Logo
Print this page

ՆՐԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ ԱՊԱԳԱ Է ՍՊԱՍՎՈՒՄ

Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում օրերս  կայացավ վոկալ բաժնի ուսանողների թողարկման երեկոն։ 

 Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ քոլեջի տնօրեն Կարինե Դադամյանը, ում առաջարկով ներկաները հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգեցին Տեր Էմանուել Վարդանյանի հիշատակը, ով՝ որպես վոկալի ուսուցիչ, բեմադրիչ, մեծ հայրենասեր ու բարերար, որոշակի ավանդ ուներ սաների դաստիարակության գործում։ 

15 տարի ապրելով ԱՄՆ¬ում՝ հայրենի հողի կանչով  Է. Վարդանյանը  վերադարձել է  Արցախ, հանգրվանել հայրենի գյուղում, վերանորոգել պապենական տունը, նշանակվել Ասկերանի շրջանի հոգևոր հովիվ, համատեղությամբ կնոջ՝ Ծովինար Մնացականյանի հետ, վոկալի դասեր տվել  երաժշտական քոլեջում։ 

Երեկոյին առաջինը հանդես եկավ 1-ին կուրսի ուսանող Միքայել Մայիլյանը՝ ՙՀորովելի՚ գեղեցիկ կատարմամբ։ Հետո հերթով հանդես եկան շրջանավարտները։ 

Ի դեպ, բոլոր շրջանավարտներն էլ օժտված էին ձայնային լավագույն տվյալներով։ 

Համերգից հետո շրջանավարտները ներկայացրեցին Շեքսպիրի ՙՕթելլո՚-ից հատված՝ ՙղարաբաղյան  տարբերակով՚։ 

Երեկոյին առանձնապես աչքի ընկավ շրջանավարտ Աննա Իզմայիլյանը (նկարում)։ Հանդիսատեսը գիտեր նրան և դիմավորեց ծափողջույններով,  ապա բեմից ուղեկցեց բազմաթիվ ծաղկեփնջերով։ Նրա  անկրկնելի ձայնը, ազատ ու անկաշկանդ կատարումը, արտիստիկ կեցվածքը, ճաշակով հագ ու կապը հիացմունք էին պատճառում հանդիսատեսին։ Աննան արդեն ճանաչում ունի քաղաքում։ Նա հաճախ է հրավիրվում տարբեր միջոցառումների՝ որպես հաղորդավարուհի և երգչուհի։ Նա է 2015թ. հոկտեմբերի 1-ին վարել Ուսուցչի օրվան նվիրված երեկոն, Ավ. Իսահակյանի, Մեծարենցի հոբելյանական երեկոները,  2016թ. ապրիլի 21-ին քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին նվիրված երեկոյին երգել ՙԱվե Մարիա՚, Արկադի Թովմասյանի բառերով և Նունե Սիմոնյան¬Արզումանյանի երաժշտությամբ մայրաքաղաքին նվիրված ՙՍտեփանակերտ՚ երգը։

2015թ. հուլիսի 5-ին երգել է վարպետաց դասերի Գալա համերգին և արժանացել ռուս նշանավոր օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայայի դիպլոմին։  Աննան արդեն մեծ բեմերում երգելու հրավերներ է ստանում։ Նրան խոստումնալից ապագա է սպասվում։ Շատ չի ուշանա այն պահը, երբ մեր հանրապետության պետական դրոշն Աննայի շնորհիվ կբարձրանա արտերկրի բեմերում, և մեկ  անգամ ևս օտար լսարանը կըմբոշխնի արցախցու շնորհները։ 

Կանաչ ճանապարհ, մեծ հաղթանակներ քեզ՝ Աննա։

Նաիրա ԱՌՍՏԱՄՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.