[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 

 

Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի (ՄՄՀ) և ՙԱրցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում՚ ՀԿ¬ի աջակցությամբ կրթօջախի նիստերի դահլիճում հուլիսի 5-ին կայացան ՙՀայկական գիտական համագործակցություն՚ (ArmScoop) կազմակերպության գործունեության շնորհանդեսը ու նաև սեմինար՝ ՙԻնչպես զարգացնել կրթությունը և գիտությունը Արցախում՚ թեմայով։

ArmScoop-ը համացանցի միջոցով տալիս է տեղեկատվություններ (անվճար կամ նվազագույն վճարով) միջազգային մակարդակի ժամանակակից կրթություն ստանալու եղանակների, մասնագիտական վերապատրաստման և, ընդհանրապես՝ կրթական, գիտական զարգացմամբ զբաղվելու հնարավորությունների վերաբերյալ։ Ներկա էին նախօրոք հայտագրված տարբեր մասնագիտությունների տեր երիտասարդներ, ուսանողներ։ 

Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման հիմնադիր Ավետիք Հարությունյանը ներկայացրեց ArmScoop¬ի համանախագահներ Սամսոն Հովհաննիսյանին, Վարուժան Գեղամյանին և Արմեն Մարտիրոսյանին, ովքեր մտադրվել են Արցախում ներկայացնել իրենց գործունեության հիմնարար նպատակները՝ ուղղված Հայաստանում և Արցախում գիտության հանրայնացմանը։ Կազմակերպությունը հայկական վիրտուալ գիտակրթական աշխարհում հիմնադրվել է 2010թ.։ Հիմնական նպատակն է իրականացնել ոչ միայն հայաստանյան, այլև համահայկական կրթական և գիտական ներուժի զարգացմանն ուղղված գործունեություն՝ տեղեկատվական, հետազոտական, կազմակերպական և խորհրդատվական եղանակներով։ Հայկական գիտական համագործակցության գիտակրթական կազմակերպության Arm.Scoop.com կայքէջը գիտակրթական  հարթակ ու ցանց է ակադեմիական, կրթաթոշակային, դրամաշնորհային և աշխատանքային հայտարարությունների, գիտակրթական միջոցառումների տարածման, ինչպես նաև գիտական հոդվածների, աշխատությունների և հանդեսների հանրայնացման համար։ Տարիների ընթացքում ArmScoop-ի թիմն ընդլայնել է իր կազմն ու գործունեությունը։ Համառ աշխատանքի և նորարարական գաղափարներին շնորհիվ կազմակերպությունը ոչ միայն ՀՀ-ում, այլև տարածաշրջանում տրամադրվող ծառայությունների որակով և ծավալով առաջատար դիրքերում է։ Համագործակցել է մի քանի տասնյակ հայաստանյան և արտասահմանյան պետական և մասնավոր կազմակերպությունների հետ, աջակցել բազմաթիվ հասարակական կազմակերպությունների նախաձեռնությունների, սովորեցրել ոլորտի ամենաարդիական մոտեցումները։ 

Պատրաստ լինելով նոր համագործակցությունների և ծրագրերի՝ գիտակրթական կազմակերպության համանախագահներն Արցախում պարզաբանեցին միջազգային ու տեղական կրթաթոշակային ծրագրերի ու դրանց դիմելու հնարավորությունների, աշխարհի լավագույն համալսարանների կողմից անցկացվող անվճար, առցանց (online) դասընթացների և տարբեր ծրագրերի հնարավորությունների մասին։ Սամսոն Հովհաննիսյանի խոսքով՝ կազմակերպությունը մտադիր է մտնել արտասահմանյան երկրների կրթական շուկա, միաժամանակ ներկայացնել տեղական կրթական ներուժը և որոշակի ծրագրեր նախագծել, որպեսզի Հայաստանի կրթական դաշտը նույնպես քննարկվի և հասանելի լինի արտասահմանցիներին։ Տարաբնույթ գիտակրթական ծրագրերը միտված են հասարակության լայն շրջանակներին հանրամատչելի դարձնել աշխարհում առկա բոլոր ռեսուրսները և դրան զուգահեռ՝ տեղեկատվությունն օգտագործել ըստ   լսարանի։ ՙՄենք ունենք նաև առցանց գրադարան, որտեղ հավաքում ենք համացանցում եղած բոլոր գիտական հանդեսները, գրքերը, հոդվածները, որոնք հաճախ վաճառքում չեն լինում, և համակարգելով՝ հասանելի ենք դարձնում հազարավոր օգտատերերի։ Արցախում առաջին անգամ ենք նման ձևաչափով ներկայացնում մեր ծրագրերը, բայց տեղի երիտասարդների հետ վաղուց կապեր ենք հաստատել և փորձել համատեղ իրականացնել տարբեր ծրագրեր։ Այս այցի նպատակներից է ընդլայնել մեր համագործակցության դաշտը և գտնել նոր եզրեր՚,- ասաց Ս. Հովհաննիսյանը։ Իր հերթին Ա. Հարությունյանը հավաստեց, որ նշյալ կազմակերպության ներկայացուցիչներն իրենց լավագույն գործընկերներն են, և հուսով է, որ ճանաչողական, տեղեկատվական այս այցը մեծ բազա կհանդիսանա ՀՀ և ԼՂՀ գիտակրթական տարբեր բնույթի ծրագրերի իրականացման համար։ 

Անդրադառնալով ուսումնառության իր անձնական փորձին՝ Վարուժան Գեղամյանը նշեց, որ, լինելով համակիրների թիմ, փորձել են ձեռք բերած գիտելիքները փոխանցել մյուսներին, որպեսզի երիտասարդները լայն հնարավորություններ ունենան աշխարհի լավագույն գիտակրթարաններից ստանալու որակյալ կրթություն, ինչը կնպաստի նաև մեր պետականության զարգացմանը։ Կազմակերպության պատասխանատուները մի քանի անգամ ստուգում են համացանցում տեղադրված տեղեկատվությունները և փորձում օգտատերերին մատուցել առավել արդյունավետ կրթական ծրագրերը։ Բացի դրանից, նրանք իրականացնում են գիտական, հատկապես հայագիտական գրականության թվայնացում և հրապարակում, համացանցում հայատառ գիտական բովանդակության զարգացմանն ուղղված գործունեություն՝ խթանելով գիտության հանդեպ հետաքրքրության և վարկանիշի բարձրացումը։ 

Շնորհանդեսին պարզաբանվեցին համացանցային գիտակրթական ծրագրերից օգտվելու նրբությունները։ Ներկայացվեցին նաև մի շարք կայքէջեր, որոնց օգնությամբ կարելի է ձեռք բերել անհրաժեշտ տեղեկատվություն։ Կրթական այդ սոցցանցերը յուրատեսակ վիրտուալ գիտական հարթակ են ժամանակակից հարցերի քննարկման և լավագույն կրթություն ստանալու համար։ Ներկայացված՝ ArmScoop և մյուս գիտական ցանցերի անդամներ են հանդիսանում ուսանողներ, դասախոսներ, երիտասարդ գիտնականներ և գիտական ու կրթական ծրագրերով հետաքրքրվող անձինք։ 2012 թվականից կազմակերպությունն իրականացնում է մի շարք միջնաժամկետ և երկարաժամկետ մասնագիտական դասընթացների և խորհրդատվության, հայագիտական ամենամյա ամառային դպրոցների և գիտարշավների, հումանիտար և սոցիալական գիտությունների հիմնարար աշխատանքների թարգմանության և հանրայնացման, գիտաժողովների և սեմինարների նախագծեր։ Ու քանի որ կազմակերպության ռազմավարությունը արդյունավետ շփումներն են, ուստի նրանք պատրաստ են իրենց նպատակների իրականացմանը նպաստող ցանկացած համագործակցության։