իրենց ուժն ու կարողությունը, հայտ ներկայացնելով ՊԲ սպաների արժանի հետնորդներ կոչվելու։ Վարժարանում շրջայց կատարելով՝ ավագ դպրոցի աշակերտները ծանոթացան նրա սաների նիստուկացին, ուսումնական պայմաններին, ձեռքբերումներին ու հաջողություններին և հրաժեշտ տվեցին իրար նոր հանդիպումների ակնկալությամբ։ 

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ