[ARM]     [RUS]     [ENG]

ԿԵՆՏՐՈՆԸ ԿԽԹԱՆԻ ԳՅՈՒՂԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Վերջին երկուսուկես տասնամյակում բարեգործությունը հազարավոր սփյուռաքահայերի համար դարձավ առաքելություն, կենսաձև։

Շնորհիվ համայն հայության՝ Արցախում կյանքի կոչվեցին կրթօջախներ, հիվանդանոցներ, նախակրթարաններ, մշակույթի օջախներ, կենսական նշանակության շատ այլ օբյեկտներ։

Նման մեկ կարևոր օջախ՝ մշակույթի տուն Մարտակերտի շրջանի Մեծ շեն համայնքում, կառուցվում է հայաստանաբնակ մեծշենցի, երջանկահիշատակ Կառլեն Եսայանի ընտանիքի ֆինանսական միջոցներով։  Շինարարական աշխատանքներն սկսվել են 2015 թվականին և արդեն մոտ են ավարտին։ Երկհարկանի տիպային շինությունում տեղակայված կլինեն դահլիճը՝ բեմահարթակով, հանդերձասրահը, դասասենյակները, գրադարանն՝ ընթերցասրահով, երիտասարդների համար նախատեսված հավաքատեղին կամ ժամանցի վայրը։ Մեծ շենի համայնքի ղեկավար Սլավա Խուրշուդյանի խոսքով՝ կենտրոնը հնարավորություն կտա աշխուժացնել գյուղի մշակութային կյանքը։ 

Հարկ է նշել, որ դա առաջին և միակ բարեգործությունը չէ Եսայանների ընտանիքի կողմից Մեծ շեն համայնքին. մինչ այդ նշված բարերարի միջոցներով հիմնանորոգվել է գյուղի դպրոցը, կառուցվել  եկեղեցի, ինչպես նաև հուշահամալիր՝ Մեծ Հայրենականի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին։ Եվ դա դեռևս ամենը չէ. համայնքում ծնված յուրաքանչյուր երեխայի համար Եսայանների ընտանիքը 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով նվիրատվություն է կատարում։ 

ԼՂՀ քաղաքաշինության նախարարության մամլո ծառայության տեղեկացմամբ՝ շինարարությունն իրականացնում է ՙԵվրոստրոյ՚ ՍՊԸ-ն, վերահսկողությունը՝ Քաղաքաշինության նախարարությունը։

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ