[ARM]     [RUS]     [ENG]

ՊԵՂՈՒՄՆԵՐԸ՝ ՈՉ ՆԱԽԿԻՆ ԹԱՓՈՎ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Ապրիլի 18-ին կայացավ հնագիտական միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում հանրապետության տարբեր հնավայրերում պեղումներ և հետազոտական աշխատանքներ իրականացնող արշավախմբերի ղեկավարները ներկայացրին 2015թ. ընթացքում կատարված պեղումների արդյունքները: 

 Ազոխի քարանձավում, ըստ պեղումների ղեկավար Լևոն Եպիսկոպոսյանի,   ամբողջ տարածքով որոշակի խորությամբ պեղումներ են իրականացվել, որոնց նախնական արդյունքները ևս մեկ անգամ վկայում են, որ հնէաբանները մոտենում են այն շերտին, որտեղ երևում են հնագույն մարդու տեսակների հաջորդականությունը (նեանդերթալյան և հեյդելբերգյան): 

Ըստ արշավախմբի ղեկավարի` վերջին երեք տարիների ընթացքում արշավախումբն զբաղված էր աշխարհի 22 համալսարանների մասնագետների ներգրավմամբ Ազոխի քարանձավային հնավայրի ամբողջ պեղումների ընթացքն ու արդյունքները լուսաբանող հոդվածների ժողովածուի նախապատրաստմամբ: Գիրքը պետք է լույս ընծայվեր 2015թ. դեկտեմբերին` ՙՇպրինգեր՚ միջազգային հրատարակչության կողմից, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Ժնևում: ՙԱյնտեղ  վերջին պահին տպագրվել է մեզ համար անընդունելի գրախոսություն, որտեղ, ներկայացնելով Ազոխի քարանձավի արժեքավորությունը, հեղինակներն իրենց թույլ են տվել նշել, որ քարանձավը գտնվում է Լեռնային Ղարաբաղում, որն իրենից ներկայացնում է կիսանկախ միավոր Ադրբեջանի կազմում: Նման ձևակերպումն ընդունելի չէր ո՜չ հայկական, ո՜չ էլ ադրբեջանական կողմի համար: Մենք կոչ արեցինք զերծ մնալ քաղաքականացված մոտեցումներից, իսկ ադրբեջանական կողմը գրքի տպագրությանն սկսեց խոչընդոտել Շվեյցարիայում Ադրբեջանական Հանրապետության դեսպանի մակարդակով, ով պաշտոնական նամակ է հասցեագրել հրատարակչությանը` պահանջելով հրաժարվել գրքի հրատարակումից, քանի որ արշավախումբը պեղումներն իրականացրել է առանց Ադրբեջանի թույլտվության՚,- մանրամասնեց արշավախմբի ղեկավարը: Ադրբեջանական կողմը նաև նշել էր, որ հնավայրն այսօր որևէ պատմամշակութային արժեք չի ներկայացնում, ավելին, այն այսօր վերածված է զինանոցի: Հոդվածաշարի հեղինակներն անմիջապես հանդես են եկել համապատասխան փաստաթղթեր պարունակող պատասխանով, և արժեքավոր աշխատությունն այսօր տպագրման փուլում է: Անցած տարում Ազոխի հնագիտական արշավախումբը մասնակցել է նաև Իռլանդիայում կազմակերպված միջազգային հնագիտական գիտաժողովին և ներկայացրել պեղումների արդյունքները: 

Նախքան Տիգրանակերտի պեղումների արդյունքներին անդրադառնալը արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը Պատմամշակութային հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ շնորհավորեց ներկաներին: Բանախոսը նշեց, որ Արցախի իշխանությունները պատմամշակութային հուշարձանների պահպանման, անձնագրավորման, հանրահռչակման գործում ըստ ամենայնի հետևում են միջազգային բոլոր համապատասխան հռչակագրերին, և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակագիրը թույլ չի տալիս շրջանցել չճանաչված պետությունների հուշարձանների պահպանությունը, սակայն փաստերը ցույց են տալիս,  որ միջազգային կառույցները ձեռնպահ են մնում վիճելի տարածքներում գործունեություն ծավալելուց: ՙԵս կարծում եմ` այսօր մենք պետք է բարձրաձայնենք, որ միջազգային փաստաթղթերը տարիներ շարունակ մի ամբողջ տարածաշրջանի ժողովրդի զրկում են  սեփական մշակույթը աշխարհին ներկայացնելու իրավունքից, ինչը որևէ կերպ  չպետք է կապվի երկրի քաղաքական ճանաչվածության և հակամարտության հետ՚,-ասաց նա: Ըստ արշավախմբի ղեկավարի` Տիգրանակերտի պեղումները նախորդ տարվա ընթացքում տևել են 40 օր և ընթացել երեք հիմնական` ամրացված թաղամասի հյուսիսային պարսպապատի, առաջին անտիկ թաղամասի և վաղ քրիստոնեական հրապարակի հատվածներում: Պեղման մակերեսը կազմել է 1000  քառ. մ, միջին խորությունը՝ 1,8 մ: Անդրադառնալով հնագիտական պեղումների արդյունքին, Համլետ Պետրոսյանը նշեց, որ ֆինանսական միջոցների պակասի պատճառով իրենց առջև դրված ոչ բոլոր խնդիրները կարողացան լուծել: Բանախոսը նշեց, որ պեղումների ընթացքում մի քանի բացահայտումներ են արվել. հայտնաբերվել է հարավային պարսպի մի նոր հատված` դեպի հյուսիս գնացող դարավանդային մասով, որը երկարացվել է 50 մետրով: Պեղումները թույլ են տալիս պնդել, որ բերդաքաղաքի պարիսպները երկու ճյուղով ձգվում են դեպի Արքայական աղբյուրներ, դա հնարավորություն տվեց հասկանալու, որ աղբյուրները ներառված են եղել ամրոցի պաշտպանական համակարգի մեջ, և եթե չլինեին այդ աղբյուրները, ամրոցը, թերևս, այդ վայրում չէր կառուցվի: Անտիկ թաղամասի պեղումները թույլ են տալիս ենթադրել, որ քաղաքը կառուցված է եղել անտիկ աշխարհում մշակված, դեռևս Հունաստանից եկող համակարգով: Պեղումները վաղ քրիստոնեական հրապարակում բացահայտել են երկու եկեղեցիներ, նաև մի դամբարան՝ բեմի տակ: 

2015  թվականին հնագիտական աշխատանքներ են իրականացվել նաև Նոր Հայկաջուր և Նոր Մարաղա գյուղերի միջև գտնվող դամբարանադաշտում, որոնց մասին հաշվետվությունը նիստի ընթացքում ներկայացրեց խմբի ղեկավար Նորա Ենգիբարյանը: Պեղումները հնագետներին թույլ են տվել համոզվել, որ հարավկովկասյան տարածաշրջանի միայն այս անկյունում են պահպանվել խոշոր կուրգան-դամբարանաթմբերը: Դամբարանախցի պեղումները հնագետներին հնարավորություն են տվել պատկերացում կազմել հանգուցյալի սոցիալական վիճակի և անգամ հիվանդությունների վերաբերյալ: Հայտնաբերվել են զոհաբերված կենդանիների մնացորդներ, կճուճներ, խեցեղենի և զարդարանքների մնացորդներ: 

Ալ լճերի տարածաշրջանի պեղումների արդյունքները ներկայացրել է Արտակ Գնունին: Տարածքը համարվում է ալպիական մարգագետինների շրջան և գտնվում է ծովի մակարդակից մինչև 2900 մ բարձրության վրա: Այստեղ ևս պեղումներ են կատարվել հիմնականում դամբարանային կառույցներում:   

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ