ԿՐԿԻՆ՝ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐ

Հունիսի 16-17-ը  Երևանում կայացավ Հայաստանում ձյուդո մարզաձևի հիմնադիր Թելման Քոչարյանի անվան հանրապետական կարգի 17-րդ հուշամրցաշարը։

Ավելի քան 280 մարզիկների շարքում էին արցախցի 5 ձյուդոիստներ:

Հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցի ձյուդոյի գլխավոր մարզիչ Իվան Ազիզբեկյանի խոսքով` մրցաշարին մասնակցած մեր պատանի մարզիկները լարված  մրցակցության պայմաններում կարողացել են դրսևորել իրենց հմտությունները և գրավել մրցանակային տեղեր։ 

Տարբեր քաշային կարգերում 3-րդ պատվավոր տեղերը զբաղեցրել են Աշոտ Պարսիյանցը (27կգ), Արման Մանգասարյանը (30կգ), Արեն Ծատրյանը  (34 կգ), իսկ Աղվան Պետրոսյանը 66 կգ քաշային կարգում, զիջելով միայն չեմպիոնին, արժանացել է արծաթե մեդալի: Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները պարգևատրվել են մեդալներով ու պատվոգրերով։

Ի. Ազիզբեկյանը սպասելիքներ շատ ունի իր սաներից, իսկ մարզիկների մրցակցային փորձն աճում է տարբեր մրցաշարերի ակտիվ մասնակցությամբ։ Ուստի անհրաժեշտ է առավել շատ մարզիկների ներգրավել տարաբնույթ մրցաշարերի, որպեսզի զարգանա ձյուդոիստների մարզական տեխնիկան։