[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵԾ ՔԱՐԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ

 

 

 

Հանդիպումը եղավ Մեծ քարի հայացքի ներքո, ինչպես ամեն-ամենն այն, ինչ կատարվում է Արփագետիկ, այժմ արդեն՝ Քարինգ գյուղում:

Դպրոցական շենքը բնակելի նորակառույցներից մեկն է՝ չորսսենյականոց, բոլոր հարմարություններով, էլ չենք խոսում այն մասին, որ լեռան գագաթից բխող  Քարաղբյուրի ջուրը քաշվել-բերվել է, և թե՜ դպրոցը, թե՜ ցանկացած բնակարան օգտվում են նրանից, թեև, ասենք, որ լեռան լանջին ծվարած այդ հինավուրց ու նոր շենը խմելու ջրի կարիք երբևէ չի էլ զգացել, քանի որ այնտեղ ՙամեն մի թփից աղբյուր է հոսում՚: 

Բանաստեղծ Վարդան Հակոբյանի հետ հանդիպումը սովորական չէր այն  առումով, որ համագյուղացիները նրա առաջ բացեցին իրենց հետաքրքրող ոչ միայն կրթական-մշակութային, այլև սոցիալ-տնտեսական և քաղաքական (հիմա հայկական ոչ մի գյուղում առանց դրան չի լինի) հարցերի հարուստ ՙբոխչան՚: Արցախի նորաստեղծ պետությունն այստեղ անհրաժեշտ ներդրումներ է կատարել, կառուցել բնակելի նոր տներ: Ամենակարևորը՝ գյուղը  փրկվել է վերջնական կործանումից: Մեծ առաքելություն ունի նաև այստեղով անցնող ճանապարհը, որն այժմ անհամեմատ  բարվոք վիճակում է և  շրջկենտրոն ու  հանրապետության մայրաքաղաք տանող ուղիներ ունի: Արցախը մայր Հայաստանին կապող ամենակարճ ճանապարհը ևս Քարինգով է անցնում: Ճիշտ է, այդ ճանապարհները ասֆալտապատ չեն, բայց բարվոք ու բանուկ են: Սակայն գյուղացիների գլխավոր խնդիրն այն է, որ թե՜ գյուղը, թե՜ գյուղի դպրոցը հարևան Խծաբերդի ՙտնօրինության տակ՚ են, պետք է ինքնուրույն միավորներ դառնան, ՙմասնաճյուղային վերաբերմունքը՚ հնարավորություն չի տալիս, որ գյուղն աճի, բնակիչները գալիս են, մեկ-երկու տարի հետո ստիպված լքում եզերքը: ՙԵթե մենք ունենայինք մեր գյուղապետը,-ասում է յոթ զավակի հայր Գևորգ Բագրատյանը,-մեր բոլոր խնդիրները նա, հնարավորության սահմաններում, կհամակարգեր, կհոգար մեր մասին, կմտածեր գյուղը գյուղ պահելու հարցի շուրջ։ Մենակ դա չէ, հարցերը շատ են՚: Ըստ տեղաբնակների՝ որպեսզի գյուղը զարգանա, բնակիչներն ավելանան, շենանա բնակավայրը, պետք է մշակված ծրագրով  առաջնորդվել։  Այս գյուղն Արցախյան պատերազմում բազմաթիվ զոհեր է տվել, որ ապրի, հարատևի... հարկավոր է ամեն ինչ անել, որ նրանց թափած արյունը զուր չկորչի, որ երեխաներ ծնվեն, որ կյանք լինի այս շենում: ՙՇենը որն է,- իր կարծիքն է բարձրաձայնում դպրոցի տնօրեն Նարինե Ալեքսանյանը,- աննման դրախտավայր է: Բայց... ՙբայցերը՚ շատ են: Ելնելով իրադրությունից և պայմաններից՝ մենք գտնում ենք, որ դպրոցում երեխաները պիտի անցնեն մեղվաբուծություն առարկան, կրթություն ստանալուց հետո էլ կկապվեն գյուղին ու կմնան այստեղ: Այդ առարկան Հայաստանի շատ դպրոցներում անցնում են, արդյունքներն էլ գոհացուցիչ են: Պետք է անհատական մոտեցում ցուցաբերենք ցանկացած հարց լուծելիս՚: Ի դեպ, ասենք, որ դպրոցը ձևավորված է բավականին գեղեցիկ,  գործիմացաբար, արվել է հնարավորը, որ ուսումնական պարապմունքներն այստեղ ընթանան պատշաճ մակարդակով: Չլուծված պրոբլեմներն, անշուշտ, շատ են:  Եվ եթե ինտերնետային կապ ունենալու մասին են խոսում քարինգցիները, դա արդեն ինքնին առաջընթացի մասին է վկայում: 

Վարդան Հակոբյանը խոստացավ, որ իրավասու կազմակերպությունների միջոցով, ուժերի ներածին չափով ընթացք կտա գյուղացիների կողմից բարձրացված խնդիրների լուծմանը: ՙՄեր արտադրած մթերքների իրացումը,-ասում է սպիտակաշենցի Անոն,-նույնպես կարևոր է: Բացի դրանից, մեր երկու գյուղերը մի բուժկետ էլ չունեն, սա ներելի չէ: Էլ չեմ խոսում այն մասին, որ գյուղում մեծ թվով անասուններ են պահվում, բայց գոնե  անասնաբույժի կես  հաստիք չունենք, ուստի  հաճախ անասնագլխաքանակի կորուստներ ենք տալիս՚։

Ունկնդիրների թիվը մեծ չէր, փոքր էր ՙդահլիճը՚,  սակայն կար փոխըմբռնում: Գյուղի բնակիչների թիվն աճելու ներուժ ունի: Ալպիական արոտավայրեր ու խոտհարքի լայնարձակ տարածքներ կան այստեղ, ասել է թե՝ անասնապահության ու հողագործության համար եզակի հնարավորություններ ունի Քարինգը: ՙԴիմել եմ, որ վարկ վերցնեմ,-ասում է Արայիկը,-բայց մինչև հիմա ԼՂՀ գյուղնախարարությունը չի արձագանքում՚: Քարինգը՝  լինելով Արցախի ամենածայրամասային ու հեռավոր  բնակավայրը, անշուշտ, պետք է հատուկ վերաբերմունքի արժանանա պետության կողմից, օգտվի մի շարք արտոնություններից: Այլապես երկրի հողերի մի զգալի մասը, ուր շատ հարստություններ կան, մնում է բարցիթող ու անօգտագործելի, որը աններելի է: ՙԻնձ համար այստեղ ամեն ինչ հարազատ է, ես այստեղ եմ ծնվել-մեծացել, նախնական կրթություն ստացել: Այս գյուղի առաջին դպրոցի հիմնադիրն իմ մանկավարժ հայրն է եղել՝ Սարգիս Հակոբյանը: Այս եզերքներում, ձորից մինչև սարագագաթ, խոտերը հիմքից թրաշելով՝ գնացել է հորս գերանդին... Գյուղում, թե շրջակա ծմակներում բերքատու ծառ չկա, որի վրա հայրս պատվաստ չունենա... Ինքն էլ պատվաստվեց մեր հանդ ու սարին, մեր հող ու ջրին ու չգնաց, մնաց հայրս, ավելի շատ՝ երեխաների մեջ, գիր ու տառի,  դպրոցական զանգի մեջ: Հիմա ամեն քար ու թփի դիպչելիս, թվում է, հոր ու մոր, նախնիների  ջերմությունն եմ զգում... Եվ գյուղում նրա հիշատակին կանգնեցված հուշարձան-խաչքարը, նրա ձեռքով տնկված այգիները նրա շունչն  իրենց մեջ պահում են դեռ... Բայց ամենակարևորը՝ այդ շնչին շունչ տվողները դուք եք, այն մարդիկ, որոնց շնորհիվ գյուղը շեն է մնում՚:

Հանդիպում-զրույցն անցավ կլոր սեղանի շուրջ, այն բովանդակալից էր ու, մանավանդ, տնական ջերմություն ուներ, ամեն մեկն իր սրտի խոսքն էր ասում, ներկայացնում գյուղի վաղվա իր տեսլականը: 

 

 

Հանդիպում Վարդան Հակոբյանի հետ

Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ

Սարգիս ՀԱԿՈԲՅԱՆ

գ. Քարինգ