[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԱՄԱԼՐՈՒՄ ԿԱ

Հետևում են մնացել բուհական ընդունելության քննությունները. հուլիսի 10-15-ը անց են կացվել հիմնական, իսկ 15-20-ը`  ըստ մասնագիտությունների թափուր տեղերի համար լրացուցիչ մրցույթները: Բոլոր բուհերում փակցվել են Հանրապետական ընդունող  հանձնաժղովի նախագահի կողմից հաստատված`  ընդունված դիմորդների ցուցակները: Մրցույթի  շուրջ զրուցեցինք ԼՂՀ գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն, Հանրապետական ընդունող հանձնաժողովի անդամ Յուրի ՔԱՐԱՄՅԱՆԻ հետ:

 Նրա տեղեկատվությամբ` Արցախի պետական համալսարան ընդունվելու համար դիմել էր  630 դիմորդ, Շուշիի տեխնոլոգիական համալսարան` 51, ՙԳրիգոր Նարեկացի՚ պետհավատարմագրված  համալսարան` 7, ՙՄեսրոպ Մաշտոց՚`13, ՙԳյուրջյան կիրառական արվեստի ինստիտուտ՚` 8, ՀՀ բուհեր, որոնց մրցույթն անց է կացվում ԼՂՀ-ում` 119, իսկ որոնց մրցույթը`  Հայաստանում` 40, ռազմական համալսարաններ` 45 դիմորդ:

Հիմնական և լրացուցիչ փուլերի արդյունքներով` ԱրՊՀ  ընդունվել է 489 դիմորդ, որից  191-ը` անվճար, Շուշիի տեխնոլոգիական համալսարան` 78¬ը, որից 21-ը` անվճար, ՙԳրիգոր Նարեկացի՚` 6, ՙՄեսրոպ Մաշտոց՚` 4, ՙԳյուրջյան՚ ինստիտուտ`  7,  ՀՀ բուհեր, որոնց մրցույթն անց է կացվել ԼՂՀ-ում` 78, որից 37-ը` անվճար և 22-ը` վճարովի` աստղանիշով    (ընդունվել են վճարովի համակարգ, բայց նրանց ուսման վճարը փոխհատուցելու է ԼՂՀ կառավարությունը):

Այսպիսով`  ռազմական համալսարաններով հանդերձ`  բոլոր ընդունվածների քանակը 692 է, որից 272-ը` անվճար (39 տոկոս): Այս տարի ունեցել ենք 1375 շրջանավարտ, մոտ  50 տոկոսը դարձել է բուհերի առկա համակարգի ուսանող: Դիմորդների քանակը 878 էր, նրանցից 114-ին չի հաջողվել ընդունվել բուհերի  առկա համակարգ:  

Այն հարցին,  թե որտեղ է մրցույթը մեծ եղել, Յու. Քարամյանը պատասխանեց, որ ինչպես միշտ, միասնական քննություններից բարձր միավորներ հավաքած շրջանավարտները դիմել են տնտեսագիտական բլոկի մասնագիտություններ,  հաջորդները իրավագիտությունն են, օտար լեզուն: Այս տարի մեծ թվով դիմորդներ դիմել էին  հայոց լեզու և գրականություն  մասնագիտության համար: Յու. Քարամյանի խոսքով` դրանում իր դերն է ունեցել այն հանգամանքը,  որ դիմորդները հայոց պատմություն առարկայից քննության փոխարեն  կարող էին փոխանցել ատեստատի` պետական ավարտական մասի գնահատականը    (վճարովի համակարգի համար): Ուրախալի է նաև, որ ֆիզիկա, մաթեմատիկա մանկավարժական մասնագիտություններում կա համալրում: Ցավոք, դեռևս վատ է  վիճակը քիմիայից, մեկ հոգի է ընդամենն ընդունվել և  խումբ չի ձևավորվել:

Այս տարի ԱրՊՀ մասնագիտությունների ցանկում  գերակշռում է մանկավարժականը: Բավարար  չափով համալրվել են նախադպրոցական կրթություն և մեթոդիկա  (22 հոգի), տարրական մանկավարժության  մեթոդիկա (30 հոգի) մասնագիտությունները: Անցյալ տարվա համեմատ ավելացել են  կենսաբանություն, աշխարհագրություն մասնագիտություններ ընդունվածները, չնայած ընդհանուր հաշվով ԱրՊՀ-ում  նախատեսված տեղերը չեն լրացվել: 

Արցախի մայր բուհում նախատեսված էր 610 տեղ, որից 200-ը` անվճար: Ընդունվել է  489 հոգի, որից 191-ը` անվճար: Բայց չնայած  մի քանի մասնագիտություններ մայր բուհից տեղափոխել են Շուշիի տեխնոլոգիական համալսարան, այնուամենայնիվ,  այս տարի ԱրՊՀ ավելի շատ դիմորդներ են ընդունվել: 

Սպասվածից քիչ դիմորդ է հավաքել Շուշիի տեխնոլոգիական համալսարանը, որում ներառված են նաև ագրարային մասնագիտությունները: Նախատեսված էր 415 տեղ, որից 140-ը` անվճար: Բայց ընդունվել է  80 հոգի: Անգամ դեր չի խաղացել արտոնությունը, ըստ որի՝ 5 մասնագիտությամբ հնարավոր է եղել ընդունվել անվճար համակարգ միայն ատեստատի գնահատականներով: Այստեղ շատ կարևոր, պահանջված մասնագիտւթյուններ կան ԼՂՀ տնտեսության համար, բայց,  չգիտես ինչու,  դիմորդներին չեն գրավել: Յու. Քարամյանի կարծիքով`  պակասում է  գովազդը. միայն հեռուստատեսությամբ դա անելը քիչ է,  պետք է դպրոցներում մեծ աշխատանք տանել, նաև` ծնողների շրջանում, նրանց բացատրել, որ այնտեղ  պահանջարկ ունեցող  մասնագիտություններ կան:  Հաշվի առնելով, որ բուհը նոր է,  առաջին տարին է ընդունելություն կազմակերպում, Յու. Քարամյանը  վիճակը բավարար  համարեց` ասելով նաև, որ  հաջորդ տարիներին պետք է այդ ուղղությամբ աշխատել: 

ՀՀ բուհերում Արցախին հատկացված էր 87 տեղ, որից 60-ը ` անվճար: Հիմնականում տեղերը զբաղեցվել են,  բացի մի քանի մասնագիտություններից, որոնց տեղերը, թափուր մնալով, հատկացվել են ուրիշ` մրցույթ ունեցող մասնագիտությունների: Տեղեր են ավելացվել  վճարովի համակարգում: Խրախուսվել են բարձր միավորներ ստացած դիմորդները: Կան այնպիսիք, որ  3 քննությունից հավաքել են  56 միավոր, նրանք պետք է վճարովի համակարգում սովորեն, սակայն անվճար  թափուր տեղերի հաշվին նմաններն ընդունվել են անվճար համակարգ: Ինչպես նշեցինք, ՀՀ  բուհերում նախատեսվածից ավել ընդունվել է 22 դիմորդ՝ վճարովի (աստղանիշով)։ Հաշվի  է առնվել այն հանգամանքը, որ նրանք ստացել են  բարձր միավորներ, կամ  ՊԲ  գործող սպաների երեխաներ են, իսկ Երևանի Հերացու անվան բժշկական համալսարան ավել ընդունվածները  գյուղական բնակավայրերից եկածներ են, խրախուսվել են այն պայմանով, որ ավարտելուց հետո կաշխատեն իրենց բնակավայրերում:  

Այս քննաշրջանի որակական կողմերն առանձնանշելով` Յու. Քարամյանն ընդգծեց  տեխնիկական առարկաների գծով մանկավարժական մասնագիտությունների  (բացի քիմիայից) համալրումը, որոնք մեր դպրոցներում պակասում են, ինչպես նաև բարձր միավորներով դիմորդների քանակը:  Նախորդ տարվա համեմատ 3-4 տոկոսով նվազել է ՙանբավարար՚-ների, աճել ՙգերազանց՚-ների  քանակը: Որոշ մասնագիտություններում առկա է ՙգերազանց՚-ների 2-3 անգամ աճ: Յու.  Քարամյանն ուրախալի է համարում նաև այն հանգամանքը, որ բարձր միավորներով դիմորդները, չհաշված ՙԲուժական գործը՚, նախընտրել են  սովորել ԱրՊՀ-ում: Այստեղ ընդունվել է դիմորդ, որը 3 քննությունից վաստակել է առավելագույն 60 միավոր  (հաշվապահական հաշվառում), անգլերեն լեզու մասնագիտությունում դիմորդներ կան, որ երկու քննությունից ստացել են  39,75 միավոր, մի քանի հոգի` 39,5 միավոր: 

Հայոց լեզու և գրականություն մասնագիտությունում  առաջվա նման  վիճակը վատ չէ, դիմորդները բավարար մակարդակ են ցուցաբերել: 20 հոգի ընդունվել է  2 միասնական քննությամբ: 

Ֆիզմաթ դպրոցից շրջանավարտներ կան, որ ընտրել են ֆիզիկա և  մաթեմատիկա` ապագա մանկավարժի մասնագիտությունները:

Յու. Քարամյանը տեղեկացրեց, որ հուլիսի 25-ից բուհերում սկսված է հեռակայի ընդունելության փաստաթղթերի ընդունումը: 

Միասնական քննություններ հանձնած  դիմորդները պահպանում են իրենց քննությունների արդյունքները: Եթե միավորները չեն հերիքում որևէ առարկայից, դիմորդները կարող են նախընտրած բուհում հանձնել քննություն։  Մրցույթը կազմակեպում է տվյալ  բուհը: 

 

Սվետլանա    ԽԱՉԱՏՐՅԱՆ