[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՊՐԵԼԸ՝ ԿԵՆՍԱՁԵՎ

Մայիսի 4-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ Գոհար Մարտիկյանի ՙԱպրելու բանաձև՚ բազմահատոր մատենաշարի 7-րդ հատորի արցախյան շնորհանդեսը, որը նախաձեռնել էր ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը։

Ներկա էին ԼՂՀ ՄԵ հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ոլորտի աշխատողներ, զոհված ազատամարտիկների հարազատներ, հյուրեր և, իհարկե, գրքի հեղինակը։ 

Գ. Մարտիկյանն ընթերցողներին հայտնի է գրականագիտական մի շարք հոդվածներով (ՙՍովետական գրականություն՚), քնարական բանաստեղծություններով, ՙԻմ առաջին գիրքը՚ մանկական պատմվածքների ժողովածուով, ՙՃղակոտոր իմ տոհմածառ՚ և ՙՍա Հայաստան է և վերջ՚ վավերագիր վիպերգերով և այլն։ Բայց ամենից շատ նա հանրությանը հայտնի դարձավ ՙԱպրելու բանաձև՚ շարունակական մատենաշարով, որը Արցախյան ազատամարտում հերոսացած հայ քաջորդիների կյանքի ու սխրագործության պատմությունն է՝ որպես օրինակ ու ոգեշնչում ներկա ու գալիք  սերունդներին։ Հերոսամարտի քաջազունների մասին պատմությունները՝ Գոհար Մարտիկյանի հեղինակությամբ, որպես ռադիոշարք, պահվում են Հայաստանի հանրային ռադիոյի ՙՈսկե ֆոնդում՚ և արժանացել են ՀՀ ժուռնալիստների միության սահմանած ՙԱզդարար՚ մրցանակին։

Բանասիրական գիտությունների թեկնածու Հենրիկ Գալստյանը  նշել է. ՙԱսես անբեկանելի մի առաքելություն հեղինակին պարտադրել է առանց դադար առնելու հրապարակ հանել մեզ դեռևս անծանոթ ոչ մեկ, այլ շատուշատ ազատամարտիկների կյանքի սովորական ու զարմանալի դրվագները…Այս ամենի հստակ գիտակցությամբ է Գոհար Մարտիկյանը ձեռնամուխ լինում ամեն մի հրաշապատումի շարահյուսմանը՝ պարզ ու անպաճույճ, առանց ճչան ու ճռճռան խոսքերի, միաժամանակ՝ ազդեցիկ ու գրավիչ։ Այսքան բազում պատումների մեջ ինչպե՞ս է հեղինակին հաջողվում ամենևին չձանձրացնել ընթերցողին, երբ թեման անփոփոխ է՝ ազնիվ ապրելակերպի մեջ հերոսականության փայլատակումը։ Գաղտնիքը դժվար թե միայն անաղարտ ու կառուցիկ լեզվամտածողությունն է՝ զերծ ոճական սեթևեթանքներից ու ոլորումներից։ Գաղտնիքը նյութի ոգեղեն խորքերը թափանցելու, այն սեփական արյան բջիջներով համազգալու շնորհի մեջ է՚։  Նշենք, որ Գ. Մարտիկյանի որդին՝ Աշոտ Չախոյանը, ՀՀ ՊՆ հատուկ նշանակության գնդի առաջին զոհն է, հանգամանք, որով ավելի է արժևորվում որդեկորույս մոր նախաձեռնած սուրբ գործը։  

ՙԱպրելու բանաձև՚ մատենաշարի 7-րդ հատորը, որում ընդգրկված են 110 ազատամարտիկի (բոլորն էլ արցախցիներ) կյանքն ու մարտական ուղին ներկայացնող գեղարվեստա-վավերագրական պատմություններ, տպագրվել է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի շրջանակում։ 

ՙՊատմավավերագրական փաստագրումներով հարյուրավոր հերոսների մասին խոսել առանձին-առանձին, բարձրարժեք գրական-գեղարվեստական ստեղծագործության չափանիշներով ներկայացնել կերպարներ, որոնք միանգամից հարազատ ու սիրելի են դառնում. ՀՀ հանրային ռադիոյի ՙԱպրելու բանաձև՚ հաղորդաշարի ու նույնանուն մատենաշարի հեղինակ Գոհար Մարտիկյանին սա հաջողվում է արդեն երկար տարիներ՚,- ասաց միջոցառումը վարող՝ Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանի տնօրեն Մարիա Խաչատրյանը։ Նա առանձին հատվածներ ներկայացրեց հեղինակի ստեղծագործություններից, մասնավորապես՝ Քարին տակի, Թալիշի մասին պատմող, որտեղ այնքան գեղեցիկ ու պատկերավոր են ներկայացված արցախյան հողն ու հերոսական բնակավայրերը։

Իր խոսքում ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը շնորհակալություն հայտնեց Գ. Մարտիկյանին՝ հրավերն ընդունելու և այս օրերին հատուկ առաքելությամբ Արցախ գալու համար, քանզի ՙհատկապես այս օրերին Արցախում կարևոր է հետ նայել մի պահ, նայել մեր անցած ճանապարհին ու նորից հիշել մեր հերոսներին, վերագնահատել մեր ձեռքբերումները, մեր հերոսների պատգամներով գոտեպնդվել ու շարունակել պայքարը՚։ Ն. Աղաբալյանի խոսքով՝ զոհված ազատամարտիկների մայրերից յուրաքանչյուրն իր մեջ ամփոփել է  սեփական վիշտը, իսկ տիկին Մարտիկյանը կարողացել է իր մեջ ուժ գտնել և յուրաքանչյուրի հետ վերապրել այն։ Դիմելով հեղինակին՝ Նարինե Աղաբալյանն ասաց. ՙԱպրիլյան պատերազմի ժամանակ 18-20 տարեկան տղաներն ապացուցեցին, որ մեր ժողովրդի հաղթական ոգին ապրում է և  գուցե դեռ ավելին է՝ քան եղել է 1988-ին, 1991-94 թվականներին։ Նրանք ապացուցեցին, որ դաստիարակվել են  այն հերոսների օրինակով, որոնց Դուք եք հավերժացրել։ Հարազատներն իրականում չեն կարող պատմել, ներկայացնել իրենց որդիների, ամուսինների կատարած սխրագործությունները, ուստի այս առումով ավելի է կարևորվում Ձեր առաքելությունը։ Վստահ եմ, որ լսելով Ձեր խոսքը՝ շատերը խորհելու, մտորելու, արժեքները վերաիմաստավորելու ու գոտեպնդվելու առիթ կունենան՚։

Միջոցառման մասնակիցներից յուրաքանչյուրն իր ցավն էր վերապրում։ Վաստակաշատ ուսուցչուհի  Ասյա Մանգասարյանը, հիշելով նահատակ եղբորը, գառնաքարցի Սուրեն Մանգասարյանին, ով իր ճակատագրական մարտը տվեց1993թ.՝ Հակոբ Կամարի գյուղի մոտ, հիշարժան դրվագներ ներկայացրեց հերոսի ապրած կյանքից։ Զոհված ազատամարտիկ Իգոր Հասրաթյանի հայրը՝ Ալեքսանդր Հասրաթյանն իր խոսքում նշեց, որ ցեղակրոն որդին մեն-մենակ հակահարված տալով թշնամուն՝ վերջին փամփուշտը պահել էր իր համար… 

Մյուս ելույթ ունեցողներն իրենց սրտի խոսքում երախտագիտություն հայտնեցին Գ. Մարտիկյանին՝ հարազատներին հավերժացնելու համար։ 

Շուշիի ագրարային համալսարանի դասախոս Յուրի Ավանեսյանը, ով Արցախյան գոյամարտում կորցրել է երկու եղբայրներին,  այս օրերին գտնվում էր մարտական դիրքերում։ Նա առանձնակի ոգևորությամբ խոսեց սահմանին կանգնած զինվորի մարտական ոգու մասին և կոչ արեց բոլորին՝ ապրել հպարտ, կենսուրախ կյանքով՝ համոզված, որ հաղթանակը միշտ Արցախինն ու հայ ժողովրդինն է լինելու։   

Հեղինակի խոսքը յուրօրինակ պատգամ էր արցախցիներին՝ հերոսական ոգին պահպանելու, ուժեղ լինելու։ ՙԵկա ոչ թե ձեզ մխիթարելու, այլ ասելու, որ ես էլ ձեզ հետ միասին ուժեղ ու հպարտ, ամուր կանգնած եմ մայր հողին և կանգնելու եմ այնքան, ինչքան Աստված ինձ կյանք ու շունչ պարգևի, որ ես կարողանամ  աշխարհին ապացուցել, թե ինչ է նշանակում ունենալ հող, որից  ուժ են ստանում։ Հանուն հայրենիքի ապրելը մեզ համար կենսաձև է, և մենք կարող ենք ու պարտավոր ենք ապրել այդպես, մենք դա հասկանում ենք։ Բայց որպեսզի սերունդները դա հասկանան՝ դրա համար աշխատանք էր պետք…՚,-ասաց Գ. Մարտիկյանը։ 

ՀՀ նախագահի Հայկյան մրցանակի դափնեկիր Գոհար Մարտիկյանը ընթերցողի սեղանին է դրել նաև 8-րդ և 9-րդ հատորները։ Ստանձնելով Արցախյան պատերազմի բանահավաքի դերը՝ արդեն իսկ ապրիլյան պատերազմի հերոսապատումի շարքն է սկսել։ Ասում է՝ սրտի թրթիռով է մտնում յուրաքանչյուր օջախ, չէ՞ որ վերքը դեռ շատ թարմ է… 

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ