“СЕГОДНЯ НОЧЬЮ” ՌՈՔ-ԽՄԲԻ ԹԵԺ ՀԱՄԵՐԳԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ
Օգոստոսի 2-ին Ստեփանակերտը հեռավոր Սանկտ Պետերբուրգից հյուրեր էր ընդունում` “СЕГОДНЯ НОЧЬЮ” ռոք-խմբի երաժիշտներին և ռուս հայտնի հրապարակախոս-քաղաքագետ Դենիս Դվորնիկովին:
Մինչ երաժիշտները ծանոթանում էին քաղաքի հետ, պատրաստվում առաջիկա համերգին, ստեփանակերտցի ռոք-երաժշտության երկրպագուները, ունկնդրելով “Youtube” համացանցային կայքէջում խմբի ձայնագրությունները, զանգում էին իրար, ծանուցում իրադարձության մասին` ակնակալելով հետաքրքիր հանդիպում ռուս լավագույն ռոք-երաժիշտների հետ:
Օգոստոսի 3-ին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում էլ կայացավ երկար սպասված համերգը: Զարմանալի չէր, որ, ինչպես ասում են, ասեղ քցելու տեղ չկար: Ինչպես բեմից խոստովանեց երգիչ, կիթառահար, խմբի ղեկավար Նիկիտա Կոզլովը, նրա ընկեր և այս համերգի կազմակերպիչ Դենիս Դվորնիկովն այդպես էլ կանխագուշակում էր` համերգը, չնայած դժվարություններին, կկայանա բարեկամներով լի դահլիճում: Նրա շապիկի վրա, որ հպարտությամբ ցույց էր տալիս հանդիսատեսին, այդպես էլ գրված էր` “Быть концерту”։
Հմտավարժությունը, թեթև ու ազատ կատարումը, դրայվը` ահա թե ինչն էր անչափ ոգևորում մայրաքաղաքի ռոք-երաժշտությունը գնահատողներին:
Մթնոլորտը դահլիճում գնալով շիկանում էր, ինչպես և պետք է լինի իսկական ռոք-համերգի ժամանակ: Արժեր միայն, որ կախարդական փայտիկի զորությամբ դահլիճի պատերն ընդլայնվեին, որպեսզի ընդարձակվեր արդեն պարող հանդիսատեսների տեղը։ Ինքնամոռաց տրվել ռոք-երաժշտության թեժ հոսքին. հանդիսատեսը պատրաստ էր կամ արդեն իսկ այդ իրավիճակում էր. իսկ խմբին հաջողվեց հասնել այդչափ բարձր լարվածության: “Долгая дорога в дюймах” կոմպոզիցիայի ժամանակ հարվածայինների առջև նստեց ինքը` Դենիս Դվորնիկովը, մթնոլորտն էլ ավելի շիկացավ: Լիարժեք համընկալումը, որ հենց առաջին ելույթներից տիրեց դահլիճում, չզարմացրեց երաժիշտներին:
Կանխագուշակելով քաղաքի, մարդկանց մասին լրագրողների ավանդական հարցերը (նրանք առաջին անգամ էին մեր երկրում), Նիկիտա Կոզլովը բեմից ընդհանրացրեց օրվա իրենց տպավորությունները. ՙՕրվա ընթացքում զբոսնելով քաղաքում, շփվելով մարդկանց հետ, միանգամից զգացինք, որ մենք ազատ երկրում ենք: Մարդիկ այստեղ գեղեցիկ են, հանգիստ, բարյացակամ, արժանապատիվ՚:
Ջերմաստիճանը անշեղորեն վեր էր բարձրանում: Ամենաանմիջական հանդիսատեսների` երեխաների համար անցումները չէին բավարարում, և նրանք թռան բեմ ու սկսեցին ինքնամոռաց պարել՝ հուրախություն երաժիշտների և հանդիսատեսի:
Շնորհակալություն երաժիշտներին, կազմակերպիչներին, ամբողջ աշխարհի էնտուզիաստներին, ովքեր համերգի կազմակերպման համար հավաքել են պահանջվող գումարը, ԼՂՀ մշակույթի և երիտասրադության հարցերի նախարարությանը, որոնց միացյալ ուժերով “Быть концерту” (ՙՀամերգը կլինի՚) կարգախոսը կյանքի կոչվեց: Խումբն իրոք անմոռաց երեկո պարգևեց ռոք-երաժշտության երկրպագուներին, կատարելով իրենց հանրաճանաչ հիթերը, բարձրացնելով էմոցիաների փոթորիկ և խոստանալով ևս մեկ անգամ այցելել իրենց կողմից միանգամից սիրված այս քաղաքը, չնայած այն բանին, որ ինչ-որ մեկին ինչ-որ տեղ` հարևանությամբ, դուր չի գա…
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ