Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Սիլվա ՅՈՒԶԲԱՇՅԱՆ. ՙԱՄԵՆ ԱՆԳԱՄ ԳԱԼՈՎ ԱՐՑԱԽ՝ ԵՍ ՈՒԺ ԵՄ ՍՏԱՆՈՒՄ՚

Ասմունքի ազգային դպրոցի ճանաչված ներկայացուցիչներից է Սիլվա Յուզբաշյանը։

Չորս տասնամյակից ավելի նա բեմից հնչեցնում է հայոց խոսքը։ Ծննդով գյումրեցի է։ Ընդունվել և ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը։ Երիտասարդ դերասանուհին սկսեց հանդես գալ ասմունքով՝ ընդառաջ գնալով իր մեծ նվիրումին դեպի բանաստեղծությունը. աշխատանքի անցավ Հայֆիլհարմոնիայում, ապա՝ ռադիոյում։ 1986-ին որպես ասմունքող արժանացավ երիտասարդ արվեստագետների համար նախատեսված բարձրագույն պարգևին։ Նարեկացի, Իսահակյան, Հովհ. Շիրազ, Համո Սահյան, Վահագն Դավթյան... Դերասանուհին նախընտրում է այն ստեղծագործությունները, որոնք մեր ազգային ճակատագրի և ինքնության դրսևորումներն ունեն և հայրենասիրության դասեր են պարունակում։ 

Ստորև ներկայացնում ենք մեր հարցազրույցը ՀՀ վաստակավոր արտիստ Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆԻ հետ։

- Հին ու կրկնված խոսք է. ՙԵրբ որոտում են թնդանոթները, մուսաները լռում են՚։ Դժվար չէ հասկանալ, որ այս օրերին Դուք համերգային ծրագրով չեք այցելել Արցախ։ 

- Եկել եմ... լուռ, սրտիս թելադրանքով, խղճիս պարտադրանքով։ Չէի կարող չգալ։ Եղել եմ Շուշիում, Հադրութի շրջանում, զինվորական հոսպիտալներում։

- Ձեր զգացողությունները։

- Զգացողություններս հակասական են։ Եվ արցունքներս զսպեցի, և հպարտության զգացումներ ունեցա։ Արցախն ինձ հույս ու հավատ տվեց։ Հաղթանակի զգացողություն ունեցա։

Մենք Երևանում ավելի շատ ապրումներ ունեինք, քանի որ երբ հեռու ես լինում, հոգուդ մեջ իշխում է անորոշության զգացումը։ Իսկ երբ եկա ու ոտք դրեցի Արցախի հողին, ինձ փոխանցվեց ամրության, հաստատունության զգացումը։ Ասեմ, որ ամեն անգամ գալով Արցախ՝ ես ուժ եմ ստանում։ Գուցե այս այցս եսասիրական կոչեմ, քանի որ եկել եմ, որպեսզի կարողանամ կարգավորել իմ վաղվա օրը։ 

- Գուցե այս այցից դեպքեր առանձնացնեիք։

- Համացանցում վերջին պատերազմական իրավիճակի առնչությամբ նյութեր էին տեղադրվում, հեռուստատեսությամբ հեռարձակվում էին հաղորդումներ, ես հետաքրքրվել էի ու որոշել այցելել այն ընտանիքները, որտեղ և զոհեր, և վիրավորներ կային։ 

... Զարմանալի պինդ մարդիկ են ապրում այս հողի վրա։ Ես ցնցված եմ արցախցու արժանապատվությամբ, ազնվությամբ։ Ինձ մշտապես կաշառել է արցախցու անկեղծությունը։ Այստեղ ես զրուցեցի պատերազմից տուժած ընտանիքների երեխաների հետ. ի՛նչ արժանապատվություն ունեն, ի՛նչ դիմանալու, իրենց փխրուն ուսերին ընտանիքի հոգսն ու այլևայլ ծանրություններ վերցնելու կամք։ Դեռահաս երեխաները միանգամից հասունացել ու խոսում էին... տղամարդու պես։ Դա ցնցող էր։ Ի դեպ, նրանց մեջ նաև արցախյան նախորդ պատերազմի մասնակիցների ու ականատեսների տված հայրենասիրական դաստիարակությունն էր խոսում։ 

- Մտավորականի, մասնավորապես՝ արվեստագետի անելիքը այս ժամանակներում։

- Յուրաքանչյուրն իր գործում, իր տեղում պիտի լինի։ Յուրաքանչյուրը կատարի՝ ինչ-որ իրենից կախված է։ Բոլոր զոհվածների ընտանիքները կարիք ունեն նաև բարոյական աջակցության։ 

Բնականաբար, այս ժամանակներում արվեստագետի ասելիքը փոխվել է. այս օրերին պետք է հնչեն ոգեշունչ բանաստեղծություններ։ Բոլորս գիտենք, որ մեր ժողովրդի համար ճակատագրական պահերին բանաստեղծների խոսքը բախտորոշ է եղել։ Հիշենք թեկուզ Հովհ. Թումանյանին, որ միշտ մեզ հետ է։ ժամանակի մեջ նրա ՙլույսը՚ չի խունացել։ 

- Դուք ապրել և ստեղծագործել եք նաև խորհրդային շրջանում։ Որպես արվեստագետ՝ ո՞ր ժամանակում եք Ձեզ հարմարավետ զգում։ 

- Երբ պոեզիայի մասին է խոսքը՝ ինձ համար չկա խորհրդային կամ հետխորհրդային շրջանի ստեղծագործություն։ Կա լավ բանաստեղծություն։ Բանաստեղծության հին ու նորը չկա, կա դասականը, կա ժամանակի քննությանը դիմացածը։ 

- Այնուամենայնիվ խորհրդային շրջանում հետաքրքրությունն ասմունքի հանդեպ ավելի մեծ էր։ 

- Մեծ էր այն առումով, որովհետև այն տարիներին, երբ ռադիոն միացնում էիր, բանաստեղծություն էր հնչում։ Այս ժամանակներում ռադիոն կամ հեռուստատեսությունը չեն կարող ժամերով բանաստեղծություն հաղորդել։ Աշխարհում հիմա ամեն ինչ արագ է կատարվում, լրատվամիջոցը պիտի կարողանա պահը բռնել և հաղորդել։ 

Բարեբախտաբար, ազգային ռադիոն այսօր լավ ծրագրեր ունի։ Ես ինքս րոպեներ ունեմ և հնչեցնում եմ համաշխարհային և հայ դասականների ստեղծագործություններ։ Բոլոր դեպքերում լրատվամիջոցները մեծ գործ են կատարում սերնդին հայրենասիրական և գեղագիտական դաստիարակության գործում։ Հուրախություն ինձ և բոլորիս՝ ապրիլյան օրերին ցնցվեցինք, շվարեցինք, տեսանք, թե սերունդն ինչ հերոսություններ արեց։ Մինչդեռ ավագներս կասկածում էինք։ Ես մտածել եմ, չէ՞որ այս երեխաները մեծացան շոու ծրագրերով, շոու երգերով, արևմտյան հոգևոր արժեքներով, մեզ նման ամբողջապես ազգային երաժշտությամբ չեն մեծացել։ Բայց ի՞նչ պատահեց, ինչ հզոր է մեր գենը՝ կարող է ճեղքել-անցնել պատնեշներ ու ժամանակներ։ Ես ապշած եմ այս երիտասարդների ազգային մտածողությամբ, անձնազոհությամբ։ Այնուամենայնիվ ինչ-որ տեղ նաև մտածում եմ՝ պատկերացնում եք, թե ինչ սերունդ կլիներ, եթե ամբողջապես դաստիարակվեին ազգային արժեքներով։ Իրենք շատ ավելին կլինեին։ Երիտասարդությունը ինքնին համարձակություն է, ներքին ազատությունն էլ գումարվեց, ազգային գենն էլ իր դերը ունեցավ, և ահավասիկ, ստացվեց այն, ինչ եղավ քառօրյա պատերազմում։ Զինվորական հոսպիտալներում եղա, և ապշած էի. 19-20 տարեկան երիտասարդներն այնպիսի կենսափորձով էին խոսում, որ իրենք կարող էին մեզ ... դաս տալ։ Դաս՝ հայրենասիրության, դաս՝ ազգային ինքնագիտակցության։ Չգիտեմ՝ ինչ ասեմ։ Նրանց հերոսության առջև պարզապես լուռ խոնարհվել է պետք։ 

-Ունե՞ք ձեր երկացանկում այնպիսի հեղինակ, որ հանրությանը ծանոթ չէ, բայց դուք ներկայացնում եք:

-Կան։ Չեմ ուզում անուններ տալ։ Երբեմն նույնիսկ ներկայացնում եմ ոչ տպագրվածներից։ 

- Կա՞ն գրողներ, որոնց ստեղծագործության հանդեպ՝ ասմունքողի ձեր համակրանքը առանձնանում է։

- Իմ ՙթուլությունը՚ Վիլյամ Սարոյանն է։ Այս օրերին կարդացի, ավելի ճիշտ վերընթերցեցի ՙՎեսլի Ջեկսոնի արկածները՚։ Սարոյանն ասում է՝ պատերազմը խայտառակություն է. ես լալիս էի, որ մարդիկ այլանդակ են լինում, մինչդեռ նրանք բոլորն իրավունքն ունեն լինելու այնքան գեղեցիկ, որ հողից փոքրիկ գազաններ դուրս գան և զարմացած, չռված աչքերով նայեն մարդկանց:  Հիմա մարդը գազան է դարձել։ Սարոյանի գրականությունը մարդկության փրկությունն է։  Իմ ամենասիրելի գիրքը նրա ՙՄարդկային կատակերգությունն՚ է։ 1975-1980-ական թվականներին ես բախտ եմ ունեցել շփվելու հանճարեղ գրողի հետ։ Ոչ մի հանդիպում բաց չեմ թողել, լինի Երևանում թե Էջմիածնում, Զվարթնոցում թե Սարդարապատում։ Իմիջիայլոց, ես հանդիպել եմ գրողների, որ մեծ են, բայց տարբեր են կյանքում և իրենց ստեղծագործություններում։ Սարոյանը նույնն է՝ ինչ-որ գրքերում։ Աշխարհին նայում էր զարմացած, երեխայի պես, ինչպես մեծ մանուկ։ Վահագն Դավթյանը նրա մասին հոդված էր տպագրել ՙՀայրենիքի ձայնում՚, ՙԲարի հսկա՚ վերնագրով, որը հետագայում դարձավ նրա հուշերի գրքի վերնագիրը։ 

- Ձեր  գործունեության աշխարհագրական սահմանները և երկացանկը։  

- Համաշխարհային և հայ պոեզիա՝ դասական և ժամանակակից։ Ասեմ, որ ժամանակակից պոեզիան արժանանում է մեր՝ ասմունքողների ուշադրությանը, բայց դուրս է մնում հանրության ուշադրությունից։ Պատճառներից մեկն էլ այն է, որ  գրքերը հրատարակվում են քիչ տպաքանակով, լավագույն դեպքում՝ 1000 օրինակ։ Բնական է, որ շատերը անտեղյակ են մնում, մի մասին էլ՝ ոչ հասանելի։ Ոչ հեռավոր ժամանակներում, երբ հեղինակը նոր գիրք էր տպագրում, մենք ռադիոյով պարտադիր կես ժամ հաղորդում էինք նվիրում նրան։ Այժմ էլ  կան ժամանակակից շատ լավ բանաստեղծներ։ Ես մշտապես հետաքրքրվում եմ նրանցով, և նրանց ստեղծագործությունները մտցնում եմ իմ երկացանկի մեջ։

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ