ՙՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ՚` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԹԵՄԱ
Այս խորագրով Մեսրոպ Մաշտոց Համալսարանում բուհի, նրա ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) և Մոսկվայի Մ. Յու. Վիտտեի անվան համալսարանի Դոնի Ռոստովի մասնաճյուղի նախաձեռնությամբ օրերս անցկացվեց ուսանողների և երիտասարդ գիտնականների միջազգային գիտաժողով:
Այն նվիրված էր հայկական պետականության վերականգնման 25 և ՄՄՀ ՈՒԳԸ-ի 5-ամյակներին: Մասնակիցները գիտաժողովից առաջ ծանոթացան ՈՒԳԸ¬ի և գրադարանի հետ համատեղ կազմակերպված ցուցահանդեսին. ներկայացված էին անկախության մասին նյութեր և հիմնականում նշված շրջանում հրատարակված գրքեր ու այդ իրադարձություններին նվիրված աշխատություններ: ՈՒԳԸ¬ի նախագահ Հովիկ Ավանեսովն իրազեկեց, որ գիտաժողովին մասնակցում է 72 հոգի Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, մի մասը հեռակա կարգով` ներկայացնելով իրենց նյութերը: Գիտաժողովի բացումն ազդարարվեց ՄՄՀ օրհներգով: Բացման խոսք ասաց ՄՄՀ պրոռեկտոր Ղարիբ Բաբայանը: Նրա տեղեկացմամբ` Վիտտեի անվան մոսկովյան համալսարանի Դոնի Ռոստովի մասնաճյուղի հետ, որը ՄՄՀ-ի գործընկերն է և որի հետ կան պայմանագրային պարտավորություններ, արդեն երրորդ տարին է` անցկացվում են համատեղ գիտաժողովներ: Առաջին երկուսն անցկացվել է Դոնի Ռոստովում: ՌԴ հարավային տարածաշրջանի առաջատար այս բուհը հիմնադրել է երջանկահիշատակ Աշոտ Դաշտոյանցը: Ի դեպ, մասնաճյուղի տնօրենը դարձյալ հայ է` Ն. Օսիպյան, արցախյան արմատներով: Բուհն ունի տնտեսաիրավագիտական ուղղվածություն:
Ղ. Բաբայանի խոսքով` մեծ էր բուհի ներկայացուցիչների ցանկությունը՝ լինել Արցախում, սակայն, ցավոք, չեն կարողացել ներկայանալ Դոնի Ռոստովում տեղի ունեցած ավիաաղետի հետ կապված մի շարք հանգամանքերով, բայց ուղարկել են իրենց ուղերձը, որն էլ ներկայացվեց: Նրանում մասնավորապես ասված է.ՙՈւրախ ենք ողջունելու հայկական պետականության վերականգնման 25-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի մասնակիցներին: Կասկած չի հարուցում Կովկասյան տարածաշրջանի հիմնախնդիրների հրատապության` միջպետական համագործկցության ասպեկտներով ժամանակակից սոցիալ-տնտեսական զարգացման պայմանների քննարկումը: Ռուս-հայկական դարավոր հարաբերությունները խարսխվել են պատմական կապերի, հոգևոր ընդհանրության և ժողովուրդների բարեկամության վրա: Ցավոք, ինչպես նկատել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՌԴ-ի հետ շփումներն այսօրվա դրությամբ առաջ է մղում հիմնականում ոչ պետական հատվածը: Ենթադրվում է, որ այդ առումով կրթության և գիտության ոլորտը կարող է դառնալ ամուր օղակ: 2015թ. Ռուսաստանի և Հայաստանի բուհերի ռեկտորների համաժողովում, որպես առաջնահերթ խնդիր, առաջ է քաշվել բարձրագույն մասնագիտական կրթական միությունների ստեղծման, կրթական ոլորտում ռուս-հայկական կապերի, գիտության ու տեխնոլոգիաների զարգացման հարցը: Ասոցիացիաների ստեղծման հիմնական նպատակը մեր երկրների կրթագիտական կազմակերպությունների միջև կապերի ընդլայնումը, համատեղ նախագծերի համակարգումն ու իրականացումն է: Ներկայումս բարձրագույն դպրոցի ռազմավարական նպատակաուղղվածությունը կադրերի պատրաստումն է, կրթագիտական գործունեության կատարելագործումը: Չպետք է մոռանալ, որ միջազգային հանրության գիտահետազոտական ներուժի զարգացումն ընկած է ուժերի միավորման հիմքում: Կրթական գիտաժողովների, սեմինարների, խորհրդաժողովների, կլոր սեղանների շրջանակում ստեղծվող կապերը հնարավորություն են տալիս լսել միմյանց, կարծիքներ փոխանակել ժամանակակից սոցիալ-տնտեսական միտումների շուրջ, մտահղանալ գիտական նախագծեր: Ենթադրվում է, որ տարբեր երկրների երիտասարդների փոխշփումներն առաջին հերթին կրթական և գիտահետազոտական ասպարեզներում կարևոր պայման են ժողովուրդների բարեկամական կապերի ամրապնդման, բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացման գործում՚:
ՄՄՀ պրոռեկտորի տեղեկացմամբ` նման գիտաժողով առաջին անգամ չի անցկացվում, այն դարձել է ավանդական, պարզապես վերջին երկու տարում բարձրացել է նրա կարգավիճակը: Նախկինում այն եղել է ուսանողական, իսկ այժմ ներգրավվել են նաև մագիստրոսներ, ասպիրանտներ, երիտասարդ գիտնականներ:
ՈՒԳԸ¬ի նախագահ Հ. Ավանեսովի տեսանկյունով` գիտաժողովը լավագույն հարթակ է, որտեղ երիտասարդ գիտնականներն ու ուսանողները ներկայացնում են իրենց ուսումնասիրությունները, որոնք հետագայում կարող են դառնալ նրանց գիտական ատենախոսությունների հիմքը:
Գիտաժողովի լիագումար նիստում ներկայացված էր երկու զեկուցում: Առաջինի թեման Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության մագիստրոս Գոհար Սահակյանի՝ Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության հեռանկարներն էին:
Բանախոսի ներկայացմամբ` միջազգային հարաբերությունների անընդհատ և հարահոս փոփոխություններն ու դրանց անդրադաձը Հարավային Կովկասում հատուկ նշանակություն են ստանում ՀՀ արտաքին անվտանգության քաղաքականության գործունեության մեջ: Հարավային Կովկասի հանրապետություններն իրենց զբաղեցրած աշխարհաքաղաքական և աշխարհագրական դիրքի պատճառով հայտնվել են մոլորակի ուժային կենտրոնների մրցակցային կիզակետում: Լինելով հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք ճանապարհների խաչմերուկում` Հարավային Կովկասն ուժային կենտրոնների կողմից դիտվում է որպես ենթահաղորդակցական, էներգետիկ, տրասնպորտային, մաքսային, հումքային ռեսուրսների օգտագործման քաղաքականություն իրականացնելու տարածաշրջան, և նրանք ձգտում են ակտիվ դերակատարություն ունենալ տարածաշրջանի գործընթացներում: Այստեղ ակտիվ է գործում Արևմուտքը` ի դեմս ԱՄՆ-ի: Ռուսաստանը պահպանել է իր գերակա դերը և ներկայում էլ շարունակում է ունենալ: Օգտագործելով ՌԴ նախագահ Վ. Պուտինի` 2013թ. Հայաստան կատարած այցի ժամանակ հետևյալ միտքը, թե Ռուսաստանը երբեք չի հեռանա Հարավային Կովկասից, հակառակը` կամրապնդի իր դիրքերը, բանախոսը ներկայացրեց տարաշրջանային անվտանգությանն ուղղված` ռուսական հասարակական-քաղաքական շրջանակներում բազմաթիվ ձևաչափերով քննարկումները, պաշտոնական Մոսկվայի՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ծրագիրը ու դրան հաջորդած` տարածաշրջանում Ռուսաստանի աշխարհաքաղաքական ներկայության հաստատագրման և հակամարտությունների լուծման միջնորդավորված կառույցների և մեխանիզմների ստեղծումը:
Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության և համագործակցության ստեղծմանն էր ուղղված նաև այն նախաձեռնությունը, որը պետք է ամբողջացնի ԱՄՆ-ի, Եվրամիության, Ռուսաստանի, Թուրքիայի, Հայաստանի և շահագրգիռ մյուս բոլոր երկրների ջանքերը: Սակայն այստեղ անհավասարակշռություն է ցուցաբերվում Իրանի հանդեպ, և բացի այդ, նման առաջարկը կարծես թե հակասում է Բաքվի քաղաքական նպատակներին` կապված ղարաբաղյան հակամարտության հետ, քանի որ Իրանը, տարածաշրջանում ձգտելով հավասարակշռված քաղաքականություն վարել միջազգային հարթակներում` ղարաբաղյան հարցի հետ կապված, փորձում է կանխակալ վերաբերմունք չցուցաբերել: Տարբեր ասպեկտներով ներկայացնելով հարցը` երիտասարդ վերլուծաբանը հանգում է այն եզրակացության, որ Հարավային Կովկասում համագործացության որևէ ձևաչափ հստակեցված չէ, այն անորոշ ապագայով տարածաշրջան է, իսկ անվտանգության ընդհանուր միջավայրի մասին խոսելը դեռևս վաղ է:
ՄՄՀ պատմության ամբիոնի դասախոս Հ. Ավանեսովի ՙԱշխարհագրական արդի իրավիճակը և Կովկասյան տարածաշրջանի հիմնախնդիրները՚ զեկուցումը նախորդի շարունակությունն էր։ Բանախոսը մատնանշեց ինչպես այս տարածաշրջանի, այնպես էլ Մերձավոր և Միջին Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները, որոնք զուտ աշխարհագրական կտրվածքով կարծես առնչություն չունեն Կովկասյան տարածաշրջանի երկրների` հատկապես Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի հետ, բայց դա միայն առաջին հայացքից է: Սակայն խորանալով` նկատում ես այդ ամենի հեռահար նպատակները: Նրա նկատառմամբ` տարածաշրջանում հիմնախնդիրների առավել սրումը կամ այլ հարթակ տեղափոխվելը կապված են Իրանի` տարածաշրջանում լուրջ դերակատարության հետ:
Լիագումար նիստից հետո վեց մասնախմբերում շարունակվեցին գիտաժողովի աշխատանքները, որտեղ ներկայացվեցին թեմաները, ծավալվեցին հարց ու պատասխան, քննարկումներ:
Լսվեցին բազմաթիվ ուշագրավ ելույթներ, ինչպես` ՙԿամավորական ջոկատների կազմավորման նախադրյալները Սպիտակաշենի օրինակով՚ (Հ. Ավանեսով), ՙԻրական ճշմարտությունը Տռնավազի (Կարմիր գյուղի) կոտորածի մասին՚ (Լ. Սուլեյմանյան), ՙԱշխատանքի շուկան և նրա կարգավորումը ԼՂՀ-ում՚ (Վ. Առստամյան), ՙԱռցանց բիզնեսի վարման առանձնահատկությունները՚ (Հ. Ավետիսյան), ՙԱշխարհը թևակոխում է մասշտաբային կիբեռպատերազմների դարաշրջան՚ (Է. Հարությունյան), ինչպես նաև մանկավարժական և լեզվաբանական հարցերին առնչվող:
Եզրափակիչ լիագումար նիստում մասնախմբերի հանձնաժողովների նախագահների ամփոփիչ ելույթները վկայեցին կատարված աշխատանքների արդյունավետության մասին: Մասնավորապես, Հ. Ավանեսովը մատնանշեց, որ գիտաժողովի ձեռքբերումներից մեկն այն է, որ շոշափվեցին հարցեր, որոնք առաջին անգամ էին բարձրացվում, ինչպես` Ղարաբաղի մելիքական տոհմերի ճակատագիրը դրանց վերացումից հետո և այլն: ՈՒԳԸ¬ի նախագահը կոչ արեց երիտասարդներին ոչ միայն ուսումնասիրել արձանագրված պատմական վավերագրերը, այլև մոռացության փոշուց հանել մեր գյուղերի պատմությունը (քանի դեռ ողջ են ականատեսները), որոնք այս կամ այն չափով տարբեր ժամանակներում ենթարկվել են բռնատեղահանումների ու կոտորածների, այսինքն` ցեղասպանության են ենթարկվել մեր շատ բնակավայրեր, ինչը բխում է թուրքական ազգային ծրագրից:
Վերջում մասնակիցներն ստացան հավաստագրեր:
Գիտաժողովի մասնակիցների և ՄՄՀ ղեկավարության անունից ցավակցության տեքստ հղվեց Դոնի Ռոստովում օդանավի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին: