[ARM]     [RUS]     [ENG]

ՇՈՒՇԻՈՒՄ ՄԵԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ԼՎՈՎԻՑ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ՄԵՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ

Մայիսի 17-ին Շուշիի Տանկ-հուշարձանի մոտ մեծ հանդիսավորությամբ, դափնեպսակներով ու ծափողջույններով դիմավորեցին մայիսի12-15-ը Ուկրաինայի Լվով քաղաքում տեղի ունեցած՝ Եվրոպայի կունգ¬ֆուի առաջնության արցախցի 5 մեդալակիրներին։

Այդ մրցաշարին մասնակցել են մեկ տասնյակից ավելի երկրներ։ Արցախցի մարզիկները հանդես են եկել կունգ-ֆուի և ուշուի ՀՀ հավաքականի կազմում։ Ընդհանուր առմամբ Հայաստանի հավաքականը նվաճեց 5 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով 2-րդ տեղը։ 

Արցախցիներից տարբեր քաշային կարգերում 1-ին պատվավոր տեղերը նվաճեցին Արսեն Բաղրյանը (մինչև 40 կգ), Հայկ Խաչիյանը (60 կգ), Դավիթ Կասումյանը (65 կգ), Տիգրան Շաբոյանը (56 կգ), իսկ 70  կգ քաշային կարգում Դավիթ Պետրոսյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։ Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ մենամարտից 20 վայրկյան մնացած, երբ պարզ դարձավ, որ 70 կգ քաշային կարգում Դավիթ Պետրոսյանը հաղթում է ադրբեջանցի մրցակցին, վերջինիս կողմնակիցներն ու մարզիչը հայհոյեցին արցախցի մարզիկին ու, բնականաբար,  ստացան համարժեք պատասխան։ Պարտվող ադրբեջանցին թիկունքից հարվածեց Դ. Պետրոսյանին, և նախօրոք դահլիճ բերած մահակներով (այդ թվում՝ երկաթե) ազերիները հենց ռինգում հարձակվեցին ու մարմնական վնասվածքներ պատճառեցին հայերին, որից հետո միայն միջամտեցին ոստիկանները։ Դավիթը,  վնասվածք ստանալով (երկաթով գլխին խփել էին), չկարողացավ հաջորդ օրը մասնակցել եզրափակիչին, որտեղ պետք է մենամարտեր թուրք մարզիկի հետ։ Այդ պատճառով էլ նա զբաղեցրեց 2-րդ տեղը։ 

Միջադեպի վերաբերյալ տեսագրությունները տեղադրված են համացանցում։ Եվրոպայի ուշուի ֆեդերացիայի նախագահ Նիկոլայ Մատուլևսկին ծեծկռտուքի ժամանակ փորձում էր պաշտպանել 12-ամյա Արսեն Բաղրյանին՝ իր վրա վերցնելով հարվածը։ Ադրբեջանի կունգ¬ֆուի ֆեդերացիան ոչ մարզական պահվածքի համար որակազրկվել է և հեռացվել Եվրոպայի կունգ¬ֆուի ֆեդերացիայից։ Ադրբեջանցի կունգֆուիստներն անվայել պահվացքի համար Բորիսպոլի օդանավակայանում հրապարակավ ներողություն են խնդրել հայ մարզիկներից։ 

Նման դժվարին պայքարում մեդալների արժանացած արցախցի ուշուիստներին պատվով դիմավորեցին և շնորհավորանքի խոսք ասացին ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանը, մարզիչները, երկրպագուներն ու մարզիկների ծնողները։ ՙՄրցապայքարն անցել է ծանր պայմաններում, դուք հանդիպել եք մեր հակառակորդի թիմին, որի համար զուտ մրցակից չէիք։ Սովորաբար սպորտում լինում են ոչ թե հակառակորդներ, այլ մրցակիցներ. սպորտն ազնիվ մրցապայքար է, որտեղ հաղթում է ուժեղագույնը, առավել ճարպիկը։ Ցավալի է, որ այդ բնագավառում նման միջադեպ եղավ, և ադրբեջանցիները ձեզ թշնամի համարեցին։ Բայց դուք ավելին արեցիք, գերազանցեցիք բոլորին ու կարողացաք հասնել հաղթանակի, ինչը մեզ անչափ ոգևորում է։ Մաղթում ենք ձեզ նորանոր հաջողություններ նաև աշխարհի առաջնությունում։ Դուք ձեր պարտքն եք կատարում առաջնագծի հայրենյաց պաշտպան մեր զինվորների նման։ Եվ համոզված եմ, այդ հաղթանակները նվիրում եք նրանց ու հայրենիքի համար ընկած նահատակներին՚,¬ ասաց Ս. Ասրյանը։ 

ԼՂՀ ուշուի ֆեդերացիայի հիմնադիր, Մերձավոր Արևելքում ԼՂՀ ներկայացուցիչ, Հայ սև գոտիների արևելյան մարտարվեստների մեծ վարպետ Կարո Քեբաբջյանը մեծ ոգևորությամբ պատմեց մրցապայքարում տղաների ձեռք բերած ոսկե մեդալների մասին։ Նրա պարզաբանմամբ՝ Ադրբեջանի հավաքականը մասնակցում էր 40 հոգով, իսկ Հայաստանինը՝ 9։ Եվ, ինչպես միշտ, ազերիները  կենդանական բնազդով քառապատիկ ավելի ուժերով հարձակվեցին մեր պատանիների վրա, բայց   պարտվեցին։ Արցախցի մարզիկները խլեցին ազերիների դրոշը և վեր բարձրացրին Արցախի դրոշը։ Կ. Քեբաբջյանը շնորհակալություն հայտնեց Լվովի հայ համայնքին և Հայաստանի դեսպանատանը, որ թև ու թիկունք լինելով՝ սատարեց ու պաշտպանեց մեր տղաներին։ ՙԱդրբեջանը պղծեց կունգ¬ֆուի փիլիսոփայությունը, որը բարոյական արժեքներ է քարոզում, սակայն տասնյակ երկրների շարքում մեր հավաքականը աչքի ընկավ մեդալների թե՜ քանակով, թե՜ մակարդակով։ Մեր մարզիկները հզոր էին, ոգով պինդ։ Մեր ոգին բարձր է թե՜ առաջնագծում, թե՜ մարզարվեստում և թե՜ մյուս բոլոր ասպարեզներում՚,- նշեց Արցախի ուշուի ֆեդերացիայի հիմնադիրը։

Այս միջադեպն ամենևին չընկճեց Դավիթ Պետրոսյանին, ով պատրաստվում է հունիսին մասնակցել Աշխարհի ուշուի առաջնությանը։ Հիշեցնենք, որ Դավիթն ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական 5 տանկ և  հետևակի մարտական մեկ մեքենա (ՀՄՄ) խոցած, ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանի ավագ եղբայրն է, ով նույնպես ընտանիքի հետ եկել էր դիմավորելու հաղթանակած եղբորն ու թիմակիցներին։ 

 Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ